вторник, 8 января 2019 г.

Նիկոլ Փաշինյանի թիմը անցավ սահմանագիծը․ սխալվելու լիմիտը սպառված է

 

  • Հեղինակ՝ Սարգիս Արծրունի
Մեկ շաբաթ հետո տեղի է ունենալու նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը պետք է ձևավորի ԱԺ նոր ղեկավարություն։ Հունվարի 14-ին կվերանշանակվի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի օրերի ընթացքում Հայաստանի նախագահին կներկայացնի կառավարության կազմը։
Հունվարի 14-ը սահմանագծային օր է, որն, ըստ էության, եզրափակում է հետհեղափոխական անցումային փուլը, որի ընթացում հասարակությունը, մեծ հաշվով, աչք փակեց կառավարության մեծ ու փոքր ձախողումների վրա՝ ամրապնդելու համար այն ստատուս-քվոն, որը բազմահազար քաղաքացիների պայքարի շնորհիվ հաստատվել էր անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին։
Հունվարի 14-ից հետո Հայաստանի հասարակությունը դառնալու է պահանջատեր՝ իր ձևավորած կառավարությունից ակնկալելով հեղափոխության, այսպես ասած, նյութականացում։ Մյուս կողմից՝ այլևս չեն աշխատելու այն իրական կամ մատուցվող քարոզչական թեզերը, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանի թիմը անցած ամիսներին բացատրում էր կոնկրետ արդյունքների բացակայությունը։
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները դարձան վերջին ակորդը, որով Հայաստանում ազդարարվեց քրեաօլիգարխիկ համակարգի մահը, այլ խոսքով՝ հիմա կառավարությունը բացարձակ անկաշկանդ է ու այլևս չի կարող բարեփոխումների բացակայությունը բարդել հակահեղափոխական մեծամասնության կամ Ռոբերտ Քոչարյանի վրա։ Առաջինը հեռացված է իշխանության բոլոր մարմիններից, երկրորդն անազատության մեջ է, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունը տեղի չտա ռուսական քողարկված, սակայն հետևողական ճնշումներին։
Կառավարությունից այլևս պահանջվում է հետևողական աշխատանք, քաղաքական կամք, կադրային կրեատիվ լուծումներ. անցումային շրջանն այս առումով մասամբ կորսված է, ու տակավին ուրվագծված չեն նոր համակարգի նույնիսկ ընդհանուր գծերը։ Համակարգն ինքնին ավելին է, քան կադրային լուծումները. դա ենթադրում է կառավարման արդյունավետություն, նոր մոտեցումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի առկայություն, ի վերջո՝ այդ ամենը կյանքի կոչող թիմի գոյություն։
Հեղափոխության օրերին ու դրան հաջորդող ինն ամիսներին մենք չենք լսել հստակ քաղաքական ու տնտեսական ուղերձներ, ու այս իմաստով տակավին անհայտ է, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական հեղափոխությունը, որը 2019-ի համար առաջնահերթություն է հռչակվել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավաը շեշտը դրել էր օտարերկրյա ներդրումների ծավալի շեշտակի ավելացման վրա, սակայն ակնհայտ է, որ ներդրումները ոչ թե հանգեցնելու են հեղափոխության, այլ ավելի շուտ լինելու են դրա հետևանքներից մեկը։
Միայն խորհրդարանական ընտրությունների որակը չի կարող դառնալ օտարերկրյա ներդրումների խթան, որովհետև տակավին անհայտ է, թե ինչպիսի բովանդակություն են ունենալու Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերը։
Խորհրդարանական սահմանադրական մեծամասնությունը երկակի ընկալում կարող է ունենալ։ Դա մի կողմից՝ կարող է նպաստել քաղաքական կայունությանը, կանխատեսելի խաղի կանոնների հաստատմանը, բարեփոխումների համար օրենսդրական բազայի ապահովմանը, մյուս կողմից՝ իր ամորֆ, քաղաքական առումով դժգույն բովանդակությամբ կարող է ավտորիտար կառավարման ռիսկեր ծնել։ Համենայնդեպս, եթե ընդունենք, որ Երևանի ավագանին նոր ձևավորված խորհրդարանի մանրակերտն է, ապա վիճակն ավելի շատ մտահոգիչ է, քան հուսադրող. 82%-անոց մեծամասնությունը ոչ թե նպաստել է արդյունավետ կառավարմանը, այլ դարձել է վահան, որի հետևում քողարկվում է ակնհայտորեն անգործունակ քաղաքային իշխանությունը։
Անցումային կառավարության շատ նախարարներ կամ մարզպետներ չեն հաջողել, սակայն շարունակելու են պաշտոնավարել նոր կառավարությունում, ինչը որոշակի մտահոգություններ արդեն ծնում է։ Հոռետեսական գնահատականներ չենք ուզում հնչեցնել, սակայն ակնկալում ենք, որ նոր կաբինետի ծրագիրը կսահմանի այնպիսի նշաձողեր, որոնք տեղ չեն թողնի յուրայինների դիլետանտիզմը հանդուրժելու համար։
Անցումային շրջանն ավարտվել է. եթե դիլետանտիզմը հանդուրժվի անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա չի հանդուրժվելու պահանջատեր դարձող հասարակության կողմից։
Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը անցավ սահմանագիծը. սխալվելու լիմիտը սպառված է։

Комментариев нет:

Отправить комментарий