суббота, 19 января 2019 г.

«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». Ինչու են ավելացել ՃՏՊ–ները




Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Եթե 10 տարի առաջ 10, 15, առավելագույնը 20 հազար մեքենա էր ներկրվում, ապա 2018 թվականին ամենաշատ մեքենաներն են ներկրվել 70 հազարից ավելի։ Սակայն վերջին տարիներին Երեւան քաղաքի մեջ միայն Մոնթե Մելքոնյան պողոտան է կառուցվել, այլ ճանապարհներ չեն  կառուցվել եւ որոշակի ժամանակ կգա, որ մեքենաներն էլ չեն տեղավորվի ճանապարհների վրա»,–ասաց նա՝ նշելով, որ դեռ հետազոտությու  չկա, թե որքան մեքենայի համար է Երեւանը տարողունակ։
Ղահրամանյանի խոսքով՝ Հայաստանում մոտ 550 հազար մեքենա կա գրանցված, որոնց կեսից ավելին Երեւանում է կենտրոնացված:
«Ամեն օր 350-400 հազար մեքենա է Երեւանում երթեւեկում, եւ գալիս է մի պահ, որ փողոցներն այլեւս տարողունակություն չունեն։ Դրան գումարվում է վարորդական վկայականների ստանալու ձեւերը, անփորձ վարորդներ: Այս ամենը հանգեցրեց վթարների շատացմանը, ՃՏՊ-ների քանակի ավելացմանը»,- ասաց նա:
ԱՊՊԱ բյուրոյի տվյալներով՝ 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ հատուցումները կազմել են 76 տոկոս, իսկ 2017 թ. 11 ամիսների կտրվածքով նույն ցուցանիշը 63 տոկոս է եղել, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 61 հազար՝ 2017 թ. 53 հազարի համեմատ:
Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ ՃՏՊ–ների ավելացման մեջ այդքան էլ մեծ դեր չի խաղում մեքենաների մեծ թվաքանակի առկայությունը։
«Միանշանակ ասել, որ մեքենաների քանակն է դեր խաղում ՃՏՊ-ների ավելացման հարցում, սխալ է: Տուգանքների քանակը նվազեց այս ընթացքում քանակական տեսանկյունից վթարների թիվը: Խախտումներ չարձանագրելը հանգեցնում էր նաեւ այլ վթարների: Ինչպես նաեւ ապրիլ-մայիսից հետո ոստիկանությունը որդեգրեց մեղմ քաղաքականություն, եւ դա բերեց որոշ վարորդների՝ իրենց օրենքից դուրս նայելուն: Խախտում անող վարորդներն իրենց վստահ են զգում, արդարանում են, ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանեք: Այսինքն՝ մեղմ քաղականություն կոչվածը մարդիկ այլ կերպ ընկալեցին»,-հավելեց նա:

«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

Հայաստանում շատ են եղել պաշտոնյաներ, որոնք «թևավոր» մտքեր են արտասանել, և այդ մտքերը «կպել» են նրանց ու պոկ չեն եկել՝ դառնալով նրանց այցեքարտը:
Ընդհանրապես, խելոք բաները շատ ավելի քիչ են հիշվում ու տարածվում, քան ախմախությունները, քանզի խելոք մտքերը սիրում են լռություն, իսկ ախմախությունները՝ աղմուկ:
Խելոք մարդիկ համեստ են և սիրում են արդյունքներով ապացուցել իրենց ճշմարտացիությունը, իսկ ժողովրդի սիրելիներն անգերազանցելի են միայն ձայները գլուխները գցելու և ոչինչ չանելու գործում, ավելի ճիշտ՝ «թևավոր» մտքեր դուրս տալով:
Ի դեպ, «թևավոր» մտքեր հրապարակ նետելու հարցում նոր իշխանություններն անգերազանցելի են: Ամեն մի օրը հումորային հաղորդման կամ հոգեբուժարանի նյութ է տալիս: Բայց ուրախանալ պետք չէ, քանզի դրանց ազդեցության օբյեկտը ՀՀ քաղաքացին է:
Քայլարածները չգիտեն, որ լեզուն չի կարելի է այդպես դաժանաբար շահագործել, իսկ ուղեղը մարդուն տրված է, որպեսզի խոսելուց առաջ մտածի, իսկ որոշների դեպքում՝ չխոսի նույնիսկ մտածելուց հետո:
Քա՛յլ արա, ավտոյիդ կարկասը վերացրո՛ւ
Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ մի միտք է հայտնում, հետո 100 հոգի հավաքվում են ու չեն կարողանում գլուխ հանել: Դա, անշուշտ, նրանից է, որ Փաշինյանը տարբերվում է շատերից: Նա ժողովրդի սիրելին է ու ամեն ինչ գիտի:
Նա, օրինակ, գտել է մեր երկրում ահռելի փոփոխությունների հասնելու ձևերը և մեր երկրի գլխավոր խնդիրները: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել ««Թավշյա» երջանկության 3 բանալիներ»:
Ըստ Փաշինյանի՝ եթե մեր երկրում 3 բան փոխվի գոնե վիզուալ մակարդակում (այսինքն՝ վարչապետի աչքին դրանք չերևան), ապա կարելի է ասել, որ մենք կկառուցենք մեր երազների Նյու Վասյուկին կամ մեր սրտի պետությունը:
Այդ 3 բաներն են՝
1. աղբը, որը համատարած է (փաստորեն, Փաշինյանն իր շուրջբոլորը նայում ու աղբ է տեսնում, և դժվար է նրա հետ չհամաձայնելը),
2. «բուդկաները», որոնք ակնհայտորեն նյարդայնացնում են ժողովրդի վարչապետին,
3. հին ավտոմեքենաների կարկասները, որոնք մարդկանց բակերում տարիներով մնում են:
Հերիք է՝ դրանք վերանան, և վերջ, մենք առաջընթաց կարձանագրենք: Մոտավորապես այնպես, ինչպես տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատկերացրած կովերի պտուկները կթելուց առաջ գոլ ջրով լվանալով կամ 160.000-դոլարանոց բիոզուգարան (ընդ որում՝ չաշխատող) Հայաստանում տեղադրելով:
Աղբը, «բուդկաները» և երկաթյա նժույգների հին կարկասները էսթետիկական առումով, իրոք, հաճելի չեն, բայց հավաստիացնում ենք, որ մեր երկրի առաջին երեք խնդիրները դրանք չեն: Դրանք խնդիրների հետևանքներն են:
Դատելով մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական ու հասարակական զարգացումներից, վարվող արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև քաղաքական էլիտայի մտածելակերպից, մեր երկրի թիվ մեկ խնդիրը ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ է:
Բանակում, անվտանգության համակարգում, տնտեսության մեջ, դատաիրավական համակարգում և մյուս բոլոր ոլորտներում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ:
Վերաձևակերպելով Ռասելի ձևակերպումը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տգիտությունն է: Տգիտությունն է ծնում աղքատություն, պետության թուլություն և պարտություն:
Կրթությունը մեր երկրի համար պետք է հայտարարվի ռազմավարական թիվ մեկ ուղղությունը: Մեր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, փաստորեն, հսկայական քանակի հիվանդ մտքեր ու դեբիլներ են արտադրում: Հետո այդ մտքերով ու դեբիլիզմով տառապող հիվանդները մտնում են տնտեսություն, քաղաքականություն ու հասարակական կյանքի այլ ոլորտներ և սպառնալիք դառնում մեր երկրի համար:
Մեզանում բազմաթիվ միֆեր ու հիվանդ գաղափարներ են շրջանառվում: Ու ցավն այն է, որ այդ միֆերը և հիվանդ գաղափարները փորձ է արվում կյանքի կոչել, ու միայն փորձանքի հանդիպելուց հետո է մեր ժողովուրդը տեսնում, որ սխալվել է: Ու ցավն այն է, որ շատ հաճախ մեր իսկ սխալներից հետևություններ ու ճիշտ եզրահանգումներ չենք անում: Իսկ եզակի ճիշտ քայլերը չենք գնահատում ու մեր խնդիրների լուծման բանալիները դրսում ենք փնտրում:
Մի խոսքով, պետք է սկսել ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ: Իսկ միգուցե դրանից էլ շուտ:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Մի հայտնի փիլիսոփայի յոթ տարեկան երեխայի ծնողը հարցնում է, թե երբ կարող է նրա մոտ տանել որդուն, որպեսզի նրան փիլիսոփան նախնական կրթություն տա: Փիլիսոփան հետաքրքրվում է, թե քանի տարեկան է երեխան:
«Յոթ»,- պատասխանում է ծնողը: «Յոթ տարի, 9 ամիս ուշացրել ես»,- ասում է փիլիսոփան:

Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)
Հայաստանի 28-ամյա անկախության ընթացքում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ են եղել:
Օրվա իշխանություններին ընդդիմացողները, չնչին բացառություններով, հանրությանը փորձել են համոզել հետևյալ թեզի միջոցով. «Սրանք վատն են, թալանչի են, իսկ ահա մենք որ գանք իշխանության, չենք թալանի, որովհետև ազնիվ ենք, մաքուր ենք, մի խոսքով՝ լավն ենք»:
Այսինքն՝ քննադատվում էր ոչ թե համակարգը, այլ անձը՝ իշխանավորը: Նրան վերագրվում էին սատանայական հատկանիշներ, ու տրվում բացասական պիտակներ: Մինչդեռ պարզ է, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան անձերի մեջ է, որքան համակարգի:
Եթե մեր հանրությունն առաջնորդվի հույզերով, այլ ոչ թե բանականությամբ, ապա վերջում միշտ կկանգնի կոտրած տաշտակի առաջ: Իսկ եթե անգամ կոտրած տաշտակի առաջ կանգնելուց հետո ճիշտ հետևություններ չանի, ապա ստիպված է լինելու ամեն անգամ ծույլիկ աշակերտի պես մնալ նույն դասարանում:
Հանրությունը պետք է սովորի ռացիոնալը տարանջատել պոպուլիզմից, պետք է իմանա, թե ինչպես է պետք իրատեսական խոստումը տարբերել գայթակղիչ խաբեությունից: Պետք է նաև պահանջատեր լինի, որպեսզի իշխանությունն իմանա, որ սուտ խոսելը պատժվելու է:
Մենք մի անգամ արդեն պատժել ենք մեկին սուտ խոսքի համար, բայց, չգիտես՝ ինչու, հետևողական չենք այդ հարցում, ու թույլ ենք տալիս, որ նորից մեզ խաբեն:
Ի՞նչ է, սպասում ենք դանակը ոսկորին հասնի, կամ համբերության բաժակը լցվի, ու դրանից հետո նո՞ր ոտքի կանգնենք: Բայց չէ՞ որ դա ամեն անգամ մեծ գին է պահանջում:
Խոսքը պետք է արժեք ունենա: Առավել ևս՝ իշխանավորի խոսքի:
Վերցնենք, օրինակ, արագաչափերի թեման: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դրանք պետք է վերանան, իսկ երբ դարձավ վարչապետ, «մոռացավ» այդ մասին: Ավելին՝ արագաչափերի քանակն ավելացվեց:
Տվյալ դեպքում հարցն այն չէ, թե արդյոք ճի՞շտ է արագաչափերը վերացնելը, թե՞ ոչ: Հարցն այն է, որ Փաշինյանն իշխանության գալուց առաջ դեմ է եղել դրան, իսկ բուն «թավշյա» օրերին շատերին գայթակղում էր՝ արագաչափերի օբյեկտիվները փակելով:
Հանրությունը պետք է Փաշինյանին ստիպի հարգել իր իսկ խոսքը, եթե անգամ այդ խոսքը եղել է չմտածված կամ մարտավարական նպատակներով:
Երջանիկ Հայաստան հնարավոր է կառուցել միայն պահանջատեր ու քաղաքականապես հասուն հասարակության միջոցով: Մնացածը բլեֆ է:
Պետրոս Ալեքսանյան

Համաներում. ինչպե՞ս է այն ազդել Հայաստանում քրեական իրավիճակի վրա

Ô²Õ¡Õ¶Õ¿

Հայաստանում հանցավորության մակարդակի աճի մասին խոսակցությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել։ Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր կապում են այդ միտումը երկրում հայտարարված համաներման հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Անցած տարվա նոյեմբերին Երևանի 2800–ամյակի և Առաջին Հանրապետության 100–ամյակի կապակցությամբ երկրում հայտարարված մասշտաբային համաներումը, թվում է, մարդասիրության ակտ է եղել պետության կողմից և պետք է արժանանար հասարակության միայն դրական արձագանքին։ Բայց մի քիչ այլ կերպ է ստացվել։
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հաղորդել է հանրապետությունում հանցավորության մակարդակի աճի մասին։ Նա դա պայմանավորել է նրանով, որ համաներված անձինք կրկին իրավախախտումներ են կատարել։ Որպես ամենատարածված հանցագործություններ` ոստիկանապետը նշել է բնակարանային գողությունները, մարմնական վնասվածքներ հասցնելը, խուլիգանությունը։
Օսիպյանի խոսքերը հաստատում են ԶԼՄ–ներում ամենօրյա քրեական նորությունները և սոցիալական ցանցերում օգտատերերի հրապարակումները։
Այսպես, ամանօրյա տոներից հետո հայտնի  է դարձել, որ Գյումրիում թալանել են Վրաստանում հանգստացող քաղաքացիների բնակարանները։ Տուժածների կարծիքով` հանցագործությունները կատարել են համաներված անձինք։
Լայն հասարակական արձագանք է առաջացրել Լոռիում տեղի ունեցած հրեշավոր սպանությունը. Սպիտակի բնակչի վրա կրակել են, այնուհետև կտրել են նրա ականջները։ Ոչ պաշտոնական տվյալներով` մահացածը նախկինում դատված է եղել և համաներումով ազատ է արձակվել։
Ենթադրվում է, որ մարդասպանը նույնպես ազատ է արձակվել լայնամասշտաբ համաներման շրջանակում։
Իրար հետևից հաղորդագրություններ են հայտնվում հանրային սննդի կետերում կատարված գողությունների, խանութների և դեղատների վրա հարձակումների մասին, և բոլոր դեպքերում կարմիր թելով անցնում է համաներումը։
Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել հանդուգն կողոպուտի մասին, որը կատարել են երեք երիտասարդներ Երևանի կենտրոնում։ Հատկանշական է, որ մի քանի ժամ շարունակ նրանք փորձել են կոտրել ռեստորանի դուռը, սակայն անհաջող փորձերից հետո եռյակն անցել է մոտակայքում գտնվող բիստրոյին։
Շատ օգտատերեր, որոնք մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ, վստահ են, որ չարագործները, ամենայն հավանականությամբ, վերջերս համաներումով ազատ են արձակվել։
«Պետք չէր ընտրություններից առաջ համաներել հազարավոր հանցագործների, և ահա անգործ և քաղցած քաղաքացիների գործողությունները», «Ձայները տվել են ազատության փոխարեն», «Կառավարությունը մուկ ու կատու է խաղում. բռնում է ու բաց թողնում», «Մենք շատ խոցելի ենք դարձել, հիմա ցանկացած խուլիգան կարող է խանգարել քաղաքացու հանգիստը և անձեռնմխելիությունը», –  այդպիսի կարծիքներ և մտավախություններ են հայտնել քաղաքացիները։
Միաժամանակ, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց, որ համաներմամբ արդեն ազատ է արձակվել մոտ 600 մարդ, նրանցից ընդամենը երկուսն են վերադարձել բանտ։ Երկու կրկնահանցագործն էլ ազատազրկվել են գողության համար։
Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը կարծում է, որ կրկնահանցագործությունների պատճառը պատիժը կրելու պայմաններն են։ Նա համոզված է, որ ազատազրկման վայրերում գտնող դատապարտյալները ոչ միայն հետ են մնում հասարակական առաջընթացից, այլ նաև հաճախ դեգրադացիայի են ենթարկվում։ Կրկնահանցագործությունների ևս մի պատճառը նախկինում դատված անձանց ընդունելու և վերաինտեգրացման հարցում օգնելու հասարակության անպատրաստությունն է։ Որպես կանոն` նրանց համար չափազանց դժվար է աշխատանքի տեղավորվելը, ապրում են բարդ սոցիալական պայմաններում, ինչը դրդում նրանց նոր իրավախախտումներ կատարելու։
«Շատ քիչ նախկին դատապարտյալներ են ցանկանում վերադառնալ բանտ, քանի որ իրենց ավելի լավ են զգում։ Հիմնականում նրանք մարդիկ են, որոնց հասարակությունը չի ընդունում և որոնք կորցրել են կապն ընտանիքի հետ։ Կարևոր է հիշել, որ հանցագործ չեն ծնվում, հանցագործ դառնում են», – ասաց հոգեբանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը հարցում է ուղարկել ոստիկանություն` համաներումից հետո կատարված հանցագործությունների քանակի մասին տեղեկատվություն ստանալու և անցած տարվա հետ համեմատական տվյալներ ստանալու, ինչպես նաև դրանց համաներված անձանց առնչության մասին։ Սակայն գերատեսչությունում խնդրել են սպասել, քանի որ անհրաժեշտ տվյալներ հավաքելու համար ժամանակ է պահանջվում։

Источник: https://armeniasputnik.am/society/20190118/16834980.html