пятница, 11 января 2019 г.

Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ովքեր և ինչ խորհուրդ են տալիս Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը շտապել է «Ֆեյսբուքի» միջոցով ավետել ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ՝ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Ապա ավելացրել է. «Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծն իրոք մտահոգիչ էր, բայց Կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»:
Բոլշևիկյան ագիտպրոպի ոգով աչքի ընկնող այս գրառումը նույն բոլշևիկյան ոճի թվային աճպարարությունն է պարունակում իր մեջ: Կամ էլ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել ու «պոդստավկա» արել իր երկու տասնյակի հասնող խորհրդականներն ու օգնականները:
Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Սպառողական գների ինդեքսի կամ, պարզ լեզվով ասած, գների աճի մի քանի թիվ: Ըստ այդմ՝ 2018թ.դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 101,8%: Սա էլ, երևի, հիմք է տվել Փաշինյանին հայտարարելու, որ նախորդ տարվա գնաճը կազմել է 1,8տոկոս (տեղեկանք. սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) եթե 100-ից բարձր է լինում, ապա այդ բարձրի չափով ստանում ենք գնաճը՝ ինֆլյացիան, իսկ եթե ՍԳԻ-ն 100-ից ցածր է, ապա ստանում ենք գնանկման տոկոսը՝ դեֆլյացիայի չափը):
Դատելով Փաշինյանի ֆեյսբուքյան ավետիսից՝ նա կա՛մ թվային աճպարարությամբ է զբաղված, կա՛մ չի տիրապետում վիճակագրական տվյալներից օգտվելու գիտելիքներին, կամ էլ նրան թյուրիմացության մեջ են գցել իր կողքինները:
Տարեկան գնաճի ամբողջական պատկերը ստանալու համար պետք է համեմատել տարին տարվա հետ, այլ ոչ թե ամիսը ամսվա: Նախորդ տարվա դեկտեմբերի համար, 2017-ի դեկտեմբերի համեմատ, ԱՎԾ-ն տալիս է 1,8-տոկոսանոց գնաճ, բայց նույն ԱՎԾ-ն մեկ այլ թիվ էլ է հրապարակել, ըստ որի՝ 2018-ին գնաճը, 2017-ի համեմատ, կազմել է 2,5 տոկոս: Այսինքն՝ 12 ամիսների հաշվարկով մենք պաշտոնապես ունենք ոչ թե 1,8 տոկոս, այլ 2,5 տոկոս գնաճ: 2,5-ն ավելի ընգրկուն պատկեր է տալիս, քանզի հունվար-դեկտեմբերն է ներառում:
Հարցը տվյալ դեպքում այդ 0,7 տոկոսի տարբերությունը չէ: Ֆորմալ առումով Փաշինյանը սխալ թիվ չի ներկայացրել: Պարզապես նա ներկայացրել է այն թիվը, որն ավելի ձեռնտու է քարոզչական տեսանկյունից, բայց որը չի արտացոլում իրականությունն ամբողջությամբ: Բովանդակությունը մղված է երկրորդ պլան:
Հարցը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանի մոտ գերակայում է քարոզչական էֆեկտը, ընդ որում՝ ոչ միայն վիճակագրական թվերը ներկայացնելիս: Այդ 0,7-տոկոսանոց շեղումը փոքրիկ դետալ է, բայց, ինչպես հայտնի է, սատանան դետալների մեջ է: Դետալներն են բացահայտում ամբողջի էությունը:
Ի դեպ, հետաքրքիր կլիներ տարվա ամփոփագրերում տեսնել, թե որքանով է 2018-ին ավելացել ոչխարների գլխաքանակը 2017-ի համեմատ: Ոչխարների թիվը ցույց կտա, թե ինչպես են արձագանքել ՀՀ հպարտ քաղաքացիները Փաշինյանի՝ ոչխար պահելու ռազմահայրենասիրական կոչին:
Պետրոս Ալեքսանյան




Աներձագս աներձագիդ վնաս չէ կամ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղին

Աներձագս աներձագիդ Õ¾Õ¶Õ¡Õ½ Õ¹Õ§ Õ¯Õ¡Õ´ Լֆիկ Սամոյի «Վարչապետ» օղինՀՀԿ-ից «Քաղաքացիական պայմանագրի»կողմն անցած Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ցանկացած սոցիոլոգից էլ լավ գիտի, թե ինչպիսի քաղաքական տրամադրություններ են տիրում հանրության աղքատ, բայց հպարտ քաղաքացիների շրջանում և ում են նրանք ընտրելու:
Լֆիկը գիտի իր հաճախորդների ճաշակը և այդ իսկ պատճառով ապրիլյան փառապանծ հեղափոխությունից հետո «ռասկրուտկա» էր անում «Դուխով» անունը կրող խմիչք, իսկ օրերս էլ բաց է թողել «Վարչապետ» օղին՝ Նիկոլ Փաշինյանի նկարով:
Լֆիկը Սերժին էլ էր քծնում, բայց նրա անունով օղի չէր ծախում, քանի որ գիտեր՝ չի՛ ծախվի: Իսկ ահա «Վարչապետը» կծախվի, հատկապես որ Նիկոլ Փաշինյանի նկարով է:
«Դուխով» օղիները հավանաբար ոգևորել են ՔՊԿ-ական սեփականատիրոջը ու նա անցել է «Վարչապետ» օղուն:
Օլիգարխ ՀՀԿ-ականից ՔՊԿ-ական սեփականատեր դարձած Ալեքսանյանն ի՞նչ իմանար, որ տարիներ առաջ, երբ իր կալվածք Մալթիա-Սեբաստիա համայնքում փչացնում էր Նիկոլ Փաշինյանին ու իր ԲՏՌ կնանիքին հարձակվել տալիս նույն այդ Նիկոլի վրա, այսօր նրա նկարով օղիներ է վաճառելու «սիթիներում»:
Ի՞նչ իմանար հպարտ քաղաքացի դարձած Լֆիկը, որ Երևանի այդ համայնքում աշխատելու է Նիկոլի աներձագի օգտին, որպեսզի վերջինս ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դառնա:
Երբ Տարոն Մարգարյանն էր իր աներձագին պատգամավոր դարձնում, դա վատ բան էր, իսկ ահա երբ Նիկոլ Փաշինյանն է նույնն անում, դա արդեն լավ բան է, քանզի պատգամավոր է դառնում ոչ թե սովորական աներձագ, ինչպիսին Տարոնինն էր, այլ ժողովրդի վարչապետի աներձագ, այսինքն՝ համարյա ժողովրդի աներձագ:
Մեկ այլ տարբերություն էլ կա: Տարոնի աներձագ Ռոբերտը չէր խոսում: Նա չխոսկան էր: Իսկ ահա ժողովրդի աներձագ Հրաչյա Հակոբյանը խոսում է: Ավելի ճիշտ՝ բլթացնում, բայց դա նորմալ է. ինչ-որ ձևով պե՞տք էր լրացնել Գալուստ Սահակյանի բացակայությունը: Թեև հանուն արդարության պետք է ասել, որ Գալուստը բլթացնում և շուլուխ էր անում գիտակցաբար, իսկ ահա Հրաչյայի մոտ ամեն ինչ բնական է ստացվում: Նա նիկոլենց տան Գիքորն է այն առումով, որ տան խոսակցությունները բլթացնում է և կարելի է ըստ այդմ իմանալ, թե ինչ կա չկա ոմանց մտքում:
Պետրոս Ալեքսանյան

Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ (տեսանյութ)

Խորհրդարանի նոր դեմքերը. աներձագ, զարմիկ, խնամի, ծանոթ, բարեկամ և վարորդ
Նախկինում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը պատգամավոր էր: Դա շատերի դուրը չէր գալիս: Եվ, իրոք, դուր գալու բան չէր դա:
Հետո Սարգսյանը որոշեց տնեցիներին պետական համակարգից հեռու պահելու ձևական կողմը պահպանել՝ Սաշիկին պատգամավոր չդարձնելով:
Ի դեպ, 1995-ից սկսած՝ մեր խորհրդարանները խնամիական, ծանոթ-բարեկամական, նույնիսկ՝ եղբայրափեսայական հավաքատեղի էին հիշեցնում: Նաև՝ պապաների բալաների հավաքատեղի:
Մի պահից սկսած՝ նույնիսկ սիրուհիներին էին մտցնում Ազգային ժողով:
Այդ երևույթը մերժելի էր և մարդիկ դուրս եկան փողոց, բայց ժամանակը ցույց տվեց, որ մերժվել էր ոչ թե երևույթը, այլ այդ երևույթի նախկին փայատերերը: Ասպարեզ եկան նորերը, որոնք շատ ավելի ցինիկ ու «նագլի» են ԽԾԲ-ի հարցում:
Ժողովրդական զարմիկը, «թավշյա» աներձագը և ոչ բռնի թիկնապահը
2018-ի գարնանը տեղի ունեցած քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ հայտարարվում էր, որ Սերժ Սարգսյանի հեռացմամբ վերջ կդրվի նաև ԽԾԲ-ին՝ խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմով պետական պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց:
Նորընտիր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» իշխող խմբակցության ցուցակով պատգամավոր են դարձել առավելապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:
Օրենսդիր գործունեությամբ կզբաղվեն Փաշինյանի ընտանիքի անդամները, նրա հետ քայլածները, նստածները, ասֆալտին պառկածները, ընկերները, ծանոթները, բարեկամները և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»:
Ներկայացնենք «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսին: Հրաչյա Հակոբյան (Նիկոլ Փաշինյանի աներձագն է), Սիփան Փաշինյան (Նիկոլ Փաշինյանի զարմիկն է), խմբակցության ղեկավար նշանակված Լիլիթ Մակունց (Նիկոլ Փաշինյանի անգլերենի դասատուն է եղել), խմբակցության քարտուղար նշանակված Հակոբ Սիմիդյան (հայտնի է որպես Փաշինյանի ու Քաղպայմանագիր կուսակցության վարորդ), Դավոյան Արփինե (Փաշինյանի օգնականն է եղել), Արտակ Մանուկյան (Փաշինյանի խորհրդականն է եղել), Նիկոլայ Բաղդասարյան(Փաշինյանի խորհրդականն է եղել), Հայկ Սարգսյան (Փաշինյանի թիկնապահն ու «թավշյա» օրերին նրա ջրի շիշը բռնողը), Վարազդատ Կարապետյան (Փաշինյանի խորհրդականն է եղել), Արեն Մկրտչյան (Փաշինյանի օգնականն է եղել), և այդպես շարունակ:
«Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնվածները եթե Փաշինյանի հետ ուղիղ ընկերաբարեկամական կապի մեջ չեն, ապա այդ կապն առնվազն անուղղակի է (ասենք՝ Փաշինյանի ընկերներից մեկի բանակի ընկերն է կամ «հայաթի» տղան):
Իսկ ընդհանուր առմամբ՝ ամբողջ «Իմ քայլը» դաշինքի 88 անդամները ներկայանում են մեկ դեմքով՝ Նիկոլ Փաշինյանի: Քանզի ընտրողների ճնշող մեծամասնությունն էյֆորիայի ազդեցության տակ իր քվեն տվել է ոչ թե «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց ճնշող մեծամասնությանը բացարձակապես չի ճանաչում, այլ անձամբ Փաշինյանին:
Ահա այսպիսի տեսք ունի «թավշյա» խորհրդարանը, որը գործելու է անկայունության ու ժամանակավորության կնիքների տակ:

Դու խաբվել ես, հպա՛րտ քաղաքացի

Դու խաբվել ես, հպա՛րտ քաղաքացի

Բազմաթիվ առիթներով Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին կարգել է վարչապետ, բայց, անհասկանալիորեն, մեզանից վարչապետավարի ապրում է միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը, իր նշանակածներից շատերը և ապրում են անխնա ճոխությամբ։
Ինչո՞ւ ենք սկսել հաշվել վարչապետի ապրելակերպը, որովհետև այն խստորեն անհամապատասխան է քաղաքացիների վիճակին և նախկինում իր տված խոստումներին՝ գազը ու հոսանքը կէժանանան, աշխատավարձերն ու թոշակները կկրկնապատկվեն, բյուջեն կավելանա, աշխատատեղեր կբացվեն, կամերաներն ու արագաչափերը կհանենք․․․ Դե, հիշում եք։
Նախատոնական օրերին հարցումներ էինք անում Երևանի փողոցներում, մեզ հատկապես հուզեցին Շենգավիթում հարցումները, երբ սոցիալական վիճակից խոսելիս մարդիկ լաց էին լինում, իսկ մի կին էլ ասաց, որ աղջիկն ինքնասպան է եղել սոցիալական վատ պայմանների պատճառով։ Դուք կասեք՝ Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքն է, մենք կասենք, որ նույն հարցումներն անում ենք 2014 թվականից ի վեր, բայց որևէ քաղաքացի տեսախցիկի առաջ լաց չի եղել սոցիալական պայմանների պատճառով։
Ամանորյա տոներին բոլորս էինք այցելում ընկեր-հարևան-բարեկամի տներ՝ մաղթանք հղելու։ Հատկապես գյուղերում այդ այցելությունների ժամանակ մի ցավալի բան նկատեցինք՝ գրեթե բոլորի տներում ցուրտ էր։ Գազը թանկ է ու դեռ թանկանալու է, չեն օգտագործում, շրջաններում անգամ գազի ջեռուցման համակարգն են վերափոխել փայտի, հոսանք չեն օգտագործում ջեռուցման նպատակով, արևային էներգիայի մասին խոսելն ավելորդ է։ Փայտի ու աթարի հույսին են։ Հնարավորությունները չի ներում փայտ շատ գնելու համար, ու ստիպված տնտեսում են։ Վառելիքն օգտագործում են երեկոյան մի երեք ժամ բնակարանը ջեռուցելու համար, մի մասն էլ շուտ է մտնում անկողին։ Դե, ինչպես 90-ականների սկզբներին։ Գրեթե բոլորը բողոքում էին սոցիալական վիճակից, ու միաբերան ասում՝ ոչ մի բան էլ չի փոխվել, դեռ մի բան էլ՝ ավելի վատ է։
Այ այդտեղ սխալվում են, ինչ-որ բան փոխվել է, պարզապես՝ ոչ իրենց կյանքում։
Համացանցում ամեն օր տեսանյութեր են հրապարակվում քաղպայմանագրի քեֆերից, որոնց գրեթե բոլորին մասնակցությամբ պատվում է ինքը՝ ժողովրդի վարչապետը։ Ամեն օր, ամեն երեկո Երևանի Մաշտոցի, Տերյան, Աբովյան, Թումանյան և այլ փողոցների տարբեր մակարդակի բարերի, թանկարժեք ռեստորանների մուտքի մոտ կարելի է տեսնել երեք հսկա ջիփ ու դրանց արանքում՝ հպարտորեն կանգնած վարչապետի S դասի «Մերսեդեսը»։ Վստահաբար՝ խուզարկության ու թալանած փողերը պետբյուջե լցնելու համար չի մտել այդ սրճարանները։ Արդյունքը երևում է կարճ ժամանակ անց՝ սելֆիի տեսքով, որից էլ երևում է մի քանի հարյուր դոլարանոց սվիտերն ու շարֆը։
Գաբրիելն ասում էր՝ «Ես Կորյունի փողոցում ծեծ կերա, որ Փաշինյանը 600 դոլարանոց բլուզկա ու 300 դոլարանոց շարֆ կապի՝ «բոշի յուղի պես»» (թևավոր խոսք է՝ բոշայի յուղն այնքան շատ է լինում, որ քսում է քամակին)։ Հա, Գափո ջան, հենց դրա համար ծեծ կերար, դու ծեծ կերար, որպեսզի մի քանի աղքատ, բայց չտեսներ քո հաշվին հարստանան ու իրենց հռչակեն քեզ թագավոր, բայց արդարացնեն, որ այդ ամենը քեզ համար են անում։
Ու այդ ամբողջ ցոփ ու շվայտ կյանքը, որ ապրում է քաղպայմանագրի «ոսկե երիտասարդությունը», ոչնչով չի տարբերվում նախորդ համակարգի քեֆերից։ Թերևս, տարբերությունն մեկն այն է, որ այն ժամանակ միայն մամուլն էր գրում, որ այսինչ քեֆն է եղել ու մասնակցել են այսինչ մարդիկ։ Իսկ հիմա այդինչ մարդիկ են իրենց տժժացող քեֆերը տեղադրում համացանցում, մի բանել՝ հետո մեկնաբանում։ Իսկ գլխավոր տարբերությունն էլ նա է, որ նախկինները քեֆեր անում էին, բայց չէին հայտարարում, թե իրենցից մեկն են, իսկ նոր Հայաստանի իշխանավորները դեռ պաշտոնները չմարսած, վայելում են այն ամբողջ ծավալով ու քաղցրությամբ։ Նույն «ժանտախտի» ժամանակ, ինչի պատճառով իշխանության են։
Իսկ ինչո՞ւ միայն քեֆեր ․․․ Քարտուղարուհիներ, սպասարկող «օգնականներ», թանկարժեք մեքենա, ինքնաթիռով ու ուղղաթիռով «գործուղումներ» և այդ ամենը՝ մեր՝ հարկատուներիս հաշվին։ Հարկատուները պակասում են, ամենուր օպտիմալացումներ են, միայն թե քեֆերը չեն պակասում՝ ավելանում ու ճոխանում են։
Կառավարությունն իրեն անհուսորեն տվել է խմիչքին, խմում է ու պարում, հավանաբար, որպեսզի մոռանա, թե ինչ քար ու քանդ եղած երկիր է իրեն բաժին հասել։ Ուշագրավ է, որ կառավարության յուրաքանչյուր անդամ մայիս-հունիս ամիսներին գիշերվա տարբեր ժամերի նկարներ էր ֆեյսբուք գցում, թե՝ «Իսկ մենք էս ժամին աշխատում ենք», «ՀՀԿ-ն այնքան վատ տնտեսություն է թողել, որ պետք է գիշեր ու զօր աշխատենք»։ Իսկ հուլիսից սկսած արդեն համացանց էին գցում ֆոտոներ, թե ինչպես են ծանր աշխատանքից հետո բլոտ խաղում, արտասահման գնացել շոփինգի, բարերում թռվռում են ու պար գալիս ․․․ Որ աշխուժանան ու «աշխատեն»․․․
Այդ քեֆչի հասաններին շատ չենք մեղադրում, ջահելներ են, արյունը եռում է, մարդիկ այդ տարիքում, սովորաբար, լինում են բարերում, գիշերային ակումբներում, պպզում են բեսետկաներում, մայթերին, թքում փողոցում ու մի թաքուն անկյունում մարիխուանա ծխում։ Հիմա նրանց բերել ենք կառավարություն, վստահել ենք պետություն․ նա, որ չի հասկանում աշխատանքի լրջությունը, հասկանալի է, չէ՞, որ ջանասիրաբար նույն բանն անելու է իր աշխատասենյակում։
Մարդու խելքը, փորձառնությունը մենք չթողեցինք տարիքի ու ժամանակի հետ համընթաց լիներ, միանգամից փոխեցինք, կարիերան դարձավ գլխապտույտ սրընթացությամբ, չհասկացավ ինչ է կատարվում և աշխատասենյակ մտնելիս՝ ապտակում է իրեն՝ հասկանալու համար՝ արթնացե՞լ է, թե դեռ երազում է։ Ու նրանից պետք է մենք պահանջենք, ցեղասպանություն, ղարաբաղյան պատերազմ ու Լևոն Տեր-Պետրոսյան տեսած երկրի զարգացո՞ւմ։
Մարդը դուրս է գալիս համալսարանից, քանի որ ինքը մասնակցել է հեղափոխությանը, փողոց է փակել, բայց ընդամենը երկրորդ կուրս է, չի կարող պաշտոնի գնալ։ Կիսատ է թողնում ուսումը, որ պաշտոնի գնա, քանի որ մինչև ավարտի, կարող է Նիկոլն այլևս չլինի ձիու վրա։ Իսկ եթե Նիկոլն այսպես շարունակի, ոչ միայն ձիու վրա չի լինի, այլ պետք է մեծ ջանքեր ներդնի գոնե ձիու տակ չհայտնվելու համար։
Այնպես որ, հարգելի՛ քաղաքացի, դու, վստահ քո կամքով, այժմ կերակրում ես աղքատ ու չտես մի ամբողջ «բանակի», որը ոչինչ չունի մեզ տալու, բայց վերցնում է, վստահ, ուրախ ու ամենակարևորը՝ հպարտ։
Ո՞րն է «սև ու հակահեղափոխական լրատվամիջոցների» ու «հպարտ քաղաքացիների» տարբերությունը․ առաջինները բոլոր խնդիրները, վատ երևույթներն ու տխուր ապագան գուշակում են՝ ներկան վերլուծելով, գրում այդ մասին։ Իշխանավորը մատ է թափ տալիս, խուզարկուներ է ուղարկում, ֆեյքերին գործի դնում։ Քաղաքացին ևս քննադատում է, թե՝ թողեք մարդն աշխատի։ Քո գրածի ճշմարտացիությունն այնուամենայնիվ հասկանում է, բայց՝ ամիսներ անց։ Այդ ժամանակ, արդեն, դժվար է խոստովանելը։ Հասկանում ենք, հեշտ չէ քաղաքացու համար, որը կարմիր դիպլոմ ունի, Ռուսաստանում բանվորություն էր անում, եկել է Հայաստան, մասնակցել հեղափոխությանը, քեզ հայհոյել է «հեղափոխական իշխանությանը» քննադատելու համար, հիմա կանգնի ու ասի՝ հա, գիտե՞ս, դու ճիշտ էիր, ես էշ եմ (եղել)։

Ահարոն Համբարձումյան