суббота, 16 августа 2014 г.

Եթե պատերազմ սկսվի, ուղղակի չգիտեմ, թե որտեղ է խաղաղության պայմանագիրը ստորագրվելու` Կիրովաբադո՞ւմ, թե Բաքվում:

Այսօր Հայաստանի թերևս թիվ 1 հիմնախնդիրը, որը մտահոգում է ամբողջ հայությանը, մեր երկրից աղետալի չափերի հասած արտագաղթն է, որը, ցավոք, շարունակվում է ու ծայրը չի երևում: Այս իրողությունն, իհարկե, տարբեր պատճառներ ունի` աշխատատեղերի խնդիր ունենք, սոցիալական այլ հարցեր կան, բայց նաև արդարության մեծ դեֆիցիտ կա երկրում: Մինչդեռ հայն իր հոգեկերտվածքով առավել զգայուն է հենց այդ խնդրի նկատմամբ, արդարության բացակայությունը շատ ցավագին ազդեցություն է ունենում նրա վրա: Հիմնականում արտագաղթի և վերջին շրջանի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական պատերազմի հնարավորության վերաբերյալ է մեր հարցազրույցը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ:
- Ի՞նչ եք մտածում մեր երկրից շարունակվող արտագաղթի կապակցությամբ, ի՞նչ անել, արտագաղթը կասեցնելու ինչ-որ հնարավորություն տեսնո՞ւմ եք…
- Հայերը հայրենիքը լքելու որոշումը հաճախ կայացնում են դատարաններում, նրանց համար դատարաններն արտագաղթի դարպասների են վերածվում: Ցավոք, այս խնդրի լուծումն այս պահին չեմ տեսնում, որովհետև այդ լուծումը որևէ մեկի որոշելիքը կամ որոշումը չէ: Որևէ մեկը չի կարող այս պահին այդ ամենակարևոր խնդիրը լուծել: Այս հարցը միայն մեր ազգը, ժողովուրդը կարող է ու պետք է լուծի:
Եթե հնարավոր լիներ դատարաններին արհամարհել, բոյկոտ հայտարարել, ոչ մեկը դատարան չգնար, ինձ թվում է, դա ամենաճիշտը կլիներ: Ուղղակի այս պահին իսկապես դժվար է ձեր հարցին պատասխանելը, պատրաստ չեմ դրան, նաև հոգնել եմ` գիշեր-ցերեկ դժգոհություններ եմ լսում, զանգում են այստեղից, այնտեղից, նաև հարցեր տալիս, բայց ոչ մեկը որոշակի բան չի առաջարկում: Լռելը սխալ մոտեցում է, բայց խնդրի լուծման ձև չէ նաև մեր ներքին խնդիրները Ստրասբուրգում բարձրացնելը:
Մենք ցայտնոտի մեջ ենք: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ գնացածները, եթե Հայաստանում պայմանները բարելավվեն, նորմալանան, կարգավորվեն, միանշանակ ետ են գալու, որովհետև հայն առանց հայրենիք չի կարող ապրել, հայն առանց իր արմատների, չի կարող ապրել: Նույնիսկ այն հայերը, որոնք օտար երկրներում են ծնվել, մեծացել, միևնույն է, այս կամ այն կերպ կապված են մեր հայրենիքի հետ, կամ գնում-գալիս են, կամ անտարբեր չեն, լուրերին են հետևում, աղոթում են: Համոզված եմ` հայը յուրահատուկ ազգ է մեր մոլորակի վրա, ոչ միայն Աստծո ստեղծածն ենք, այլև աստվածային ազգ ենք, ուղղակի մենք մեզ լավ չգիտենք, ավելի ճիշտ, շատ վատ գիտենք: Եթե աշխարհում ցանկացած պետության պատմություն կարելի է տեղավորել 2 հատորի մեջ, ապա Հայաստանի պատմությունը 10 000 000 հատորի մեջ կարող է տեղավորվել, որովհետև ամեն մի հայի պատմություն մի գիրք է, մի ճակատագիր է մեծ:
- Ձեր կարծիքով, ի՞նչու մեր հայրենիքում օրինապաշտ չենք:
- Այո, մեր սեփական օրենքներին դժվարությամբ ենք ենթարկվում, իսկ օտարության մեջ, օտար երկրներում հնազանդորեն ենթարկվում ենք նրանց օրենքներին: Երևի դա նաև նրանից է, որ այստեղ սովորական մարդիկ չեն տեսնում օրենքների նկատմամբ հարգանք իրենց ղեկավարների, տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք իրենք պետք է իրենց վարքուբարքով օրինապաշտության օրինակ ծառայեին ժողովրդին: Չէի ասի, թե Ամերիկայում, Եվրոպայում իդեալական վիճակ է, բայց մերոնք այնտեղ տեսնում են պաշտոնյաների կողմից օրենքի նկատմամբ բավարար հարգանք, բնականաբար, իրենք էլ հարգում են օրենքը, որպես կանոն, ենթարկվում դրան: Մեզ` հայերիս, հիմա, ցավոք, հիմնականում մի բան է միավորում` ոչնչացման վտանգը, բայց չէ՞ որ միայն դա չէ, որ պետք է միավորող լինի ազգի համար: Մեզ միավորողը մեկս մյուսիս նկատմամբ սերը պետք է լինի, իսկ առաջ գնալու համար ազգային գաղափարախոսություն ու գերխնդիրներ են պետք: Դարձյալ ցավում եմ, բայց իրար նկատմամբ մեր սերը հիմնականում միայն սեղանների շուրջ է արտահայտվում` սգո արարողությունների, հարսանիքների, տոների ժամանակ, առօրյայում սերը կարծես քնած է:
- Իսկ այսպես կլինե՞ր, հիմա այս վիճակը կունենայի՞նք, կխոսեի՞նք այդ սիրո սակավության մասին, եթե մեր ազգի մեծամասնությունն իսկապես քրիստոնյա լիներ, և ոչ թե` պարզապես բառերով, մկրտվելով, եկեղեցի գնալով, ծեսերին մասնակցելով կամ մոմ վառելով:
- Եթե հավատացյալ լինեինք, ո՛չ, այսպես չէր լինի: Մեծամասնությունն, իհարկե, քրիստոնյա չէ, թեկուզ մկրտված է կամ այցելում է եկեղեցի: Բայց այդ առումով կասեմ նաև, որ մեր կրոնական եղբայրների, առաջնորդների մի մեծ մասն այդ նույն հիմնախնդիրն ունի: Իրար մեջ մեծ պայքար, անհանդուրժողականություն կա, ու նաև դրա համար է, որ ժողովրդի մեջ այս վիճակն է: Ինձ թվում է ծայրն այդտեղ է թաղված, շատ հոգևորականներ միայն եկեղեցու մեջ են հոգևորական, եկեղեցուց դուրս իրենք մեր անհավատների նման քաղաքացիներ են: Իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերում, բայց պետք է նկատի ունենալ, որ մի տեր հոր կամ սարկավագի մոտ մի անգամ սխալ բան տեսնելով, բազմաթիվ մարդիկ կարող են միանգամից շուռ գալ եկեղեցուց, նրանց սխալների հանդեպ շատ զգայուն են: Կամ` ի՞նչ է նշանակում երկու կաթողիկոսություն ունենալ, երկու պատրիարքություն: Մոտ մեկ տարի առաջ առիթ ունեցա վեհափառի հետ զրուցել այս թեմայով: Կարող է զարմանալի թվալ, բայց ինքը հենց առաջինն է ուզում, որ միավորվի մեր եկեղեցին, ու պատրաստ է տարբեր զիջումների, առաջարկներ ընդունելու, եթե դրանք կնպաստեն մեր կաթողիկոսությունների միավորմանը: Չգիտեմ ինչու, սայլը դեռ տեղից չի շարժվում: Իմացա, որ դրանից հետո եպիսկոպոսական մեծ համաժողով է եղել այստեղ, երևի դա առաջին հաջողությունն է, որ այդ մասին խոսվել է, հնարավոր է, որ դրանով գոնե վերջին տասնամյակներում (անցյալի պատմությանը բավականաչափ ծանոթ չեմ) առաջին քայլերն են կատարվում այդ ուղղությամբ:
- Ռազմի երկար ու փառավոր ճանապարհ եք անցել, ի՞նչ կասեք մեր բանակի մասին:
- Մեր ժողովուրդը մեր բանակը որպես եկեղեցի պետք է ընդունի, իր զինվորներին էլ որպես իր հավատքի առաջնորդներ: Բանակին պետք չէ տարբեր կողմերից նայել, բանակին պետք է նայել հանուն Հոր, Որդու, սուրբ հոգու: Եթե մենք այս անգամ տանուլ տվեցինք պատերազմում, մեր պետականությունը կկորցնենք: Մի քանի հարյուր հեկտար, կամ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր հող կորցնելը մեծ խնդիր չէ, հետբերովի է դա, բայց եթե մեր պետականությունը կորցնենք, աշխարհով մեկ թափառական ենք դառնալու: Մենք մեր բանակի արժեքն այսօր, ցավոք, դեռ բավարար չափով չգիտենք: Այնուամենայնիվ, ես լավատես եմ:
- Վերջին շրջանում Ադրբեջանը սաստակացրել է հակահայկական, թշնամական հռետորաբանությունը երկրի ներսում և արտաքին աշխարհում, հարձակումները մեր դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի վրա, դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությունը: Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում պատերազմի սանձազերծումը հակառակորդի կողմից:
- Միշտ էլ դա հնարավոր է, միշտ պետք է սպասել, միշտ պատրաստ պետք է լինենք: Չպետք է միանշանակ ասել` վաղը կսկսվի, բայց մի օր սկսվելու է: Երկու կողմն էլ շատ լավ զինված են, ու մի օր դանակը ոսկորին է հասնելու: Միանշանակ է, որ պատերազմը ոչ թե մենք, այլ թուրքերն են սկսելու: Բայց եթե սկսեցին, ընկնելու են մեր ոտքերը, որ այս անգամ ոչ թե 94-ի նման զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ուղղակի չգիտեմ, թե որտեղ է խաղաղության պայմանագիրը ստորագրվելու` Կիրովաբադո՞ւմ, թե Բաքվում: Դրա հետ, միաժամանակ, մեր Հայաստանն էլ կամ կինքնամաքրվի
ներկա թուրք-օլիգարխներից, կամ էլ նրանք իրենց թալանածի մի մասն օգնության կարգով կվերադարձնեն մեր բանակին, որպեսզի ռեաբիլիտացվեն` հույսով, որ մեր ժողովրդի ներմանը կարժանանան: Այդ պատերազմը և իր վատ կողմը կունենա, և լավ կողմը: Եղավ` շատ վատ է, բայց լավ բաներ էլ են լինելու… Աստված տա չլինի:
Ղարաբաղը դեմոկրատական երկրաշարժ էր Խորհրդային միությունում, որը հօդս ցնդեցրեց կոմունիզմի մասին միֆը: Գորբաչովը կոմունիստների երկրում Հուդա էր: Նա այնքան տհաս և անհեռատես մարդ էր, որ իր եսամոլական ցանկություններից ելնելով, հնարավոր է նաև արտաքին ուժերի պատվերը կատարելով, աշխարհի մեծագույն պետություններից մեկը կործանեց, մինչդեռ պետք է այն վերափոխեր տնտեսական ու ժողովրդավարական նոր նորմերին համապատասխան:
Գորբաչովը նաև միջազգային շուկայում անկայունություն ստեղծեց: Տնտեսական և քաղաքական ճգնաժամը սկսվեց Խորհրդային Միության հզոր ու հարուստ տնտեսության թալանից: Փոխանակ Գորբաչովը մինչ կյանքի վերջը ճաղերի ետևում անցկացներ, նրան Նոբելյան մրցանակ տվեցին, հռչակեցին տարվա մարդ:
Խորհրդային միության փլուզումից հետո էլ, արդեն շուրջ 23 տարի, քանդեցին ու դոմինոյի սկզբունքով շարունակվում են քանդվել երկրներ, կործանվել մարդկային միլիոնավոր ճակատագրեր, տուժում են նաև ազգերի մշակույթները:
Խորհրդային միության հիմքում թեև ոչ ճիշտ ձևավորված տնտեսությունն էր, բայց, որպես կայացած ու ռազմական առումով հզոր պետություն, այն սարսափ էր տարածում և համաշխարհային քաղաքականության մեջ պահպանում իր առաջնակարգ դիրքերը: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ունեին հնարավորություն Խորհրդային Միության փլուզմանը չխառնվելու, բայց այնտեղ էլ խելացի մարդիկ շատ չէին: Կոմունիստների վախից նրանք դողում էին, և Միության փլուզումը նրանց էլ էր ձեռնտու: Իսկ հիմա բոլորը` թե՛ մի կողմը, թե՛ մյուսը, հայտնվել են կոտրած տաշտակի առջև:
Ցավոք, Խորհրդային միությունը մտածում էր միայն իր համաշխարհային հռչակի, ճանաչման մասին: Այնքան վստահ էր իր կոմունիստական համակարգի հարատևության վրա, որ չէր մտածում անցումային շրջանի համար որևէ ծրագիր ստեղծելու մասին: Մինչդեռ խոսքը 250 000 միլիոն մարդկային ճակատագրերի, մշակույթի, գիտության և Միության կազմում գտնվող պետությունների համատեղ ձեռքբերումների մասին էր: Սա է պատճառը, որ հետխորհրդային պետություններից և ոչ մեկը մինչև հիմա ուշքի չի եկել: Ռուսաստանի ծայրամասերում ապրողներն էլ աղքատության ու սովի են մատնված:
Այնքան ժամանակ, քանի դեռ Խորհրդային միության նախկին երկրներում կշարունակվեն թալանն ու անօրինությունները, համաշխարհային տնտեսությունն ու քաղաքական համակարգերը կշարունակեն պայթյունավտանգ լինել: Կարծում եմ, որ հենց դրա համար համաշխարհային հանրությունը, եթե ոչ թե ձևացնում, այլ իսկապես շահագրգիռ է առկա խնդիրների լուծմամբ, պետք է դրա համար նոր ճանապարհներ փնտրի: Պետք է սկսել այն կետից, որտեղից ամեն բան սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղից: Պետք է, ինչպես ասում են, իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչել, այսինքն` ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները:
Հարց է առաջանում՝ Ադրբեջանի ինչի՞ն է պետք Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ եղբայրներ ենք, ո՛չ ընկերներ, հակառակը՝ թշնամիներ ենք դարձել: Համաշխարհային տերություններն ինչպե՞ս են պատկերացնում մեր՝ մի տանիքի տակ ապրելու գործընթացը: Ինչպե՞ս կարող է գիշատիչ բորենին եղնիկի հետ նույն վանդակում ապրել: Եվ ինչո՞ւ: Վերջիվերջո, ի՞նչ է այս ամենը տալիս Ադրբեջանին՝ խնդիրների կույտ, մեծագույն ծախսեր… Ասացվածք կա` ուժով սիրելի չես լինի: Աստված այնպես է ստեղծել ժողովուրդներին, որ ոչինչ փոխել պետք չէ: Ամեն մեկն իր տեղն ունի այս կյանքում, իր լեզուն ունի, իր կրոնը և այլն: Ինչո՞ւ Աստծուն դեմ գնալ: Եթե ժողովուրդն ուզում է, խնդրեմ, վերցրու նրան թևիդ տակ և թելադրիր քո պայմանները, իսկ եթե չի ուզում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչի կարող է դա վերածվել:
Եթե ինքը` ժողովուրդը, չի ցանկանում քո տուն մտնել, ինչո՞ւ ստիպողաբար պահես նրան քեզ մոտ: Չէ՞ որ դրանով այն արդեն իսկ մեխանիկորեն քեզ թշնամի է դառնում: Իսկ թշնամուն տանը պահել չի կարելի:
Խաղաղության վրա է պետք գումարներ ծախսել, ոչ թե պատերազմի: Բայց հակառակն է տեղի ունենում ՝ խաղաղության վրա ծախսվում է ուղիղ այնքան, որքան սեփական կանանց վրա են ծախսում, իսկ պատերազմի վրա՝ ճիշտ այնքան, որքան ծախսում են սիրուհիների վրա: Սա է մեր իրականության պարադոքսը, և այս ամենն է պատճառը համաշխարհային ճգնաժամերի, լացի ու թափված աղի արցունքների: Մարդի՛կ, խնդրում եմ, ուշքի եկեք, վա՛յր դրեք զենքերը:
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի