понедельник, 14 апреля 2014 г.

1919թ.ի ապրիլի 14. Նախագահ Վիլսոնի հանդիպումը Ա. Ահարոնյանի և Պողոս-Նուբար փաշայի հետ ուրվագծեց «Ծովից ծով Հայաստան»ի քարտեզը. ( Аудио ).


Ապրիլի 14-ին, 95 տարի առաջ, Փարիզում պատմական մի հանդիպում տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի և Հայաստանն ու հայ ժողովրդին ներկայացնող զույգ պատվիրակությունների նախագահներ Ավետիս Ահարոնյանի և Պողոս-Նուբար փաշայի միջև: Առաջին Աշխարհամարտը նոր էր ավարտվել և Փարիզում իր աշխատանքները սկսել էր Խաղաղության Խորհրդաժողովը, որը ամիսներ տևեց, որովհետև իր օրակարգի վրա ուներ ետ-պատերազմյան աշխարհի քաղաքական նոր քարտեզը ձևավորելու մեծ խնդիրը:
Հաղթական Դաշնակիցները ուղղակի «պատերազմական ավար»ը իրենց միջև բաժանելու խոլ մրցապայքարի մեջ էին: Հատկապես Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստանձնել էին Աշխարհամարտի հաղթանակի «պտուղներ»ից առավելագույնս օգտվելու և իրենց մեծ ու փոքր դաշնակիցներին էլ այդ ավարից «փշրանք»ներ բաժին հանելու դերակատարությունը:
Ռուսաստանը վերջ էր տվել իր Ցարական Կայսրությանը և ընկել էր մեծ հեղափոխության մի ներքին գալարումների մեջ՝ մեկուսանալով նոր աշխարահակարգի ձևավորման մեծապետական մրցապայքարից: Կայսերական Գերմանիան ջախջախիչ պարտություն էր կրել և ակամա ձեռնածալ նստած՝ դիտում էր ու սպասում, թե ինչպե՞ս պիտի ավարտվի համաշխարհային տարողությամբ առաջ ընթացող գաղթատիրության մրցապայքարը...
Միջազգային բեմահարթակի վրա հայտնվել էր նոր մրցակից` հանձինս Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը թեև ուղղակիորեն մաս չկազմեց Առաջին Աշխարհամարտի բռնկմանը և ծավալման, բայց նրա ավարտի փուլում աշխույժ մասնակցություն ցուցաբերեց պարենով, զինամթերքով, մարդուժով ու տեղահանների և գաղթականների պատսպարման ու հոգատարության ծառայություններով:
Ահա այդ պայմաններում, նախագահ Վուդրո Վիլսոնը բազմանդամ մի պատվիրակությամբ եկել էր Փարիզ, ուր շուրջ վեց ամիս մնաց և մոտիկից հետևեց ու մասնակից դարձավ աշխարհի քաղաքական նոր քարտեզի ձևավորման տենդոտ բանակցություններին:
Մեծն Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմական գողոնի իրենց միջև բաժանումը և նոր գաղթատիրության հաստատումը գաղափարականորեն դիմահարդարում էին փոքր ազգերի ազատագրման և բռնատիրական լուծերը ժողովրդավարական ու ազատական իշխանություններով փոխարինելու գրավիչ կարգախոսներով:
Այդ առումով էլ Միացյալ Նահանգները բնականաբար հայտնվեց նման կարգախոսների դրոշակակիրի առաջապահ դիրքում:
Ի վերջո Միացյալ Նահանգների նախագահը՝ Վ. Վիլսոնն ինքնին մի ախոյան էր մարդկայնական վեհ գաղափարների հռչակման ու պաշտպանության ասպարեզում:
Փարիզի Խորհրդաժողովի կարևորագույն օրակարգերից մեկը, եթե ոչ առաջնայինը, բնականաբար, փլուզված Օսմանյան Կայսրության ավերակների վրա Արևելքի նոր քարտեզի ձևավորումն էր:
Եվրոպայի «Հիվանդ Մարդը» ոչ ևս էր և Մեծն Բրիտանիայից ու Ֆրանսիայից, հյուսիսային Աֆրիկայից մինչև Միջին Արևելք ու Փոքր Ասիայից մինչև Կասպից Ծով, պետք է վերադասավորման ենթարկեին... հին աշխարհը:
Դաշնակից ախոյանների գլխավոր շահագրգռությունը, անկասկած, Սև Ոսկու պաշարների վրա սեփական տիրապետությունը հաստատելն էր՝ միաժամանակ բավարարություն տալով դաշնակից, նաև ազդեցիկ ուժերի ախորժակներին, ինչպիսին էր մանավանդ Հրեական մի Օջախի ստեղծման պահանջով Սիոնականության և Մասոնականության աշխուժացումը:
Բայց ո՛վ ավելի իրավացիորեն, եթե ոչ հայ ժողովուրդը ի՛նքը ամեն հիմք ուներ ինքնավստահությամբ իրավատեր ու պահանջատեր ներկայանալու հաղթական Դաշնակիցներին։ Փաստորեն թե՛ Ռուս-Թուրքական ռազմաճակատի ամբողջ երկայնքին, թե՛ Միջին Արևելքի ռազմաճակատների վրա, Հայ Կամավորական Գունդերով և Արևելյան Լեգեոնի Հայկական ստորաբաժինով՝ մեր ժողովուրդը քաջաբար կռվում էր Դաշնակիցների կողքին և եկել էր ժամը քաղելու «Փոքր Դաշնակից»ի իր մեծ զոհաբերության արդարացի պտուղները:
Պատմաքաղաքական զարգացումների այս խճանկարի մեջ տեղավորվում է 1919թ.ի Ապրիլի 14-ին կայացած Ավետիս Ահարոնյանի և Պողոս-Նուբար փաշայի միացյալ ու բախտորոշ հանդիպումը նախագահ Վիլսոնի հետ:
Հայ գրականության «Թուխ Արամազդ»ը՝ Ավետիս Ահարոնյանն էր գլխավորում նորանկախ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, իսկ Պողոս-Նուբար փաշան՝ Արևմտահայոց Համագումարի կողմից կյանքի կոչված Ազգային Պատվիրակությունը:
Շատ գրված և վեճերով խճճված ամբողջ  թղթածրար մի գոյություն ունի Հայկական Հարցը զույգ պատվիրակություններով աշխարհին ներկայացնելու պատմական այս նախադեպի մասին։ Նաև զույգ պատվիրակությունները իրենք անհարկի և ծանրակշիռ յուղ են թափել  ազգային երկպառակության ինքնին թեժ կրակի վրա։ Պողոս-Նուբարը՝ իր կողքին ունենալով Անդրանիկին, շարունակ համառեց «Արարատյան Հանրապետություն» կոչել Հայաստանի Հանրապետությունը և մերժեց ճանաչել ամբողջ հայ ժողովրդին ներկայացնելու նրա բնական իրավունքը։ Մինչ Թիֆլիսի Ազգային Խորհրդի արևելահայ մտածողության դրոշակակիրն ու պատգամաբերը՝ Ավետիս Ահարոնյանը, բնավ չհաշտվեց արևմտահայ մտածողության այն պնդման հետ, որի համաձայն՝ «Ծովից Ծով Հայաստան»ի ստեղծումն էր Հայկական Հարցի իրա՛վացի լուծման նախապայմանը:
Բայց հանուն պատմական ճշմարտության պետք է ընդգծել, որ ներքին այդ բոլոր տարակարծություններով հանդերձ՝ զույգ պատվիրակություններն ու նրանց ետևում կանգնած հայկական ուժերը, պատմական այդ բախտորոշ պահին, կարողացան համակարգել իրենց ուժերը և գործակցաբար ներկայանալ աշխարհի ճակատագիրը վճռող ուժերին, դրսևորելով պետական մտածողության անհարժեշտ մակարդակը, որ մեծապես ուսանելի է մնում հայ քաղաքական մտքի առաջնորդների համար նաև մեր օրերին:
Փաստորեն նախագահ Վիլսոնի հետ Պողոս-Նուբարի և Ավետիս Ահարոնյանի միացյալ հանդիպումը այդ պետական հասունության լավագույն վկայությունն է հանդիսանում համակարգված գործելու և իրար լրացնելու:
Հայ ժողովրդի զույգ պատվիրակություների նախագահները նախապես՝  1919թ.ի փետրվարի 26-ին, Փարիզի Խորհրդաժողովի պաշտոնական նիստին ունեցան առանձին ելույթներ և ներկայացրին իրենց պատվիրակության անջատ պահանջները։ Ահարոնյանի ելույթը պահանջում էր Հայաստանի Հանրապետության ընդարձակումը դեպի Տրապիզոնի և Կարնո նահանգները, անցնելով Վանի և Բիթլիսի նահանգներից, որպեսզի հայ ժողովուրդը ելք ունենար Սև Ծովի վրա։ Իսկ Պողոս-Նուբարը պահանջում էր Կիլիկիայում Հայկական Օջախի ստեղծումը, որ պիտի դրվեր միացյալ Հայաստանի Հանրապետության հոգատարության տակ:
Զույգ պատվիրակությունների առաջադրած լուծումների նկատմամբ հաղթական մեծ Դաշնակիցներից յուրաքանչյուրը անշուշտ ուներ իր ուրույն դիրքորոշումը։ Այդ պատճառով էլ հատկապես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուղղությամբ դիվանագիտական աշխույժ գործունեություն ծավալեցին հայոց զույգ պատվիրակությունները, որպեսզի մեծապետական սակարկությունների խոհանոցին զոհ չգնա Հայկական Իրավունքի վերականգնումը։ Իսկ Մ. Նահանգների նախագահի հետ հանդիպումը հատուկ կարևորություն էր ներկայացնում, որովհետև Խորհրդաժողովը սկզբունքային համաձայնություն էր տվել արդեն իրավարարի դերը վստահելու Վուդրո Վիլսոնին:
Պատմական փաստաթղթերը, պետական արխիվները և մասնակիցների հուշերը հաստատում են, որ նախագահ Վիլսոնն ամբողջական համակրանքով ու համաձայնությամբ ընդառաջեց թե՛ Ահարոնյանի, թե՛ Պողոս-Նուբարի առաջարկած Հայկական Հարցի լուծման տարազներին։ Խոստացավ այդ հիման վրա կատարել իր իրավարարությունը, որի պսակումը եղան թե՛ Կիլիկիայում Հայկական Օջախի ստեղծման գաղափարի որդեգրումը, թե՛ Հայաստանի և Թուրքիայի միջև կատաված պետական սահմանների միջազգային միակ փաստաթղթի մշակումը, որը հայտնի դարձավ «Ուիլսոնյան Սահմաններ» անունով:
95 տարի է անցել 1919թ.ի ապրիլի այդ պատմական հանդիպումից ։ Թեև այդ հանդիպումը արդյունք տվեց և ստորագրվեց Սևրի Դաշնագիրը, բայց պատմությունը բոլորովին տարբեր հոլովույթ արձանագրեց և Սևրի Դաշնագիրը... մնաց սոսկ միջազգային մի իրավաթուղթ:
Առանձին քննության նյութ է, անշո՛ւշտ, թե ինչո՛ւ Հայկական Հարցը իրողապես չգտավ իր քաղաքական արդար լուծումը:
Բայց անպայման տեղին է հիշեցնել, որ իր ներքին բոլոր տարակարծություններով հանդերձ՝ հայ քաղաքական միտքը ի վիճակի է համակարգված ու միացյալ մոտեցումով ներկայանալու աշխարհին, երբ հնչի Մեծ Հատուցման Պահը:
Անխուսափելի այդ Մեծագույն Օրվա նախադեպը հանդիսացավ Սևրի Դաշնագիրը, ուր Արդարության և Միջազգային Իրավունքի առջև խոնարհվելով՝ թուրքական պետությունը ճանաչեց Հայաստանը իբրև անկախ պետություն, Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հայկական հողերով, Վիլսոնյա՛ն սահմաններով: