суббота, 3 мая 2014 г.

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՐՑՆԵԼ, ԹՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ ։

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎԻ հետ
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՐՑՆԵԼ, ԹՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ-Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվորի» և մեր ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Ընդունեք մեր ամենաջերմ մաղթանքները։ Եվ ուզում եմ մեր զրույցն սկսել մի հարցով, որը, վստահ եմ, շատերին է հետաքրքրում՝ Դուք զտարյուն հա՞յ եք, որտեղի՞ց է ծագում Ձեր Ապրիամով ազգանունը, ինչո՞ւ եք իտալական անուն կրում, և ինչո՞ւ են մտերիմները Ձեզ կոչում Դաթո։

-Նույն հարցը տվեց Վազգեն Սարգսյանը, երբ առաջին անգամ տեսավ ինձ։ Այո՛, ես հայ եմ, ապուպապերս Ապրիամով ազգանունն են կրել, որը (իմ ստուգաբանությամբ) նշանակում է ապրիր համով։ Նախնիներս Վրաստան են եկել Էրզրումից։ Ես ծնվել եմ Թբիլիսիում, այսպես ասած, հավլաբարցի եմ։ Ինչո՞ւ՝ Էնրիկո։ Մայրս երաժշտության սիրահար էր, նա դաշնամուր էր նվագում… և մեծն Էնրիկո Կարուզոյի երկրպագուն էր։ Այո՛, մտերիմներս ինձ կոչում են Դաթո… և այդ անվան հետ մի տխուր պատմություն է կապված։ Իմ ավագ եղբայրը, որի անունը Էնրիկո էր, մահացել էր։ Ամեն անգամ անունս լսելիս մայրս հիշում էր վաղամեռիկ որդուն, ու արցունքը չէր չորանում նրա աչքերից։ Մի օր հայրս որոշեց ու հայտարարեց, որ այսուհետ ինձ պիտի կոչեն Դավիթ (հայերը Դավիթը կրճատելիս ասում են Դավո, վրացիները՝ Դաթո)։ Ու ես դարձա Դաթո։

-Ձեր կենսագրական տեղեկություններին ծանոթանալիս իմացա, որ վրացական դպրոց եք ավարտել։

-Մորական տատս վրացուհի էր։ Նա մեզ հետ էր ապրում։ Ու ծնողներս նրան վստահեցին թոռանը (ինձ) առաջին անգամ դպրոց տանելու պարտականությունը։ Հայկական թիվ 104 և վրացական թիվ 71 դպրոցները նույն շենքում էին։ Ու վրացուհի տատս որոշեց, որ ինձ պիտի տանի վրացական դպրոց։ Ես արդեն 2-րդ դասարանում էի, երբ հայրս իմացավ այդ մասին։ Ու շատ բարկացավ։ Նա հայրենասեր, ազնիվ ու պատվարժան մարդ էր։ Երբ ինձ խրատում էր, ասում էր՝ հայը պիտի աշխատասեր լինի, գրագետ լինի, ուժեղ լինի, ազնիվ լինի։ Իսկ երբ սաստում էր, ասում էր՝ հայը իրավունք չունի նման բան անելու։ Թիֆլիսում բազմաթիվ ազգեր էին բնակվում, ու ոչ մի խտրականություն չկար, բայց հայրս միշտ ասում էր՝ եթե ուզում ես տեղ ունենալ այս արևի տակ, պիտի լավագույնը լինես։

-Եվ Դուք դպրոցում սովորում էիք գերազանց գնահատականներով, ակորդեոն էիք նվագում երաժշտական դպրոցում և մեծ թենիս սպորտաձևում դառնում եք Թբիլիսիի չեմպիոն…

-Երեխաների դասերով ու դաստիարակությամբ զբաղվում էին մայրս ու տատս։ Հիշում եմ՝ նույնիսկ վրացուհի տատս էր մեզ պատմում եղեռնի, հայոց մեծերի ու մշակույթի մասին։ Մենք հաճախում էինք Հայ առաքելական եկեղեցի, հոգևոր զրույցներ էինք լսում։ Մասնակցում էինք պատարագի։

-Ո՞վ էր Ձեր մանկության հերոսը։

-Իմ թենիսի դասատուն՝ Արամ Խանգուլյանը։ Իմ մանկության տարիներին փող կամ շքեղ մեքենա ունենալը հերոսություն չէր համարվում, այլ՝ երբ քո տաղանդով ու աշխատասիրությամբ բարձունքներ էիր նվաճում ու փառք էիր բերում քո դպրոցին, քո քաղաքին, քո երկրին։ Արամ Խանգուլյանի անունը թնդում էր երկրով մեկ, քանի որ նրա սաները մեծ հաջողությունների էին հասնում սպորտում։ Իսկ ես Արամ Խանգուլյանից եմ սովորել կազմակերպվածություն, հաստատակամություն, համարձակ նպատակներ ունենալու խիզախություն…

-Դուք Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարան եք ընդունվել գերազանց գնահատականներով և եղել եք բուհի լավագույն ուսանողներից մեկը։ Որո՞նք էին Ձեր հաջողությունները երաշխավորող ամենակարևոր պայմանները։

-Որքան էլ ռազմական բուհում լավ սովորես, սպա ես դառնում զորքերում ծառայելիս։ Եվ քեզ սպա են դարձնում քո անմիջական հրամանատարները։ Որովհետև դու նրանց հսկողությամբ ես կատարում առաջին քայլերդ, նրանցից ես սովորում։
Մենք՝ բուհն ավարտած ընկերներով, ծառայության անցանք զորամասում՝ մի մասս ավագ լեյտենանտ, մարտկոցի հրամանատար Սիդելնիկովի անմիջական հրամանատարությամբ, մյուս մասը՝ մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Անուխինի։ Նրանք, ովքեր Անուխինին «բաժին ընկան», այդպես էլ չկայացան, չկարողացան վեր բարձրանալ զինվորական հրամանատարական աստիճաններով։ Իսկ ովքեր իրենց ծառայությունն սկսեցին Սիդելնիկովի հրամանատարությամբ, դարձան օրինակելի սպաներ, և բոլորն էլ հետագայում կարևոր պաշտոններ զբաղեցրին զինված ուժերում։

-Խորհրդային զինվորական կրթօջախներ ավարտած սպաները անթաքույց շեշտում են խորհրդային ռազմական դպրոցի առավելությունները։ Ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞վ են մեր ռազմական բուհերը հետ մնում խորհրդային նվաճումներից։

-Գաղափարախոսությամբ։ Եվ ոչ միայն ռազմական բուհերը։ Մեր կրթությունը մի շատ կարևոր բաց ունի՝ չկա գաղափարախոսական առանցք, չկա բարոյա-արժեքային հենք, չկա կրթա-դաստիարակչական գործընթացի միասնականություն ու շարունակականություն։ Խորհրդային ռազմական բուհի շունչն ու ոգին, էությունը, առանցքը ապագա սպայի բարոյական կոդեքսն էր, մենք գիտեինք, որ պիտի բավարարենք շատ բարձր չափանիշներ, որ պարտավոր ենք ու համալրելու ենք հասարակության ամենավերին, ամենահարգված ու ամենապատվարժան խավը։ Ուստի ռազմական բուհում մեզ սովորեցնում էին ամեն ինչ՝ սկսած տարրական բարեկրթությունից։ Մեզ նույնիսկ պարել էին սովորեցնում։

-Գիտեմ։ Մարտի 8-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ տեսա, թե որքան թեթև ու սահուն էիք պտտվում երգչուհի Զարուհի Բաբայանին գրկած։ …Եվ քանի որ անցանք կանանց, եկեք մի պահ ընդհատենք զինվորական թեման և հիշենք այն հեռավոր օրերը, երբ Անդրբայկալում ծառայելիս տեսաք գեղեցկուհի Նադյային։

-Այդ մանրամասները որտեղի՞ց եք գտել։ Լավ տեղեկացված եք։

-Տեղեկացված լինելն իմ մասնագիտությունն է, այլապես չեմ կարող տեղեկացնել մյուսներին։ Խնդրում եմ՝ նաև պատմեք. դժվար չէ՞ր արդյոք ռուս կնոջից հայ ավանդապահ տանտիկին «ստանալը»։

-Ես 22 տարի ապրում եմ նույն կնոջ հետ ու մինչև հիմա չեմ բաժանվել։

-Գովեստի արժանի ձեռքբերում է…

-Որովհետև Նադյան, իրոք, հրաշալի կին է։ Նա շատ լավ ընտանիքից է, խիստ դաստիարակություն է ստացել։ Նադյան լավ տանտիկին է ու արագ յուրացրեց հայկական ավանդույթները։ Ես երախտապարտ եմ կնոջս, որովհետև նա շատ լավ խնամեց մայրիկիս, իրոք, նրան շրջապատեց սիրով ու ջերմությամբ։ Ու մտերիմ է բոլոր հարազատներիս հետ։ Մահացած եղբորս կինը, որը վրացուհի է, գալիս է Երևան և ամիսներով մնում է մեր տանը։ Ինձ համար շատ կարևոր է, որ կինս նվիրված է իմ հարազատներին։ Կինն է տունդ օջախ դարձնում։ Կինն է դաստիարակում զավակներիդ։ Կինն է թիկունքդ ամուր պահում։

-Պարոն գեներալ, ես գիտեմ, որ Դուք Հայաստան եք եկել Ձեր նախաձեռնությամբ, թողել եք բարձր պաշտոնը խորհրդային բանակում, բնակարանը, մեքենան և եկել եք Լենինական երկրաշարժից հետո և ստանձնել եք Լենինականում տեղակայված զորամասի հրամանատարի պարտականությունները։ Ես Ձեզ չեմ հարցնի, թե ինչպե՞ս ծնվեց այդ որոշումը, որովհետև գիտեմ պատասխանը։ Ես Ձեզ չեմ հարցնի նաև այն բախտորոշ ճակատամարտերի մասին, որոնց անձամբ եք մասնակցել։ Ինձ այլ բան է հետաքրքրում. ո՞րն է Ձեր ամենակարևոր բացահայտումը Արցախյան պատերազմից։

-Ես երբեք Հայաստանում չէի եղել, չգիտեի՝ ուր եմ գնում, Հայաստանում ոչ մի հարազատ չունեի… Ես հաճելիորեն զարմացա՝ տեսնելով հայ մարդու տոկունությունը, ապրելու կամքը, լավատեսությունը, հաղթելու անկասելի ուժը։ Իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ես հասկացա, որ երբ միասին ենք, ոչ մի ուժ չի կարող հաղթել մեզ։

-Պարոն գեներալ, Ադրբեջանը զինվում է մեծ արագությամբ, գնելով ավելի հզոր զենքեր։ Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում սպառազինման վրա։ Ի վերջո, գլխաքանակով մեզնից շատ են։

-Եթե Ադրբեջանն ուզում է նոր տարածքներ կորցնել, թող պատերազմ սկսի…

-Պարոն գեներալ, երբ ազատամարտիկներն ասում են՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, Բաքու ենք մտնելու… Ես դա կարող եմ հասկանալ։ Բայց Դուք բարձրաստիճան զինվորական եք, և Ձեր ինքնավստահությունը, իրոք, խանդավառում է ինձ…

-Շատ զենք ունենալը դեռևս արդյունավետ մարտ վարելու երաշխիք չէ։ Ադրբեջանի ունեցած 180 ինքնաթիռներից այսօր սարքին վիճակում են 80-ը, մնացածները բեռ են, մետաղի ջարդոն։ Նույնը վերաբերում է տանկերին։ Ի վերջո, զենքի առատությունը չի որոշում զորքի ուժը։ Ադրբեջանն ավելի շատ զինվում է քարոզչական նպատակներով՝ սեփական ժողովրդի վախը վանելու և մեզ վախեցնելու համար։ Ես մի բան կասեմ հաստատ ու աներկբա՝ մեր բանակը այսօր պատրաստ է անխաթար պահելու հայրենիքի սահմանները և պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունը։

-Ո՞րն եք համարում բանակի ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիներին և ամենամեծ բացթողումը։

-Ամենամեծ ձեռքբերումը կանոնադրային հարաբերությունների հաստատումն է և սպա-զինվոր փոխհարաբերությունը օրինականության դաշտ տեղափոխելը։ Այսօր զինվորը արժեք է սպայի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բավական է համեմատել 1994-2004-2014 թվականների մահվան ելքով դեպքերի քանակը, և կհասկանանք, թե բանակը որտեղից ուր է հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծապես կարևորում է զինված ուժերում, հատկապես զորքերում միջանձնային փոխհարաբերությունների կատարելագործման խնդիրը։ Նախարարը սեփական օրինակով է ենթակաների նկատմամբ հոգատարություն, ջերմություն ու սրտացավություն հուշում անձնակազմին։
Դանդաղ է կայանում վաշտի (մարտկոցի) հրամանատարների ինստիտուտը, ինչը համարում եմ լուրջ խոչընդոտ մեր առաջընթացի ճանապարհին։

-Պարոն գեներալ, ինչպե՞ս եք տնօրինում ազատ ժամանակը, ինչպե՞ս եք զվարճանում, որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները։

-Շատ եմ սիրում թենիս խաղալ։ Նույնիսկ մարզիչ ունեմ՝ տիկին Գայանեն։ Բանակում ինձ միայն փոխնախարար Նազարյանն է հաղթում։ Մյուսներին ես եմ հաղթում։ Փոքրիկ ուրախություննե՞ր՝ ասում եք… խաղում եմ թոռներիս հետ։ Ակորդեոն եմ նվագում։

-Իսկ ի՞նչ երազանքներ ունի գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։

-Ուզում եմ աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մեկ էլ… առողջություն եմ ցանկանում կնոջս։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ։

ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸՍիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը հայրենիքում է։ Մենք առիթ ունեցանք զրուցելու երգչի հետ, հիշելու նրա անցած ճանապարհի ամենաիրադարձային դրվագներն ու ամենատաք հանգրվանները, լսելու նրա մտորումներն ու խոհերը։

-Պարոն Փամբուկչյան, փոխվում են ժամանակները, փոխվում են մարդկանց գեղագիտական ընկալումները, մտածելակերպը, աշխարհայացքը, և շատ երգիչներ, որոնք սիրված ու հանրահռչակ էին նախկինում, մոռացության են մատնվում, և շատ երգեր, որոնք մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշն էին, մերժվում են երիտասարդ սերնդի կողմից։ Բայց ահա, Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութի) երգերը ճեղքել են տարիների պատնեշը և հնչում են, և հուզում են… Էլ չենք դառնա մենք 20 տարեկան… Սիրում եմ քեզ… Երբ բացվում է առավոտը… Թե աչքերս քեզ որոնեն… Սա ի՞նչ ֆենոմեն է…

-Ժամանակին մի հրաշալի, հանրահռչակ երգիչ կար՝ Ժան Տատրյան։ Երբ նա երգում էր, դահլիճը պայթում էր ծափերից, հանդիսատեսը պաշտում էր նրան, աղջիկների երազանքն ու կուռքն էր։ Իմ ծննդյան 60-ամյակի առթիվ Մոսկվայում համերգ էր կազմակերպվել։ Հրավիրել էին նաև Ժան Տատրյանին։ Ժանը երգեց.. ու դահլիճը չծափահարեց։ Այնքան տխուր էր, սիրտս այնպես ցավեց։ Երկու տարի առաջ հանրապետական կուսակցության հրավերով երգում էի մարզահամերգային համալիրում։ Ու երբ նկատեցի, որ դահլիճում գերակշիռ մասը 18-20 տարեկան պատանիներ ու աղջիկներ են, սկսեցի վախենալ, հուզվեցի… Բայց երբ հնչեցին երգի առաջին հնչյունները՝ երբ բացվում է առավոտը… դահլիճը ալեկոծվեց, նրանք սկսեցին երգել ինձ հետ, ու ես հասկացա, որ երիտասարդ սերունդը գիտի ինձ, գիտի ու սիրում է իմ երգերը։

-Ինչո՞ւ…

-Ես մտածել եմ այդ մասին։ Ես անկեղծ ու անմնացորդ եմ բեմի վրա, ես տրվում եմ լիովին, մինչև վերջ։ Ես ապրում եմ իմ երգը ու ակամա հանդիսատեսին եմ փոխանցում իմ հույզերը, իմ զգացմունքները։ Մեծ դեր է խաղացել նաև երգերի ճիշտ ընտրությունը։ Հետո… ես երբեք չեմ դադարել աշխատելուց, ես միշտ ձայնագրվել եմ, նոր երգեր եմ նվիրել իմ ունկնդրին։

-Նոր սերունդը լսում է Ձեր երգերը, բայց չգիտի Ձեր անցած ուղին, եկեք փորձենք պատմել Ձեր կյանքի պատմությունը, գնանք անցյալի ամենատաք հանգրվանները…

-Ծնողներս հայրենադարձ են, հայրս Զեյթունից, մայրս՝ Տիգրանակերտից գաղթի տարիներին հասել են Բեյրութ, հետո՝ Երևան։ Մայրս հրեշտակի ձայն ուներ, մինչ օրս ականջներիս մեջ հնչում են նրա մաքրամաքուր օրորոցայինները։ Ես մանկուց եմ սիրել երաժշտությունը, պաշտամունքի հասնող սիրով… Համերգների ժամանակ կպած էի հեռուստացույցին ու ռադիոյին… աշուղական երգեր, դասական երաժշտություն, ֆրանսիական շանսոն… Շառլ Ազնավուր, Ադամո… Հայրս իր չնչին աշխատավարձով չէր կարող մագնիտոֆոն գնել ինձ համար։ Մի օր էլ տունը խառնշտելիս բարձի տակից փող գտա՝ 110 ռուբլի։ Ճիշտ այնքան, որքան հարկավոր է մագնիտոֆոն գնելու համար։ Ու ես անհավանական որոշում կայացրի՝ գնացի խանութ և ինձ համար «Այդաո» մագնիտոֆոն գնեցի։ Բայց չհամարձակվեցի վերադառնալ տուն։ Գնացի ընկերոջս տուն և ամեն ինչ պատմեցի նրա հորը։ Հետո ընկերոջս հոր հետ եկանք մեր տուն։ …Որքան էլ ընկերոջս հայրը փորձեց «հեռվից գալով» հնարավորինս փափուկ տեղեկացնել ծնողներիս կատարվածի մասին …մորս սիրտը թուլացավ, համարյա ուշագնաց եղավ. ախր դա մեր մեկ ամսվա սննդի փողն էր։

-Դուք հայտնի եք Ձեր անպաճույճ, արտիստիկ կերպարով… Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին… Մի առիթով ասացիք՝ մարդը ամբողջ կյանքում «ռեալիզացնում է» իր մանկության տպավորությունները։ Ի՞նչ զգացմունքներ, ի՞նչ պատկերներ է «ռեալիզացնում» սեր, հայրենիք, կարոտ ու թախիծ երգող երևանցի տղան՝ Հարութ Փամբուկչյանը։

-Կհիշե՞ք, խորհրդային տարիներին բակային ճամբարներ կային, ես այդ ճամբարների աստղն էի։ Իհարկե դա չէր խանգարում, որ թաղ-թաղ կռիվներ ու ծեծկռտուքներ հրահրեմ։ Ես «քուչի» տղա էի՝ յուրացրած բակային ամբողջ «օրենսդրությունը»։ Քանդակագործություն էի սիրում, պատահական չէ, որ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեցի և ավարտեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Ես ինչ գործիք ասես չեմ նվագել՝ ակորդեոն, կիթառ, ուդ, թառ, դաշնամուր։ Իմ սերունդը սիրում էր գեղեցիկ ապրել, խիզախ, համարձակ, երազող տղաներ էինք… Ազատություն էինք ուզում, մեծ սեր, ամուր ընկերություն, խոր զգացմունքներ… անանձնական էինք, անշահախնդիր, աննյութական…

-Սեր՝ ասացիք… գեղեցիկ ապրել… «մենք ուրիշ կերպ էինք սիրում»՝ հազար անգամ լսել եմ այս նախադասությունը այն սերնդի ներկայացուցիչների շուրթերից, որոնց սերերը մնացել են տասնամյակների հեռվում։ Դուք է՞լ էիք ուրիշ կերպ սիրում…

-Երբ ես նվագում ու երգում էի Արեշի մշակույթի տան էստրադային խմբում, մի կին 12 տարեկան աղջկա ձեռքը բռնած բերեց մեզ մոտ, որ փոքրիկը երգի։ Այդ աղջիկը դարձավ մեր խմբի անդամը։ Տարիներ անց, երբ նա արդեն 19 տարեկան էր, ես մոտեցա ու ասացի՝ արի՛ ամուսնանանք ու գնանք Բեյրութ։

-Հետո՞…

-Հետո ամուսնացանք ու գնացինք Բեյրութ։

-Ռուզաննան…

-Այո՛… Նա հիմա չկա, արդեն 5 ամիս է։ Ու մի ահռելի դատարկություն է թողել իրենից հետո։ Ես ու տղաս որբացանք։ Ռուզաննան կնոջ կատարելատիպ է ինձ համար։ Նա ինձ համար մայր էր, քույր, ընկեր, կին, սիրուհի… Կյանքում ինչի որ հասել եմ, նրան եմ պարտական։ Նա ինձ սիրեց անսահման ու անքննարկելի սիրով։ Գիտեք, ես երեխայի նման եմ՝ մեկ դոլարանոցը հարյուր դոլարանոցից չեմ տարբերում, մսխում եմ առանց հաշվելու… Ես մսխում եմ ամեն ինչ։ Ինքս ինձ։ Տալիս եմ, տրվում եմ։ Ռուզաննան օջախ ստեղծեց ինձ համար, ընտանիք, պահապան հրեշտակի պես խնամեց ինձ։ Ներեց իմ բոլոր սխալները։ Երբեմն մտածում եմ, որ Աստված պատժեց ինձ՝ տանելով կնոջս…

-Պատժեց, հատկապես ինչի՞ համար…

-Գիտեք, ես թուլություն ունեի կանանց հանդեպ… Ես այնքան սխալներ եմ արել։ Մեկ ուրիշը 1000 անգամ վռնդած կլիներ ինձ ու ճիշտ կաներ։ Ռուզաննան պահպանեց ընտանիքս։ Նա երկու ձեռքով կառչեց այն ամենից, ինչը թանկ էր իր համար։ Երբ մի անգամ կնոջս հարցրին, թե ինչու ընդամենը մեկ երեխա ունեք, կինս պատասխանեց՝ Հարութը տանը չէր… Նա բարձրացրեց ինձ, բարձրացրեց, տարավ այնտեղ, որտեղ, իր կարծիքով, ես արժանի էի լինելու…

-Դուք հիմա հայրենիքում եք… Գուցե անցյալի շունչը սփոփի Ձեզ, օգնի թոթափել որբացած լինելու զգացողությունը։

-Հայրենիքը… Արեշում, մեր տան դիմաց բլուրներ կային։ Գարնանը ծաղկում էին։ Ես պառկում էի ծաղիկների մեջ ու նայում էի երկնքին… Ու օդի մեջ բույրեր կային, ձայներ, գույներ… Իմ հայրենիքն սկսվում է այդտեղից։
…Տարիներ առաջ զանգեցի մեր դպրոցի ուսմասվարին և ասացի, որ ուզում եմ այցելել իրենց։ Երբ իջա մեքենայից… գորգ էին փռել իմ ոտքերի տակ մինչև շեմքը ու ինձ էին սպասում աղ ու հացով։ Մինչև հիմա հիշելիս արտասվելու չափ հուզվում եմ։
Հետո բարձրացա չորրորդ հարկի իմ դասարանը։ Նստարանը ինձնից հետո մի հարյուր անգամ ներկել էին, բայց երբ փեղկը բարձրացրի, ներսում, ներկի հաստ շերտի տակ դեռ երևում էին անվանս առաջին տառերը՝ Հ. Փ.։ Հետո դասղեկս ասաց՝ կուզես մի բան գրիր գրատախտակին։ Ես վերցրի կավիճը և գրեցի մտքիս եկած առաջին նախադասությունը. «Թող հավերժ ապրի Հայաստանը և թիվ 143 միջնակարգ դպրոցը»… Ու հետո իմացա, որ այդ գրատախտակը ապակեպատել են ու դրել միջանցքում։ Սա է հայրենիքը։
Արտերկիրն ինձ ոչինչ չի տվել։ Ես այնտեղ փող եմ աշխատել։ Ես, իմ երգը սնվել ենք հայրենիքից, ու գիտեք՝ ինչն է ինձ զարմացնում, որ գաղթական արևմտահայի՝ Հայաստանը չտեսած զավակը կարող է արտասվել Հայրենիքի անունը լսելիս, իսկ Հայաստանում ծնված-մեծացած հայը (որոշ հայեր) երբեմն այնքան հեշտորեն են լքում-պոկվում արմատից… Մի դեպք հիշեցի։ Պիտի երգեի Հոլանդիայի փոքրիկ գաղթօջախում, որտեղ հայեր էին ապրում… Եղեռնից փրկված հայերի շառավիղներ։ Նրանք թուրքերեն ու քրդերեն էին խոսում միմյանց հետ։ Քաղաքը 5000 բնակիչ ուներ, որից 2000-ը ներկա էր իմ համերգին։ Ու արտասվում էին։ Երբ հայերեն բառեր էին լսում, հայկական մեղեդի, լալիս էին…

-Ի՞նչ երազանքներ ունեք… Գուցե այլևս անկատար, գուցե իրագործելի…

-Տղաս 34 տարեկան է։ Ամուսնացած չէ։ Թոռնիկ եմ ուզում, հայկական, ավանդական թոռնիկ։

-Հայկական, ավանդական թոռնիկը ո՞րն է։

-Դե, երբ տղայիս ասում եմ՝ թոռնիկ եմ ուզում, ասում է՝ ուզում ես, կբերեմ։ Ես այդպես չեմ ուզում։ Ուզում եմ ամեն ինչ հայավարի լինի։
…Կուզենայի 18-20 տարեկան տղա լինեի, զինվոր լինեի, և զենքը ձեռքիս կանգնեի անկախ Հայաստանի սահմանին։

-Դուք զինվոր չե՞ք եղել։

-Եղել եմ ռուսական (խորհրդային) բանակում։ Բայց իմ ասածը բոլորովին ուրիշ բան է։ Խորհրդային բանակում ես վատ զինվոր էի, բայց իմ հայկական բանակում աշխարհի ամենալավ զինվորը կլինեի։
Ուզում եմ, որ մեր բանակը խաղաղ ժամանակներում զինվորի կորուստ չունենա։ Որ զինվոր որդուն բանակ ճանապարհելը, իրապես, տոն լինի մեզ համար։ Ուզում եմ, որ մեր սպաները հարգված ու մեծարված լինեն, հպարտ լինեն, պատվելի, բարձր։ Որ նրանք շատ սիրեն զինվորին, իրենց հարազատ որդու պես սիրեն։
Ուզում եմ երգել մեր զինվորի համար։ Գնալ զորամաս, խառնվել զինվորներին… ջահելանալ, արիանալ նրանց հետ… Ուզում եմ հրեաների նման պինդ բռնենք իրար…

-Իսկ ո՞րն է եղել Ձեր աստեղային պահը երգարվեստում։

-Դեպի Գողգոթա տանող իմ ճանապարհն սկսվեց 1976 թ.-ին։ Երբ իմ «Ուր էիր Աստված» վերնագրված ձայնասկավառակը (10000 օրինակով) սպառվեց անհավանական արագությամբ։
Աստեղային պա՞հը… Հայաստան, մարզահամերգային համալիր, 1989 թվական։ 6 համերգ բերնեբերան լցված դահլիճում, ծափեր, հրճվանք, ցնծություն…

-Գողգոթա՞ ասացիք։

-Այո՛։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ:

Ուկրաինական ճգնաժամը և Ղրիմի նոր կարգավիճակը չի կարող անհանգստություն չառաջացնել Ադրբեջանում, որտեղ առանց այդ էլ շատ են տասնամյակներով չլուծված խնդիրները: Թե ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում՝ հարցազրույցում ներկայացրեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Վարդան Ոսկանյանը:

-Ինչպե՞ս է ազդում ուկրաինական ճգնաժամն Ադրբեջանի քաղաքական ուղեծրի վրա:

-Դատելով ադրբեջանական մամուլի և հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներից՝ կարելի է փաստել, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են այդ ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությամբ՝ ենթադրելով, որ ըստ իրենց իսկ եզրաբանության հաջորդ «զոհը» կարող է դառնալ Ադրբեջանը: Լրատվամիջոցների մակարդակով կատարվող վերլուծություններում երբեմն նկատելի են նույնիսկ ակնհայտ խուճապային տրամադրություններ: Ասենք, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մեր բանակի հուժկու պատասխանը հրադադարն անընդհատ խախտող հակառակորդի ուժերին, Բաքվի որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել էին, թե իբր դաշնակից Հայաստանի անմիջական օժանդակությամբ Ռուսաստանը պատրաստվում է հյուսիսից ուղղակիորեն ներխուժել Ադրբեջան:
Ալիևյան վարչակարգը անհանգստացած է նաև Ղրիմի հետ կապված գործընթացում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության ևս մեկ վերահաստատմամբ: Չնայած միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ Արցախի անկախության գործընթացը բազմաթիվ կողմերով ավելի անթերի է, քան Ղրիմի միավորումը Ռուսաստանին, և այս առումով թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից մենք անհամեմատ ավելի շահեկան վիճակում ենք, բայց այսուհանդերձ աշխարհի ցանկացած ծագում ինքնորոշման իրավունքի իրագործման հետևանքով հաջողությամբ պսակված ցանկացած գործընթաց դիտարկվում է որպես ևս մեկ լրացուցիչ կռվան ի հաստատումն Արցախի անկախության և հետագայում մայր Հայրենիքի հետ վերամիավորման: Հենց սա էլ Ադրբեջանում բերում է առանց այն էլ առկա հիստերիայի մթնոլորտի հերթական ջղաձիգ և անօգուտ պոռթկումների:
Երրորդ հանգամանքը, ինչը խիստ անհանգստացնում է Բաքվի ներկայիս վարչակարգին, ռուս-եվրոպական հարաբերությունների որոշակի լարման համատեքստում Արևմուտքի կողմից ադրբեջանական էներգակիրների՝ որպես ռուսական գազի այլընտրանք դիտարկումն է, ինչն ուղղակիորեն կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և քաղաքական շահերի բախման, որի արդյունքում Մոսկվան աներկբայորեն կկիրառի իր ունեցած բոլոր լծակները՝ առանց այն էլ խախուտ պետական ավանդույթ ունեցող այսրկովկասյան այս երկրի ներսում լարվածության ստեղծման ուղղությամբ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ
- Որո՞նք են Ադրբեջանի ներքին մարտահրավերները, և ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել մոտակա ժամանակներում:

- Գաղտնիք չէ, որ հենց Ադրբեջանի ներսում առկա են լրջագույն խնդիրներ՝ կապված տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի (կովկասյան պարսիկներ), լեզգիների, ավարների, ինգիլոյների, խինալուղցիների, բուդուխցիների, ռուտուլցիների և այլոց տարրական իրավունքների իրացման հետ: Ընդ որում՝ իրենց հիմնահարցերի մասին արդեն բարձրաձայնում են ոչ միայն ինչ-որ առումով սեփական իրավունքների պահանջատիրությամբ արդեն «ավանդաբար» հայտնի թալիշները, լեզգիները և ավարները, այլ նաև թվում է, թե ձուլման գործընթացին կուլ գնացած կովկասյան պարսիկները, որոնք 20-րդ դարի սկզբներին դժբախտություն են ունեցել մասնակցելու այս արհեստածին պետության կազմավորման գործընթացին՝ ի դեմս 1918թ. թուրքական սվինների օգնությամբ հռչակված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության Մեջլիսի առաջին նախագահ Մուհամմադ Ամին Ռասուլզադեի և այլ հասարական-քաղաքական գործիչների: Մոտ 100 տարի անց, հիմա արդեն նրանք էլ են բարձրաձայնում իրենց ոտնահարված ազգային իրավունքների մասին՝ հայտարարելով Ադրբեջանական Հանրապետության թաթաբնակ շրջաններում «Շիրվանի Պարսկական Հանրապետության» ստեղծման ցանկության և կամքի մասին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում աննախադեպ աճ է գրանցվել նաև թալիշական ազգային-ազատագրական շարժման գործունեության առումով, և ընդամենը մեկ-երկու տարի առաջ բացառապես ինքնավարության խնդիր դնող թալիշական քաղաքական գործիչների հիմնական մասն արդեն այսօր խոսում է բացառապես Թալիշստանի անկախ պետականության վերականգման արդարացի պահանջի մասին:
Զարգացումների նման ընթացքում Բաքվի համար կա ևս մեկ տհաճ «անակնկալ». ակնհայտ է, որ տեղաբնիկ ժողովուրդների շատ ներկայացուցիչներ այլևս չեն հավատում հայ ժողովրդի «դիվականացմանն» ուղղված ադրբեջանական կեղծ քարոզչությանը՝ Արցախի օրինակը համարելով լավ իմաստով վարակիչ, իսկ հայերին ոչ միայն չդիտարկելով որպես թշնամական ժողովուրդ, այլև ձգտելով կապեր հաստատել և շատ հաճախ Հայաստանից և հայ ժողովրդից ակնկալելով առնվազն բարոյական աջակցություն իրենց պայքարին:

- Կրկին զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի և Ադրբեջանի միջև, կարելի՞ է խոսել, որ Բաքվի առջև հայտնվեց ֆեդերալացման ճանապարհը:

- Ուկրաինական դեպքերի համատեքստում վերևում ասվածին անշուշտ կարիք կա ավելացնելու նաև «ֆեդերալացում» բառի շրջանառության ակտիվացմամբ և բազմէթնիկ երկրների պարագայում այդ սկզբունքի կիրառման հնարավոր հեռանկարով պայմանավորված Բաքվում ի հայտ եկած լրացուցիչ վախերի առկայության հանգամանքը: Ընդ որում՝ Ադրբեջանի կապակցությամբ ֆեդերալացման առաջարկները, որքան էլ տարօրինակ թվա, հնչել են ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրոպայից: Խնդիրն այն է, որ Արևմուտքում կարծես թե գիտակցում են իսլամիստական իրական վտանգի առկայությունն Ադրբեջանական Հանրապետությունում՝ պայմանավորված այդ երկրում նման շարժումների աննախադեպ ակտիվությամբ և ադրբեջանցի իսլամականների՝ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումների շարքերում լայնամասշտաբ ընդգրկմամբ:
Հավանաբար այս համատեքստում պետք է դիտարկել էթնիկ-տարածքային ինքնավարությունների միջոցով այդ երկրի ֆեդերալացմանն ուղղված արևմտյան որոշ հասարակական-քաղաքական շրջանակների այս տարվանից ակտիվացած գործողությունները համաեվրոպական կառույցների հարթակների օգտագործմամբ:
Խոսքը մասնավորապես անցյալ փետրվարին Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքում կայացած Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նվիրված հանդիպում-քննարկման մասին է, որտեղ Ադրբեջանին վերաբերող այլ հարցերին զուգահեռ բարձրացվել է նաև այս երկրի ֆեդերալացման հնարավորության խնդիրը:
Թե ինչպես կզարգանան գործընթացներն այս ուղղությամբ, դժվար է միանշանակ պնդել, սակայն մի բան պարզ է՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ֆեդերալացման մերժումը կամ դրա ճանապարհով առկա էթնիկական և կրոնական խնդիրների մեղմումը, ի վերջո, կարող է նաև հանգեցնել այս պետության, որպես առանձին քաղաքական և վարչատարածքային միավորի, գոյության դադարեցմանը, և նրա կողմից ներկայումս վերահսկվող տարածքներում մի քանի ազգային պետականությունների՝ Թալիշստանի, Լեզգիստանի, Ավարստանի և Շիրվանի Պարսկական Հանրապետության ի հայտ գալուն, իսկ նման զարգացումների համար արդեն հիմա առկա են, եթե ոչ բոլոր, ապա բազմաթիվ կարևոր նախադրյալներ:
-Ինչպե՞ս է փոփոխվում Ադրբեջանի վարկանիշը տարածաշրջանում և նրա հարաբերությունները անմիջական հարևանների հետ: Ինչպիսի՞ն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը։
- Չնայած երկու կողմերից հատկապես վերջին շրջանում հնչող հավաստիացումներին՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում չի հաջողվում հաղթահարել փոխադարձ կասկածի մթնոլորտը, որը պայմանավորված է նախևառաջ Բաքվի՝ Իրանի հանդեպ որդեգրած, ես կասեի՝ «գաղտնի թշնամական» քաղաքական անսասան ուղեգծով, որը պարբերաբար դուրս է գալիս նաև բացահայտ հարթություն: Օրինակ՝ շատ խոսուն է այն փաստը, որ Ադրբեջանը Իրանի միակ հարևանն է, որի հետ սահմանում պարբերաբար գրանցվում են միջպետական մակարդակի սրացումներ, փակվում են անցակետեր և այլն:
Միով բանիվ, երկու երկրների հարաբերություններում կան այնքան չլուծված խնդիրներ՝ սկսած Ատրպատականի հանդեպ Բաքվի տարածքային նկրտումներից, իբր «պարսկական շովինիստական ճնշումների զոհ բաժանված ադրբեջանցի ժողովրդի» գոյության մասին կեղծ քարոզչական թեզից և վերջացրած իրանական մշակութային ժառանգության յուրացումների փաստերով կամ Կասպից ծովի կարգավիճակի հիմնահարցով, որ պատկերավոր ասած, անհիմն և անուղղելի լավատես պետք է լինել կարծելու, թե դրանք կարող են լուծվել հեշտությամբ և կարճաժամկետ հեռանկարում:

Զրույցը վարեց լեյտենանտ
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ

Калифорния может признать независимость Нагорного Карабаха.

Калифорния может признать независимость Нагорного КарабахаПарламент штата Калифорния проведет 5 мая голосование по признанию независимости Нагорного Карабаха, сообщает Армянский Национальный Комитет Америки.
По сообщению Комитета, «это первый случай, когда штат Калифорния занимает официальную позицию по вопросу о признании независимости Республики Нагорного Карабаха».
В случае одобрения инициативы, парламент Калифорнии также призовет президента и Конгресс США поддержать самоопределение и демократическое стремление к независимости Нагорно-Карабахской Республики.
Комитет просит граждан, проживающих в Калифорнии, присоединить свой голос к поддержке независимости Нагорного Карабаха, послав письмо своим парламентариям.