пятница, 28 сентября 2018 г.

Ի՞նչը չի կարողացել անել Նիկոլ Փաշինյանը



  • Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

Կադրային քաղաքականությունից հետո Հայաստանի կառավարության թերևս ամենաթույլ տեղը հայեցակարգային մոտեցումների բացակայությունն է, ինչը կարող է տպավորություն ստեղծել իշխանության քաոտիկ քայլերի մասին կամ առնվազն կարծիք ձևավորել, որ գտնվում են իրավիճակային լուծումներ, որոնք շատ դեպքերում արդյունավետ չեն լինում։
Հայեցակարգային մոտեցումների բացակայությունը երբեմն հրապարակային ելույթների հակասությունների պատճառ է դառնում անգամ վարչապետի մակարդակով։ Եթե այդ փաստերը Հայաստանի հասարակությունն առայժմ չի նկատում, որովհետև ապրում ենք հեղափոխական էյֆորիայի ռեժիմում, ապա միջազգային շրջանակներում կոնտրաստը ոչ միայն արձանագրում են, այլ նաև դրա շուրջ որոշակի հետևություններ են անում։ Օրինակ՝ ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանին հակասությունների մեջ «բռնում» է անգամ Բաքուն, որի «ուշադիր» կեցվածքը գուցե չմտահոգեր, եթե վարչապետի ղարաբաղյան քաղաքականության հակասությունների մասին չխոսեին նաև միջազգային լուրջ փորձագետներ։ Սակայն Հայաստանի ժամանակավոր կամ հեղափոխական կառավարության քաղաքականությունը հետևողականությունից շեղումներ է արձանագրում ոչ միայն ԼՂ հարցում։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա առթիվ կազմակերպված ասուլիսներում, նույնիսկ մեծ հանրահավաքում բրենդային էր դարձել հունիս-հուլիս ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվության թեման, որը նույնիսկ աննախադեպ էր համարվում այն մարդկանց կողմից, ովքեր անվերապահորեն պաշտպանում են գործող կառավարության բոլոր հայտարարությունները։ Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում այդ հիմքով հայտարարեց, որ Հայաստանում այլևս սկսված է տնտեսական հեղափոխությունը։ Սակայն այս հարցում կառավարության ու վարչապետի ոգևորությունը, մեղմ ասած, շատ կարճ տևեց։
Մի քանի օր առաջ, երբ վարչապետը Նյու Յորքում հանդիպում էր ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ստիպված խոստովանեց, որ ոչ մի տնտեսական ակտիվություն էլ ըստ էության չի եղել, որովհետև աճը պայմանավորված է եղել ոչ թե կառավարության ջանքերով կամ տնտեսական գործոններով, այլ ընդամենը ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, որի ժամանակ մեր հայրենակիցները զանգվածաբար խաղադրույքներ են կատարել։ Հիմա պատկերացրեք՝ բարձր մակարդակով հնչեցված այս հայտարարությունների կոնտրաստն ինչպիսի տպավորություն է թողնելու պոտենցիալ ներդրողների վրա։
Կամ՝ նույն նյույորքյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում է, թե Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ սին են հակահեղափոխություն անելու մասին խոսակցությունները։ Դարձյալ անհասկանալի է, թե ում է ուղղված վարչապետի դիտողությունը, որովհետև Երևանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հակահեղափոխության վտանգի մասին ահազանգում էր միայն ինքը՝ գործընթացի մասնակիցներին բաժանելով «սպիտակների» ու «սևերի»։ Չենք ուզում մտածել, որ վարչապետը երկու դրվագներից մեկում անկեղծ չի եղել՝ փորձելով մանիպուլացնել լսարաններից մեկին։ Նույնիսկ վստահաբար կարող ենք պնդել, որ երկու դեպքում էլ Փաշինյանը թերևս անկեղծ է եղել, սակայն առաջնորդվել է ոչ թե համակարգային, այլ իրավիճակային մոտեցումներով։
Նիկոլ Փաշինյանի թիմի գլխավոր մարտահրավերը նույնիսկ ոչ թե կադրային քաղաքականությունն է, այլ նոր համակարգ ձևավորելու անկարողությունը, ինչի հետևանքով նույնիսկ հաջողված կադրերի պոտենցիալն արդյունավետորեն չի օգտագործվում։ Օրինակ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անվիճարկելի պրոֆեսիոնալ է, սակայն թերևս նա ինտեգրված չէ այն խմբին, որը քաղաքական որոշումներ է կայացնում, ինչի հետևանքով արտաքին քաղաքականության ոլորտում տեսնում ենք բազմաթիվ բացթողումներ։
Հայաստանում իրապես չկա հակահեղափոխական ռևանշի լուրջ վտանգ. գործող կառավարությունը կարող է ձախողվել միայն այն պատճառով, որ չի կարողանում ստեղծել արդյունավետ կառավարմանը միտված համակարգ։