суббота, 29 декабря 2018 г.

«Թավշյա» քաղտեխնոլոգիաներ

«Թավշյա» քաղտեխնոլոգիաներ

Նոր իշխանությունների ամենասիրելի գործը արդարանալն ու ձախողումները որպես հաջողություն ներկայացնելն է: Ինչպես որ Օրուելի «1984»-ում էին կարգախոսները գլխիվայր շրջված ներկայացվում («Չիմացությունը՝ ուժ է», «Պատերազմը՝ խաղաղությունն է», «Ազատությունը՝ ստրկությունն է»), այնպես էլ մեր օրերի հեղափոխականներն են գլխիվայր շրջում ամեն ինչ: Նրանք պաշտպանում են այն, ինչ նախկինում քննադատում էին և քննադատում են այն, ինչ նախկինում պաշտպանում էին: Նրանք անում են այն, ինչ նախկինում երդվում էին չանել և չեն անում այն, ինչը խոստացել էին իշխանության գալուց հետո անել:
Ամեն ինչ արդարացվում է այսրոպեական շահով ու «հեղափոխական նպատակահարմարությամբ»:
Այսպես .
1. Գյումրիից արագաչափերի օբյեկտիվները «սկոչով» փակելով գալ Երևան: Իշխանություն դառնալուց հետո ավելացնել արագաչափերի քանակը:
2. Խոսել կարմիր կետագծերի դեմ: Իշխանությունից հետո հայտարարել, որ այդ կետագծերն անհրաժեշտ են մանկապարտեզների վերանորոգման համար:
3. Դեմ լինել պարտադիր կուտակայինին: Իշխանություն ունենալուց հետո կրծքով պաշտպանել կուտակայինը:
4. Խոստանալ փոխել Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցությունների մասին օրենքները ու միայն դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների, բայց հետո մոռանալ այդ մասին և ընտրությունները կազմակերպել Սերժ Սարգսյանի համար ստեղծած խաղի կանոններով:
5. Խոստանալ, որ գազի գինն իջեցվելու է, բայց հետո տարածել, թե բա ավելի լավ է մրսենք ու թանկ գազի գին վճարենք ու «դուխով» արտաքին քաղաքականություն վարենք, քան գազը էժան լինի: Ու ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ամենևին էլ «դուխով» չէ, եթե այդպիսին արտաքին քաղաքականությունն ընդհանրապես լինում է:
6. Խաբել, թե իբր հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց, միևնույն ժամանակ, շնորհավորանք մուրալ ու այդպես էլ չստանալ Կրեմլից: Չստանալուց հետո էլ տարածել, թե բա թքած շնորհավորանքի վրա:
7. Խաբել, թե իբր չես բանակցում Ղարաբաղի հարցով, բայց իրականում ինտենսիվ բանակցություններ վարել Ալիևի հետ ու հասնել վտանգավոր նշակետի:
8. Հայտարարել, որ դատարանների որոշումներին չես միջամտում, բայց ամենակոպիտ ձևով միջամտել դատական իշխանության աշխատանքներին:
9. Խոսել այն մասին, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս վերանալու է պետական համակարգում, սակայն առաջանորդվել բացառապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:
10. Խոստանալ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, սակայն իշխանության գալուց հետո իրականացնել քաղաքական հետապնդումներ և առաջնորդվել անձնական վրեժխնդրությամբ:
Այս շարքը շարունակելի է, բայց այսքանն էլ բավարար է՝ գնահատելու համար, որ նախկինում մերժված սուտն այժմ նոր դրսևորումներ է ստանում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի ներքո:
Հայկ Ուսունց

Սաակաշվիլին «քաշում» է Փաշինյանին

Սաակաշվիլին «քաշում» է Փաշինյանին
Վրաստանում Սաակաշվիլու պարտված կողմնակիցները նրանից փող են ուզում,որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել:
Սաակաշվիլին փող, իհարկե, ունի, այն էլ՝ շատ: Նա Վրաստանում բարեփոխումներ արեց, բայց ձեռքի հետ նաև, այսպես կոչված, անցումային արդարադատությանշրջանակներում բառիս բուն իմաստով սեփականության վերաբաշխում իրականացրեց ու թալանեց: Դա էր պատճառը, որ նա հիմա փախած է Վրաստանից:
Սաակաշվիլու թիմակից ու Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն երկրորդ փուլում պարտվեց ոչ թե Զուրաբիշվիլիին, այլ վրացիների մեծ մասը որոշեց թույլ չտալ Սաակաշվիլու վերադարձը: Վրաստանի նախկին նախագահին էլ այլ բան չի մնացել, քան հեռվից կռիվ տալը և թիմակիցներին պայքարի մղելը:
Թիմակիցները, ինչպես վերևում նշեցինք, փող են ուզում: Բայց Միխոն քծիբություն է անում: Ու որպեսզի հիմնավորի իր քծիբությունը, բերել է Նիկոլ Փաշինյանի օրինակը:
«Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»,-հայտարարել է դրսի փողերով «վարդերի» հեղափոխություն արած Սաակաշվիլին։
Սաակաշվիլին, ի դեպ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել Փաշինյանի մասով: Ըստ նրա՝ երբ Նիկոլը բանտում է եղել, Կարեն Կարապետյանը (գազի Կարենը – Կ.Մ.)ճամպրուկով նրա մոտ է տարել 270 մլն դոլար՝ ասելով, որ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…
«Իսկ նա գիտեք ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-եզրափակել է Վրաստանի փախած նախկին նախագահը:
Թե որտեղի՞ց են հայտնի Սաակաշվիլուն այս մանրամասները, դժվար է ասել: Ճի՞շտ է ասում նա, թե՞ հորինում է, որպեսզի իր քծիբությունը հիմնավորի, արդեն երկրորդական հարց է: Գլխավորն այն է, որ նա պնդում է, որ Փաշինյանին 270 միլիոն դոլար են առաջարկել, իսկ նա չի վերցրել:
Թվում է, թե Սաակաշվիլին իր քծիբությունը հիմնավորելուց զատ դրականորեն քարոզել է Փաշինյանի օգտին, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում նա «քաշել» է Փաշինյանին:
Այդ այսօր կարող են Նիկոլի զոմբիները հավատալ Սաակաշվիլու ասածներին ու հիացական գնահատականներ տալ անկաշառ Փաշինյանին, բայց վաղը, երբ հետիշխանափոխական էյֆորիան անցնի ու Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը անխուսափելիորեն փոխվի, նույն այդ զոմբիները կհիշեն Սաակաշվիլու ասածները, բայց ոչ թե համաձայնելով Վրաստանի նախկին նախագահի ասածների հետ, այլ առնվազն կասկած հայտնելով, որ 270 միլիոնը, թերևս, չէր մերժվել: Դրանից հետո շատ արագ կտարածվի «270 միլիոն դոլար փող էր կերել դեռ իշխանության չեկած» միֆը և արի ու ապացուցի, որ «տրամվայի ես սպասում», մինչդեռ Աննուշկան ձեթն այնպես թափած կլինի տրամվայի ռելսերին, որ չսայթաքելն անհնար կլինի...
Կորյուն Մանուկյան

«Ազիզյաններ» vs «Երևանի ավագանու նիստ»

«Ազիզյաններ» vs «Երևանի ավագանու նիստ»
Սերիալային քաղաքականությամբ հանրությունը տարիներ շարունակ բթացվում էր: Նախորդ իշխանություններին թվում էր, թե բթացնելով հանրությանը՝ կարելի է երկար կառավարել: Ահագին ժամանակ դա ստացվում էր նրանց մոտ, մինչև որ նոր սերիալ ի հայտ չեկավ: «Ռիալիթի շոու» ոճի սերիալ:
Հնդկական էժանագին սերիալներիսիրահարները (և ոչ միայն նրանք) այս տարվա ապրիլին գտան «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» անունը կրող նոր սերիալ: Այդ սերիալը շատ ավելի սիրելի էր, քան հնդկականը, քանզի հանդիսատեսին նաև զանգվածային տեսարաններում նկարահանվելու հնարավորություն էր տրված և ամենակարևորը՝ մերժվում էր բացասական հերոսը:
Նիկոլ Փաշինյանը դարձավ սերիալային հերոս, որին պաշտում է միջին վիճակագրական հպարտ քաղաքացին (հիմնականում 45-ից բարձր տարիքի տնային տնտեսուհիները):
Մայիսից «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» սերիալին փոխարինելու եկավ «Նիկո՛լ, վարչապե՛տ»սերիալը, որին կից արդեն ահագին ենթասերիալներ սկսեցին նկարահանել՝ «Ասֆալտին փռեմ»-ը, «Սաշիկին բռնեմ, բաց թողնեմ»-ը, «Պատերին ծեփեմ»-ը, «Գաղտնալսում»-ը:
Առանձնահատուկ տեղ հատկացվեց «Սև ու սպիտակ» ենթասերիալին: Էլ ի՞նչ ենթասերիալ, եթե դրա մեջ չկա գլխավոր հերոսին կից պրոֆեսիոնալ սերիալավոր՝ Հայկ Մարությանը՝«Ազիզյաններ» սերիալի հերոսը, որը հիմա Երևանի քաղաքապետ է աշխատում:
Դատելով ամենից՝ Երևանի ավագանու նիստերի համեմատ «Ազիզյաններ» սերիալը կարող է խամրել, քանզի նիստերի ժամանակ կան ավելի լավ տեսարաններ, կա էմոցիա, կա էքսպրեսիա: Դերասանների գներն էլ մատչելի են՝ ընդամենը 55.000 դրամ: Միակ թանկ նստողը Հայկն է, բայց դե ինչ արած՝ հպարտ քաղաքացին է այդպես որոշել:
Ճիշտ է, «Ավագանի» սերիալում առայժմ բացակայում է կեղտաջուրը, բայց դա էլ կլինի: Շատ ավելի ուշագրավ բաներ էլ կլինեն: Դեռ ամեն ինչ առջևում է: Կարող է մի օր ավագանու նիստերի դահլիճում թափեն Երևանի բակերից չհավաքվող զիբիլը, որից դուրս կվազեն առնետները և կհարձակվեն ներկաների վրա. տեսարանը շենշող կլինի:
Այս ամենն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե կատարվեր մեկ այլ երկրում, բայց քանի որ էժանագին սերիալի ականատեսն ու սպառողը ՀՀ քաղաքացիներս ենք, ուստի այն տրագիկոմեդիայի ժանրի մեջ է տեղավորվում:
Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս սերիալին:
Հայկ Ուսունց

«Ջայլամային» քաղաքականություն

«Ջայլամային» քաղաքականություն
Հայաստանի արտաքին գերատեսչությունն իրականացնում է «ջայլամային»քաղաքականություն: Թուրքիայից ու Ադրբեջանից տարատեսակ հայտարարություններ են հնչում արտգործնախարարների մակարդակով, սակայն մեզ մոտ լռություն է: Ջայլամի պեսգլուխները մտցրել են հողի մեջ ու իրենց թվում է, թե ոչ մեկ ոչինչ չի տեսնում:
Զոհրաբ Մնացականյանը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենաչխոսկան արտաքին գործերի նախարարն է: Նախկինում Էդվարդ Նալբանդյանն էլ առանձնապես աչքի չէր ընկնում հրապարակային խոսքով, բայց պարզվում է՝ ավելի լռակյաց նախարար էլ կարող է լինել:
Մնացականյանի չխոսկանությունը, թերևս, երկու բանով է պայմանավորված՝ ասելիքի բացակայությամբ ու վերևից եկած հրահանգով: Իսկ նման դեպքում «ջայլամային»քաղաքականությունն այլընտրանք չի ունենում:
Խոսում են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Խոսում են նախապայմանների լեզվով ու մեծ ոգևորությամբ, բայց Մնացականյանը լուռ է: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նա ակտիվ է Ղարաբաղի ոչ հրապարակային բանակցություններում: Այնքան ակտիվ, որ միասնական տեքստ է համաձայնեցնում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ:
Ի դեպ, լուռ է նաև Նիկոլ Փաշինյանը: Երեկ նրա փոխարեն խոսեց Արարատ Միրզոյանն ու բազմաթիվ հարցեր առաջացրեց:
Մի խոսքով, «դուխով» հայտարարված արտաքին քաղաքականությունն իրականում «ջայլամային» է: Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, արդեն իսկ երևում է: Մենք «դուխով»տանուլ տվեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստը, «դուխով» պարտվեցինք Լուկաշենկոյիհետ բանավեճում, «դուխով» լարվածություն ենք առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում այն աստիճան, որ մի «չոր» շնորհավորանք անգամ չենք ստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, «դուխով» ավելացնում ենք արտաքին պարտքն ու «դուխով» համաձայնում ենք Բոլթոնի պլանի հետ:
Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «դուխով» ու «ջայլամային» քաղաքականությանը:
Պետրոս Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից բերեց Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ... Ռոբերտ Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից բերեց Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ... Ռոբերտ Քոչարյանին
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում բավական կարճ է տևել, եթե այն համեմատելու լինենք մեկ օր առաջ տեղի ունեցած Լուկաշենկո-Պուտին հանդիպման հետ: Պատճառը շատ պարզ է՝ Լուկաշենկոն ու Պուտինը երկկողմ հարաբերությունների լայն սպեկտոր ունեն քննարկելու և երկուսն էլ տիրապետում են առարկային:
Հայ-ռուսական հարաբերություննում այժմ այնպիսի վիճակ է, որ իշխանական վերնախավում առարկային տիրապետող չկա, և դա է պատճառը, որ թեև, ինչպես Փաշինյանն էր ասում, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ամենահաճախ այցելողն է ՌԴ, սակայն բովանդակային որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Այսինքն՝ հանդիպումներն ավելի շատ արարողակարգային ու շարքային են և որևէ էական արդյունք չկա:
Ենթադրվում էր, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հիմնականում շոշափվելու են Ղարաբաղի խնդրին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և գազի գնին վերաբերող հարցերը (պաշտոնական մասով): Այդպես էլ եղել է, սակայն առարկայական ոչ մի արդյունք չկա:
Ղարաբաղի հարցում Փաշինյանը հրապարակային տեսակետներ չի հայտնում և այդպիսով նախաձեռնությունն ու խաղի կանոններ թելադրելը թողնում է Ադրբեջանին: Բացի այդ՝ Փաշինյանի թիմը, ամերիկացիների «քավորությամբ» և Մոսկվային շրջանցելով, Ալիևի հետ ոչ հրապարակային ինտենսիվ բանակցում են: Բոլորն ամեն ինչ տեսնում են ու համապատասխան քայլեր պատրաստում: Տեսնում է նաև Կրեմլը: Տեսնում է, բայց առայժմ չի ուզում խոսել:
ԵԱՏՄ-ի պահով Փաշինյանն ու իր թիմը առարկային չեն տիրապետում, ուստի՝ պատրաստ չեն Մոսկվայի հետ բովանդակային զրույցի և առաջարկների:
ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանը հիմա ընդամենը դեմքը փրկելու տարբերակների շուրջ է մտմտում, քանզի չի կարող կատարել իր խոստումը՝ Խաչատուրովից հետո ՀՀ-ի համար պահել այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ կանոնադրությամբ նախատեսված ժամկետով:
Գազի գնի մասով էլ Փաշինյանն ասաց, որ որևէ որոշում չկա և ինքը հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի կամ գոնե վատ չի լինի:
Փաշինյանի միակ «ձեռքբերումն» այս այցից այն էր, որ իր քարոզչական թիմն ու «հեղափոխությանը» կցված լրատվամիջոցները տարածեին, թե իբր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, սակայն շնորհավորանք, որպես այդպիսին, չհնչեց: Հնչեց զուտ արարողակարգային ու քաղաքավարական բարեմաղթանք՝ աշխատանքային հաջողություններ ցանկանալու տեսքով: Այդպիսի մաղթանք կաներ ցանկացած երկրի ղեկավար ցանկացած այլ երկրի ղեկավարին հանդիպելիս: Ռազմավարական գործընկները միմյանց շնորհավորում են ընտրությունների արդյունքները հրապարակելուց 5 րոպե անց: Տվյալ դեպքում դա չեղավ, ինչը մտահոգիչ է հարաբերությունների բովանդակության առումով, այլ ոչ թե քաղքենիական՝ «Վույ ամա՜ն, Դարչոն Կեկելին պաչել ա» ծրագրի շրջանակներում:
Ուշագրավն այն է, որ Փաշինյանին կից քարոզչագործիքները «Պուտինը շնորհավորեց Փաշինյանին» վերնագրերով էին հանդես գալիս, ինչով մատնում էին Փաշինյանի թիմի ներքին ապրումներն ու ձգտումները, ինչպես նաև՝ ողորմելի վիճակը: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն ու իր արևմտամետ թիմակիցներն իրենց գիտակցական կյանքի հիմնական հատվածը նվիրել են և այդ ժամանակահատվածում գումար են վաստակել Պուտինին ու ՌԴ-ին հայհոյելով: Այս թիմը հիմա դարձել է Մոսկվայից «շնորհավորանք» մուրացող, ինչը ՀՀ-ին նվաստացնում է միջազգային հարաբերություններում:
ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են, բայց երբ դրանք զրկվում են բովանդակությունից (կողմերից մեկի՝ առարկային չտիրապետելու պատճառով), ապա ամեն ինչ ավարտվում է ընտրություններից շաբաթներ անց շնորհավորանքի ակնկալիքով:
Շնորհավորանք, ի դեպ, Փաշինյանն իր հետ Մոսկվայից բերեց: Նրա՝ Երևան հասնելուն պես Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց... ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:Փաստորեն ստացվեց այնպես, որ Փաշինյանն իր հետ բերեց Քոչարյանին հղված շնորհավորանքը:
Դիվանագիտության մեջ պատահական բաներ չեն լինում: Դիվանագիտության մեջ կարևոր են ժեստերը և ակնարկները: Տվյալ դեպքում Մոսկվան շատ կոնկրետ ժեստ ու չափից դուրս թափանցիկ ակնարկ է արել:
Պուտինի կողմից Նիկոլ Վլադիմիրովիչ (իրականում՝ Վովաևիչ) դիմելաձևին արժանացած Փաշինյանի համար սա ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների իրական գնահատականն էր Կրեմլից:
Կորյուն Մանուկյան

ՔՊԿ-ում «գիքորների» պակաս չկա. «Պուտինը խանդում է Փաշինյանին» (տեսանյութ)

ՔՊԿ-ում «գիքորների» պակաս չկա. «Պուտինը խանդում է Փաշինյանին» (տեսանյութ)
Գիքորը, ինչպես հայտնի է, մեծ գրող Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հերոսն է: Նա այնքան միամիտ է, որ հյուրերի մոտ պատմում է, որ տան տերը բալը չի գնել հյուրերի համար, քանի որ այն թանկ է: Գիքորը, բնականաբար, չպետք է տան ներքին խոսակցությունը բացեր հյուրերի առաջ, բայց քանի որ միամիտ գյուղացի էր, ուստի՝ բացվեց:
. . .
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ ՔՊԿ-ում, «գիքորների» պակաս չկա:Թիվ մեկ «Գիքորը» Նիկոլ Փաշինյանի աներձագն է՝ ՔՊԿ-ի գաղափարական թևի ներկայացուցիչ ու նորաթուխ օրենսդիր Հրաչյա Հակոբյանը: Նա տան խոսակցությունները գիքորավարի «բլթացնում» է լրագրողների հետ զրույցում:
Հրաչյայի միջոցով, օրինակ, ընտրություններից շաբաթներ առաջ արդեն իմացանք, թե ո՞ր կուսակցություններին է Փաշինյանն անցկացնելու խորհրդարան: Արդյունքները հաստատեցին Հրաչյայի բերանբացությունը:
Նիկոլ Փաշինյանին մնում է հուսալ, որ աներձագն այլ՝ ավելի զգայուն թեմաներից չի «բլթացնի» (օրինակ՝ իրենց ֆինանսական շարժը և այլն):
Յուրօրինակ «գիքորությամբ» աչքի ընկավ Հրազդանում 30 հազարից ավելի ձայներ «խփած»Սասուն Միքայելյանը: Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, այդպես չի մտածում, բայց իրենց թիմի ներսում այդպիսի մթնոլորտ է և բոլորի համար էլ «թավշյան» շատ ավելի կարևոր է, քան ազատամարտը, քանզի «հեղափոխության» միջոցով իրենք հասել են իշխանության: Միքայելյանի «բլթոցը» ներքին խոսակցությունների ու թիմակիցների մտածողության արդյունք էր: Դա համարյա ըստ Ֆրեյդի ստացվեց Միքայելյանի մոտ: Կամ էլ նա գիտակցաբար այդպես հայտարարեց, քանի որ նախապես գիտեր, որ դա դուր է գալու Փաշինյանի գլավորած երիտհեղափոխական թիմին ու ինքը դառնալու է «սվոյ»:
Երեկ 5-րդ ալիքի եթերում «գիքորություն» արեց նաև Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ Հովիկ Աղազարյանը: Նա ևս ցույց տվեց, թե ինչ են խոսում ՔՊԿ-ի ներսում և շատ հետաքրքիր բացահայտումներ արեց:
Դատելով Աղազարյանի ասածներից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցերին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն չի շնորհավորում, քանզի ... խանդում է: Այո՛, այո՛, խանդում է: «Գիքորը» հենց այդպես էլ ասաց՝ խանդում է:
Խանդում է, քանզի ժողովրդավարական երկրների ղեկավարներ Մերկելը, Մակրոնն ու Աղազարյանի համար Կանադայի շատ համակրելի վարչապետը շնորհավորել են, իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ մյուս պետություններն անմակարդակ են, չեն համարվում առաջադեմ ու դրա համար էլ չեն շնորհավորում ժողովրդավարության ռահվիրա Փաշինյանին:
Երևի Աղազարյանն ուզում էր ասել, որ Պուտինը նախանձում է Փաշինյանին, սակայն օգտագործեց իր կարծիքով ավելի պոլիտկոռեկտ «խանդել» բառը:
Աղազարյանը կամա թե ակամա բացահայտեց, որ Փաշինյանը, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, ՀԱՊԿ-ում իրեն անհարմար է զգում և շատ վատ կարծիքի է այն մարդկանց մասին, որոնք ղեկավարում են ՀԱՊԿ անդամ պետությունները:
«Պուտինը խանդում է Փաշինյանին» ձևակերպման տարածումը Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի «աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց՝ խակ էր» ծրագրի շրջանակներում իր դեմքը փրկի, քանզի կառավարությունում սպասել են Պուտինի շնորհավորանքին, ՓաշինյանիՔՊԿ-ական «գիքորները» նույնպես սպասել են, փաշինյանենք նույնիսկ ջանքեր են գործադրել դրա համար, սակայն ապարդյուն: Ու որպեսզի թիմի մեջ ցեց չընկնի, Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «խանդի» թեզը:
Էլի բաներ «բլթացրեց» Աղազարյանը: Նա ասաց, որ ՔՊԿ-ի ներսի երիտասարդները իրեն համարում են ռուսամետ: Նա դա ասաց այն կոնտեքստով, որ ստացվում էր՝ իրենց երիտասարդ թիմում բոլորը ռուսամետությունը հայհոյանք են համարում, ռուսատյաց են կամ արևմտամետ:
Աղազարյան Հովիկը նաև ասաց, որ նախկինում իրենց արած շատ հայտարարություններ անհիմն են եղել, քանզի ինֆորմացիայի չեն տիրապետել: Մասնավորապես նա այդ անտեղյակությամբ պայմանավորեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ և այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանիհասցեին նախկինում նիկոլենց հնչեցրած քննադատությունները: Փաստորեն, ներկա իշխանություններն ընդունում են, որ նախկինում ստել են: Կամ էլ՝ հիմա են ստում, ո՞վ գիտե: Իսկ լավատեղյակները պնդում են, որ Արշակ Կարապետյանը, մեղմ ասած, թերացել է իր աշխատանքում:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ո՞րն էր հեղափոխության իմաստը, եթե պետք է նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները շուռ տրվեն, նախկին իշխանությունների բոլոր արածները կրկնվեն ու նախկին բոլոր արատները խորանան:
Հայկ Ուսունց