пятница, 4 сентября 2015 г.

Լսե՛ք, սա պետարազմ է, իսկ մենք լռում ենք:


Պարոն Գրիգորյանց, վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ է: Ինչով եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը եւ ի՞նչ վտանգ եք տեսանում այս ամենում:

Սա սովորական դարձած երեւույթ է, սովորական դարձած հրաձգություն: Դա շարունակվում է ամեն տարի, շարունակական կերպով եւ հազարավոր անգամներ խախտվում է հրադադարը: Եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք հայերիս շատ հզոր պատասխան չտանք թշնամուն, ցույց չտանք մեր ուժը, որովհետեւ չի կարելի թշնամու հետ մեղմ խոսել, թե լավ էլի, մի՛ արա այդպես: Ո՛չ, հարկավոր է ուժ ցույց տալ, եթե մի անգամ կրակեց, մենք պետք է տասը անգամ լավ զարկենք ու կանգնենք, զարկենք ու կանգնենք, որ իմանան, որ հայերը կատակել չեն պատրաստվում, զգուշացնում են: Մենք չպետք է վախենանք՝ քաղաքական, ռազմական առումներով: Կապ չունի,  հզոր ապտակ է պետք հասցնել: Առավել եւս կրակոցներն ակտիվացել են Տավուշի մարզում: Սա անկախ, ճանաչված պետություն է: Ղարաբաղը չէ: Ադրբեջանի անկախ հանրապետությունը կրակ է բացում Հայաստանի անկախ Հանրապետության  ուղղությամբ: Սա ի՞նչ բան է: Սա շատ վտանգավոր երեւույթ է:  Այստեղ պետական մակարդակով պետք է հնչեցնել բողոքի նոտա: Երկրի ղեկավարը պետք է անհապաղ  եւ վճռական հանդես գա հայտարարությամբ, դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը: Այս հարցում այսպիսի մոտեցում է պետք ցուցաբերել, պետք է կիրառել հետեւյալ գործիքները՝ դիվանագիտություն եւ պետական մակարդակով բողոքի նոտա:
Ես եթե լինեի երկրի ղեկավարի փոխարեն, ես պաշտոնապես եւ անհապաղ հանդես կգայի հայտարարությամբ, կհրավիրեի համապատասխան մարմինների ուշադրությունը, Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ քննարկում կհրավիրեի: Պետք է դատապարտել եւ ձեռնարկել կտրուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ  նախագահ Ալիեւին միջազգային ռազմական տրիբունալին հանձնելը: Նրան պետք է դատել, որովհետեւ ագրեսոր է: Իսկ դուք ի՞նչ եք մտածում, այդպես է պետք անել: Ադրբեջանի ժողովուրդը եւս պետք է վերանայի իր նախագահի տեղն ու դերը, որովհետեւ Ալիեւը ադրբեջանցի զինվորներին էլ զոհաբերում է: Այո, ես անկեղծ եմ ասում, արդեն թոշակառու եմ, գեներալ լեյտենանտ, ճիշտն եմ ասում, ինձ չեն նստեցնի (ծիծաղում է):

Իսկ ինչու՞ չի արվում Ձեր կարծիքով:

Ես չգիտեմ՝ ինչու չի արվում: Դուք նախագահ եք ընտրել, իսկ նա չի անում, ինչու՞ չի անում, պահանջե՛ք: Սա ղարաբաղյան պատերազմը չէ: Եթե Ղարաբաղի ուղղությամբ արձակվեին կրակոցներ, դա դեռ հասկանալի է, մենք գիտենք դա ինչ է, բայց երբ քո երկրի վրա են հարձակվում... Կներեք, բայց դա արդեն լրիվ այլ հարց է: Սա պետական շատ կարեւոր հարց է, պետության անվտանգության հարցն է: Հայաստանը պետք է հայտարարի Ադրբեջանի կողմից իրավունքների կոպտագույն խախտման մասին, որ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի հետ միասին մեկուսացման մեջ են վերցրել Հայաստանին, այլ նաեւ կրակահերթեր են տեղի ունենում:

Ուզում եք ասել մեր պասիվությունից հակառակորդը օգտվու՞մ է եւ ավելի՞ է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում:

Իհարկե: Պետք չէ ոչնչից վախենալ: Աշխարհում մեռնել կա: Ու՞մից, ինչի՞ց վախենալ: Դա քո իրավունքն է, ինչի՞ց ես վախենում: Հիմա փորձիր ԱՄՆ-ի վրա հրթիռ արձակել: Ի՞նչ կկատարվի քո հետ: Կոչնչացնեն:  Վերջերս Հյուսիսային Կորեան եւ Հարավայի Կորեան միմյանց ուղղությամբ կրակ բացեցին: Թվում էր՝ ուր որ է պատերազմ կսկսվի, հազիվ փոխհամաձայնության եկան: Լսե՛ք, սա պետարազմ է, իսկ մենք լռում ենք: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ: Հետո՞ ինչ: Երկրի ղեկավարը պետք է խոսի: Նա գերագույն գլխավոր հրամանատարն է: Արտաքին գործերի նախարարը պետք է աշխատի՝ բողոքի նոտա հղելով:

Հիմա իրենք ուրիշ անելիք ունեն, ուրիշ գործով են զբաղված: Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել, պարոն Գրիգորյանց: Թերեւս ժամանակ չկա այս հարցերով զբաղվելու:

Ի՞նչ ուրիշ գործ, երբ որ ձեր վրա թշնամին կրակում է, անկախ պետության վրա է կրակում: Ինչպե՞ս թե ուրիշ գործ: Ուրիշ ի՞նչ գործ կա: Ես սա ձեզ ասում եմ որպես պետական անձ, պետական գործիչ. երբ մենք ստեղծեցինք բանակը, ես մասնակցել եմ բանակի կազմավորմանը, մարդկանց մահվան գնով, առաջին անգամ հողեր ենք ազատագրել, մեր պատմական տարածքները, գիտական հենքի վրա ստեղծեցինք կանոնավոր զինված ոժեր, եւ այդ բանակը պաշտպանեց մեզ, ջախջախեց 7 միլիոնանոց պետությանը եւ մենք ազատագրեցինք այդ ամենը, իսկ հիմա մենք ընդհանրապես չունենք վախենալու բան, որովհետեւ  հիմա մենք շատ ավելի լավ ենք զինված, քան այն ժամանակ: Մեր մարտական ոգին եւս բարձր է, որովհետեւ մենքպաշտպանվող կողմն ենք, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, իսկ նա ագրեսոր է:

Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կան, որ  Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսել են համագործակցել, այդ թվում ռազմական ոլորտում:

Դա Ռուսաստանի քաղաքականությունն է: Հիմա Ռուսաստանի համար երկու երկիր կա, որի հետ շարունակում է պահպանել բարիդրացիական հարաբերություններ՝ Բելառուսը եւ Կովկասում՝ Հայաստանը: Վրաստանը դեմ է, Ադրբեջանը Թուրքիայի  հետ դեմ է: Ադրբեջանը Թբիլիսիով գազատար է տանում: Այդ ամենը Ռուսաստանի դեմ է, իսկ  Ռուսաստանը սիրախաղ է անում Ադրբեջանի հետ: Հիմա պատժամիջոցներն են վտանգավոր, Ռուսաստանը  փորձում է իր քաղաքականությամբ դուրս գալ այս ամենից, ՌԴ-ն եւս ցանկանում է ապրել եւ իր քաղաքականությունն է վարում: Իսկ մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք հավասարը հավասարի պես: Վախեցած չպետք է խոսենք: Մենք Ռուսաստանի կարիքն ունենք նույնքան, որքան Ռուսաստանը մեր: Ռուսաստանը 100 միլոն պարտքի դիմաց գույքը վերցրեց, գործարաններ վերցրեց: Ռուսները ոչ մի ներդրում չեն անում, գործարանները չեն աշխատում: Դա ի՞նչ է նշանակում, թող հետ վերադարձնի գույքը: Թող չեղարկի պարտքերը: Այդ ինչպե՞ս եղավ, որ Իրաքի 4 մլրդ  դոլարի պարտքը չեղարկեց, իսկ մերը՝ ոչ: Ինչու՞ այդպես: Դա ճիշտ չէ, այդ մասին պետք է ասել նախագահին: Խիղճ պետք է ունենալ: Գործարանները որոնք վերցրեցիք, դրանք պետք է աշխատեին, բայց չեն աշատում: Մենք չունենք աշխատատեղեր, ժողովուրդը հեռանում է այսօր երկրից: Էներգահամակարգերը եւս ռուսների ձեռքում են, պետք է ազգայնացնել,  վերադարձնել ժողովրդին: Գործել է պետք, աշխատել, այլ ոչ թե պահ մտնել ու լռել: Ոչ ոք ոչինչ չի անում, իսկ ազգաբնակչությունը գնում է:  Իսկ դա շատ վտանգավոր է: Ես ռազմական տեսանկյունից եմ ասում՝ երբ երկրից հեռանում են բնակիչները, գնում է մոբիլիզացիոն ռեզերվը: Մեզ համար շատ դժվար կլինի պատերազմի պարագայում կորուստները վերականգնել, բանակը դա ժողովուրդն է: Կրակում են Տավուշի սահմանամերձ գոյւղերի վրա, տների ուղղությամբ: Ժողովուրդն էլ հեռանում է: Ինչքան էլ հայրենասեր լինեք, մի օր կթքեք ու կհեռանաք: Ժողովրդին պահել է պետք, կանգնեցնել: Թշնամուն էլ զգուշացնել, որ պատասխան կրակ կլինի: Պետք է ուժ ցուցադրել: Ուժեղ է Հայաստանը, ռազմական կարողություններ ունի, մեր բանակը լավն է, պատրաստված է ու մարտունակ: Կան թերություններ, իսկ ո՞վ չունի թերություններ, բոլորն ունեն, բայց ի նկատի ունեցեք, որ լավն է մեր բանակը, ամուր  բանակ ենք ստեղծել: Խաղաղ ժամանակ հնարավոր է բանակում մի քիչ անկարգություններ լինեն, սպաները, զինվորները, բայց երբ որ ռազմական գործողություններ են սկսվում, այդ ամենը վերանում է: Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այդպես պետք է լինի: Այս կանոններով պետք է առաջնորդվեն ղեկավարները ու պահպանեն երկրի անվտանգությունը, նախագահը գլխով է պատասխանատու պետության համար,գլխով, դրա համար էլ նա հանդիսանում է  գերագույն գլխավոր հրամանատարը: