Տպագրվել է Ուեյն Սթեյթ Համալսարանում
1800-ականներին շատ հեմշինցիներ տեղափոխվեցին Սամսոն (Սամսոն) եւ Օրդու, իսկ ավելի ուշ` Կրասնոդար եւ Աբխազիա (Վրաստան)` պահպանելով իրենց լեզուն ու մնալով քրիստոնյաներ: Այսօր նրանք հայտնի են որպես հյուսիսային հեմշինցիներ:
Ութերորդ դարում Համամ իշխանն ու նրա հայր իշխան Շապուհ Ամատունին արաբական ներխուժման ճնշման տակ ստիպված եղան լքել իրենց հողերն Արտազում: Երկու իշխանները, իրենց ժողովրդի, քահանաների ու զինվորների հետ միասին տեղափոխվեցին սեւծովյան շրջան, ուր բնակություն հաստատեցին Թամբուր կոչվող ավերված մի քաղաքում եւ շրջակա գյուղերում (ներկայումս` Հեմշին եւ Չամլի Հեմշին):
Համամ իշխանը վերակառուցեց Թամբուր քաղաքն ու կոչեց այն Համամշեն (կառուցված Համամի կողմից): Ժամանակի ընթացքում Համամշենը դարձավ Համշեն հայերենում եւ Հեմշին` թուրքերենում: Այստեղ հարկ է նշել, որ Շապուհ Ամատունու նախապապն է եղել Վահան Ամատունին, ում գերեզմանը մինչ այսօր կա Օշական քաղաքում:
Այլ հեմշինցիներ տեղափոխվեցին Հոփա-Բորչքա տարածաշրջան (Թուրքիայի Արդվին մարզ), սկզբում կարողացան պահել իրենց լեզուն, բայց մի քանի տասնամյակ հետո ստիպված էին փոխել այն: Այսօր նրանք հայտնի են որպես հոփա-հեմշինցիներ (արեւելյան):
Այն հեմշինցիներն, ովքեր մնացին իրենց տարածքում (Թուրքիայի Ռիզե մարզ), կորցրեցին իրենց կրոնն ու, աստիճանաբար, նաեւ` լեզուն: Նրանք խոսում են հեմշինջի լեզվով, որը հանդիսանում է թուրքերենի բարբառ եւ պարունակում մի շարք հայերեն բառեր: Այսօր նրանք հայտնի են որպես բաշ-հեմշինցիներ (արեւմտյան):
Համշենի իշխաններն են.
1. Իշխան Համամ ( 700թ.)
2. Իշխան Առաքել (1400թ.)
3. Իշխան Դավիթ Ա (1425թ.)
4. Իշխան Վարդ (1440թ.)
5. Իշխան Վեքե (1460թ.)
6. Իշխան Դավիթ Բ (վերջին իշխանը)
Բազում դարերի ընթացքում համշենցիները վկա են եղել շատ աղետների, ողբերգությունների ու արյունահեղությունների, բայց ժողովրդի ուժեղ կամքի եւ աշխարհագրական պայմանների շնորհիվ նրանք կարողացել են դարերով պահել իրենց հայկական ինքնությունը, սովորույթները, մշակույթը, լեզուն ու կրոնը:
Մինչեւ 14-րդ դարը Համշենը թագավորություն էր, որն իշխաններն էին կառավարում: Օսմանյան կայսրության հաստատմանը զուգընթաց Համշենի խնդիրներն աճեցին ծավալով ու բարդությամբ: Իրենց ողջ հզորությամբ, օսմանները փորձեցին կրոնափոխ անել համշենահայերին ու դարձնել մահմեդական թուրքեր: Նրանք կամ խաբեությամբ փորձում էին կրոնափոխ անել համշենցիներին` խոստանալով ազատել հարկերից, կամ ռազմական իշխանություն էին կիրառում նպատակին հասնելու համար: Եվ, քանի որ համշենցիները շատ հպարտ ու հավատացյալ մարդիկ էին, օսմանները ստիպված էին ուժ կիրառել:
15-19 դարերում համշենական գյուղերում բազմաթիվ բախումներ, ընդհարումներ տեղի ունեցան: Շատ ընտանիքներ տեղափոխվեցին Կարադերե, որտեղ մեկ դար անց նորից խնդիրներ ունեցան ու ստիպված էին նորից գաղթել, կամ ձուլվել: 18-րդ դարում համշենցիների մի մեծ խումբ բնակություն հաստատեց Արդվին, Հոփա եւ Բաշ գյուղերում: Այս բնակավայրերը հիմա էլ կան, եւ գյուղացիները պահել են իրենց լեզուն: 1915 թվականի հայոց ցեղասպանության ողբերգությունից բաժին հասավ նաեւ համշենցիներին: Նրանցից շատերը ձերբակալվեցին, վտարվեցին ու սպանվեցին իրենց գյուղերում:
Եկեղեցիները վերածվեցին մզկիթների, հայկական ազգանունները փոխվեցին. Հակոբյանը դարձավ Հակոբօղլու, Ապելյանը` Ապելօղլու…
Գիտական հետազոտությունը փաստում է, որ համշենցիների իսլամացումը սկսվել է դեռեւս 1700-ականներին: Շատերը ցրվել են ու բնակություն հաստատել Սեւ ծովի ափամերձ գոտու տարբեր բնակավայրերում` Տրապիզոնում, Օրդուում հենց ձուլման վտանգին չենթարկվելու համար: Այս ժամանակահատվածից չի պահպանվել ոչ մի արձանագրություն/գրառում, որը կպարզաբաներ, թե ինչպես եւ ինչու են նրանք մահմեդականացել: Նմանատիպ բոլոր տեղեկությունները մեզ հասել են տվյալ ժամանակաշրջանից 100-150 տարի անց միայն: