суббота, 16 февраля 2019 г.

Օպերացիա «Նիկոլ»

Հայաստանում իրականում իրողությունը նոր է փոխվում, ու կարծես ամեն ինչ գնում է հին, արդեն փորձարկված սցենարով։ Չէ, սցենարը թարմացվել է մի փոքր՝ «ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է» սկզբունքով, բայց այ օրակարգն ակնհայտ նույնն է մնացել։ Եվ այս առումով «բանալի բառը» հենց մոռացվածն է, որովհետև ամենապարզ տրամաբանությունն էլ ասում է, որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք déjà vu-ի ժանրի լավագույն դրսևորումն է։ Ու կարծես, ինչ-որ բան հիշեցնում է, բայց թե ինչ, դժվար է հասկանալ․․․

Այ հենց դրա համար էլ հիշեցնենք, որ չստացվի այնպես, որ «Դավիթ գող-գող եկավ, գնաց»։

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ընդամենը երկու ղեկավար է եղել, որոնք բացարձակ մեծամասնություն են ստացել քվեարկողներից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1991-ին և Նիկոլ Փաշինյանը։ Այն որ վերջինը առաջինի քաղաքական հոգեզավակն է, հուսամ, հիշում եք։ Սակայն այդքանով այս գործիչների նմանությունները չեն վերջանում։ 
Նրանք, ովքեր «բախտ» են ունեցել ապրել «ԼՏՊ» 90-ականները, հույս ունեմ, հիշում են այդ տարիների ընդհանուր քաղաքական վեկտորները։ Իսկ չհիշողների կամ չիմացողների համար՝ թեթև դաս․

Ա/ Կրթական ոլորտի կազմալուծում՝ «բարեփոխման» անվան տակ։ Ես մինչև օրս հիշում եմ, թե ինչպես մեր դպրոցից քարերով «լարեցին» ռուսերենի երիտասարդ ուսուցչուհուն, որ հայացել էր ամուսնու շնորհիվ։ Ու սա մասնավոր դեպք չէր։ Դպրոցներում ռուսական դասարանների փակման «պաշտոնական» բացատրությունն այն էր, թե «մենք այլևս ռուսական կայսրության մաս չենք» և որ «ռուսերենը ստրուկների լեզուն է»։ Նման հայտարարությունների հեղինակները հավանաբար աչք էին փակում այն հանգամանքի վրա, որ վաղ 90-ականներում ռուսական դասարաններում սովորում էր ոչ թե իրենց այդքան չսիրած «էլիտայի» սերունդը, այլ ընդամենը մի քանի տարի կամ ամիս առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված հայկական ջարդերից փախստական դարձածների զավակները։ Ոմանք դեռ տարրական դասարաններում, ոմանք էլ արդեն ավելի բարձր դասարաններում առերեսվեցին նրա հետ, որ հայերենն այլևս պետք է դառնա ամենակարևոր առարկան, որովհետև մինչև այն չիմանային, որևէ այլ առարկա սովորել չէր լինի։ Իհարկե, առաջին հայացքից սա լավ մոտեցում կարող է թվալ, քանի որ, այո՛, ցանկացած հայ մարդ իր լեզվին պիտի տիրապետի։ Բայց ախր նման բիրտ միջամտությունները կրթության ոլորտում կոնկրետ ազդում են մի ամբողջ սերնդի ու դրա կրթվածության մակարդակի վրա և ազդում են բացասական առումով։ Բազմաթիվ են այն դեպքերը, որ հրաշալի սովորող երեխաները պարզապես դարձան ցածր առաջադիմությամբ աշակերտներ, փաստացի զրկվեցին բուհ ընդունվելու ու սովորելու հնարավորությունից, հայտնվեցին ոչ մրցակցային կարգավիճակում։ Ինչևէ, հանգիստ թողնենք ռուսական դասարանների ու դպրոցների հարցը ու անդրադառնանք «բարեփոխումների» այլ դրսևորումներին։ Բացարձակապես չունենալով կրթության վերաբերյալ որևէ հայեցակարգ, տեսլական կամ այն պարզապես չներկայացնելով հասարակությանը՝ սկսվեց էքսպերիմենտների մի այնպիսի շարք, որից դուրս գալու համար մեզ ևս մեկ սերնդափոխություն է պետք։ Կային դասարաններ, որտեղ մի քանի գիրք կար, որոշ ժամանակահատվածում դասերը տևում էին 25 րոպե, դասասենյակներն այնքան սառն էին, որ ջրի հեղուկից պինդ վիճակին անցնելն ուսումնասիրում էինք ամեն օր։ Էլ չասեմ «Կրոնի պատմություն» առարկայի անվան տակ դասավանդվող աղանդավորական քարոզները, նորահայտ «սուպեր-պուպեր» մեթոդաբանությունները, որոնք հիմնովին խարխլում էին թե՛ դպրոցական, թե՛ բուհական կրթության հիմքերը։ Թե ինչ եղավ հետո, այսօր էլ կարելի է տեսնել։ Հարցրեք ցանկացած գործատուի, որն աշխատող է փնտրում։ Մանրամասն կպատմի։

Բ/ «Հայաստանն անվտանգ է՝ առանց Արցախի»։ Անկախ նրանից, որ որոշ շրջանակներ Տեր-Պետրոսյանին են վերագրում արցախյան գոյամարտի հաղթանակը, սակայն բազմաթիվ են ելույթները, հոդվածները և հարցազրույցները, որտեղ առաջին նախագահը պարզապես սպառնում է՝ պնդելով հանձնել ազատագրված տարածքները, որ նույնն է, թե Արցախն ամբողջությամբ։ Այս պնդումները բացի այն, որ հակապետական են (ի վերջո, դարերի ընթացքում սա հայ ժողովրդի միակ տարածքային ձեռքբերումն էր՝ բազում կորուստների ֆոնին), դրանք նաև լրջագույն բարոյական խնդիրներ են պարունակում։ Արցախյան գոյամարտում ընկած կամ վիրավորում ստացած անձանց, նրանց ընտանիքների ու սերունդների աչքերին այսքանից հետո նայելու համար անհրաժեշտ է կամ տականք լինել, կամ հակահայ, քանի որ փաստացի տարածքների զիջման առաջին գաղափարախոսը այս նվիրյալներին «էշ նահատակ» է համարում։ Տարօրինակ է նաև այն, որ պատերազմական իրավիճակով տնտեսական լրջագույն ճգնաժամը պայմանավորող Տեր-Պետրոսյանը թերևս ամենաչորն է դուրս եկել նաև միջազգային հանրության հետ շփումներում, քանի որ բացահայտ որևէ պատասխանատվություն չէր ուզում կրել բանակցային գործընթացում, ինչը ենթադրում է գոնե նվազագույն հայրենասիրություն ու պետական շահի գերադասում։

Գ/ Պետականության, պետության, տնտեսության և հասարակության բարոյազրկում։ Շարունակելով տնտեսական և էներգետիկ ճգնաժամի թեման կրկին պետք է հղում տամ նրանց, ովքեր գոյատևել են «մութուցուրտը»։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես մի սերունդ ապրեց։ Ասել, որ կանխամտածված գործողություններ չեմ տեսնում այս մոտեցման մեջ, կնշանակի ոչինչ չասել։ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկիր ամենատարբեր օգնությունների տեսքով մտած գումարի չափն ու ծավալը հաշվարկված չէ։ Մեզ համառորեն բացատրում էին, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, և որ մեր երկիր մտած ամեն ինչ ուղղվում է բանակաշինությանը։ Սակայն չգիտես որտեղից, որոշ պետական բարձրաստիճան այրեր հանկարծակի սկսում էին ամենաթանկարժեք մեքենաներով շրջել, կրակել երբ և որտեղ իրենց հարմար էր, «դեբոշներ» սարքել։ Լպիրշության գագաթնակետն անգերազանցելի էր թվում։ Մյուս կողմից էլ հենց այս ժամանակահատվածում էր, որ մեր բառապաշար մտան «կռիշ», «ռեկետ», «բեսպրեձել», «խառոշի» ու այս շարքից էլի լիքը բառեր։ Պարզվում է կային ընտրյալներ, ում թույլատրված էր փող ունենալ, իսկ ահա մնացածները թող մի «800 հոգի էլ մեռնեն», ինչպես ասվում է պտտվող տեսանյութում։ «Հացի չեկերը», «լևի լույսն» ու փայտի վառարաններն էլ մի ամբողջ սերնդի սովորեցրեցին «ապրիր, թե կարող ես» կարգախոսը։
Տարօրինակ է, որ բնապահպանական ալիքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ն՝ նույն ինքը այսօրվա ՀԱԿ-ը, ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանն անտառաթափվի, Սևանում սիգ չմնա, իսկ երկրում՝ մարդ։

Իսկ կա՞ր արդյոք ռեսուրս։ Իհարկե կար։ Բայց այն սպասարկում էր հարստության հոտն առած վերխուշկային։ Հենց այդ ժամանակահատվածում էր, որ ձևավորվեցին առաջին օլիգարխները, որոնք Երևանում փողոցներ էին գնում և սեփականաշնորհում բիզնեսի ոլորտներ։ Փաստացի պետության փողը կենտրոնացել էր մի քանի հոգու ձեռքում։
Բայց սա ապաշնորհ կամ անփորձ կառավարման արդյունք չէ, մեծագույն սխալ կլինի և հակապետական գործողությունների արդարացումը։ Եթե նրանք գիտակցեին իրենց սխալները, տանկեր չէին հայտնվի մայրաքաղաքի կենտրոնում, երբ Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերացնել քաղաքական հակառակորդին։ Նույն Տեր-Պետրոսյանը միևնույն օրակարգը նորից ի հայտ չէր բերի՝ հետագայում ռևանշի փափագով։ Նշանակում է, որ նա հստակ օրակարգ ունի, նրա օրակարգը անկիրթ, նշանակում է հեշտ կառավարելի, տնտեսապես ու բարոյապես թույլ ու ուղղակի և փոխաբերական իմաստով հիվանդ հասարակությունն է, որն իր հերոսներին նույնիսկ «էշ նահատակ» կանվանի, մենակ թե հացի փող ունենա, գոյատևի։ Թե որն է այս ամենի գլոբալ նպատակը, դժվար է հասկանալ հասարակ մահկանացուներիս համար կամ դավադրության տեսության գրքերից է։
Որքան էլ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը անում էին ամեն ինչ, որ ականատեսները մոռանան ինչպես տեսածը, այնպես էլ մաշկի վրա զգացածները, հիշողությունը մթագնելն այնքան էլ հեշտ չէ։ Շուտով ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ։ Սակայն դա էլ չփրկեց քաղաքական վարկանիշը։ Իսկ վերադարձը Տեր-Պետրոսյանին «վիզ» պետք էր․․․

Հաղորդակցության որակյալ մասնագետները կասեն, որ երբ պրոդուկտդ մերժվում է սպառողների կողմից, անհրաժեշտ է այն վերաբրենդավորել։ Ըստ էության, սա նշանակում է փոխել պիտակը, մի քանի բանտիկ ավելացնել, իսկ էություն ու բուն ապրանքը պահել նույնը։ Եվ սա հենց այն է, ինչ մենք տեսնում ենք այսօրվա քաղաքական իրականությունում։

Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի կապը ապացուցելու կարիք չունի։ Ավագն աճեցրել, մեծացրել ու սովորեցրել է հոգեզավակին։ Վերջինս սակայն, չի էլ գիտակցել այն, որ ինքը մեծ խաղում «պեշկա» է մեկ նպատակով՝ ի կատար ածել սերտած քաղաքական օրակարգը։ Ու սա ևս ապացուցելու կարիք չունի։ Փաշինյանի գործողություններն ու նշանակումները բավական են՝ հետևում ՀԱԿ-ի ականջները տեսնելու համար։ Ու վեկտորները կրկին նույնն են։ Կրթության ոլորտի բնաջնջմամբ մայիսից ի վեր զբաղվում է մի մարդ, ով ՀԱԿ երիտասարդական թևի խորհրդի անդամ է եղել ու հմտորեն տեղափոխվել է ՔՊ։ Փաշինյանն անձամբ է իրականացնում «Հայաստանն՝ առանց Արցախի» գործողությունը, նաև հմտորեն քանդում է տնտեսության բոլոր հիմքերը։ Երևանում գողությունների աննախադեպ ցուցանիշ է գրանցվում։ Նույնիսկ 90-ականների ոճով մեքենա են վնասում ու հրկիզում։ Նույն 90-ականների ոճով դատավարությունները կազմակերպվում են բացառապես վերևների հրահանգներով։ Քաղաքականության առումով էլ ՀԱԿ-ն ակնհայտ երևում է ի դեմս ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի, որ նույնպես ՀԱԿ երիտթևից է։ Իսկ ի՞նչ կասեք ՀԱԿ մեկ այլ սիրելիի մասին, որ նշանակվել է վարչապետի խոսնակ։ Իսկ Սիրադեղյանի վերադարձի մասին «չճշտված» տեղեկությունները, որոնք տարածվում են պրոփաշինյանական տելեգրամ ալիքներով․․․

Կհավատայի պրոիշխանական ֆեյքերի այն թեզին, թե «մարդ չկա, դրա համար ՀԱԿ-ի ժողովրդին է պաշտոն տալիս», եթե գործողություններն ու հայտարարությունները déjà vu-ի ժանրի լավագույն դրսևորումներից չլինեին։ Պարզապես պետք է գիտակցել, որ Տեր-Պետրոսյանը հաջողությամբ իր օրակարգը վերադարձնում է քաղաքականություն՝ «Օպերացիա «Նիկոլ»» ռեբրենդինգային արշավի միջոցով։

Իմ ապրած «90-ականներ» մղձավանջը ստիպում է մտածել, որ սրանից լավ հոտ չի գալիս՝ անկախ նրանից գործողություններն իրականացնի ժողովրդի ընտրյալ Տեր-Պետրոսյանը, թե ժողովրդի ընտրյալ Փաշինյանը։
 Նարե Վահանյան