четверг, 24 января 2019 г.

Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ. Տեսանյութ



Նախկին իշխանությունների մասին այնքան է գրված, որ այսօր իմաստ չունի դրա մասին խոսելու: Թվում էր, թե նոր իշխանություններն իրենց աշխատանքի «նոր ոճով», պետք է որ տարբերվեին նախկիններից: Սակայն որոշ մարզպետների` իրենք իրենց և մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումների մասին հրապարկումներից հետո, պարզ դարձավ, որ վերջիններս, բացի անուն ազգանունը, ոչնչով չեն տարբերվում նախկիններից:
Այս ամենը բնականաբար աննկատ չմնաց հանրության կողմից: Համացանցում  oգտատերերի մեծ մասը, քարը քարի վրա չթողնելով, քննադատում էին նախկիններից նորերին փոխանցված երևույթը: Կրքերն առավել քան բորբորքվեցին, երբ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղի ունեցածին հետևյալ բնութագրումը տվեց` «իներցիայով է եղել»: Facebook սոցիալական ցանցում օգտատերերից որոշներն էլ տեսակետ հայտնեցին , թե մարզպետների կատարած աշխատանքին մի քանի ամսում հնարավոր չէր գնահատական տալ, ուստի պարգևատրումներն էլ անհիմն են: Իրականում խնդիրն այդքան էլ պարզ չէ: Նախորդ իշխանությունները ցածր աշխատավարձների խնդրի լուծման տարբերակներ չունեին: Արդյունքում, այն լուծվում էր հայտնի «ավանդական» կարգով: Դրա համար էլ համակարգված զանգվածային կոռուպցիայի հարցը մնում էր չլուծված:
Այս հարցը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ էր: Այս վիճակում են ԵԱՏՄ-ի գրեթե բոլոր երկրները:
Սակայն ժամանակակից երկրները այս խնդրի լուծման ձևերը գտել են: Այն ժամանակին լայնորեն կիրառվել է Հարավային Կորեայում, Թայվանում, Թայլանդում, այնուհետ` Լատինական Ամերիկայի երկրներում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն լայնամասշտաբ ձևով սկսեց կիրառվել Արևելյան Եվրոպայի երկրներում: Մեր տարածաշրջանում առաջինն այս ճանապարհով գնաց Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» հետո:

Ո՞րն էր այս խնդրի լուծման եղանակը
Հասկանալի է, որ պետական համակարգում զանգվածային կոռուպցիայի վերացման հիմնական տարբերակն աշխատավարձների շեշտակի բարձրացման ձևն է: Օրինակ, Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո, ոստիկանական համակարգում նվազագույն աշխատավարձը 500 դոլարն էր: Իսկ դատաիրավական համակարգում աշխատավարձերը տատնվում էին 2.000-ից մինջև 10.000 դոլար: Միաժամանակ կոռուպցիոն ցանկացած երևույթ պատժվում էր ամենախիստ ձևով: Մարդը գիտեր, որ սխալ քայլի դեպքում ներում-բեկում չկար` միաժամանակ ստանալով իր կարգավիճակին համապատասխան աշխատավարձ:
Այս բարեփոխումների արդյունքում սովորաբար այդ երկրներում վերանում էր «զանգվածային կոռուպցիա» հասկացությունը:
Իհարկե դա չէր նշանակում, որ կոռուպցիան վերանում էր ընդհանրապես: Այս երևույթը առկա է նույնիսկ զարգացած երկրներում, սակայն այնտեղ այն կրում է նեղ էլիտար բնույթ: Նույնիսկ այդպիսի տերմին կա` «էլիտար կոռուպցիա», որը սակայն «չի նկատվում» շարքային քաղաքացու կողմից, այն կենսական խնդիր չի դառնում մարդկանց համար:
Այդ երևույթն առկա է, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ-ում, սակայն այն հանրային օրակարգի լուրջ խնդիրների շարքում չէ: Սա է խնդիրը:
Որտեղից ռեսուրսներ հայթայթել այս խնդրի լուծման համար
Ժամանակակից զարգացած երկրներում այն լուծվել է աշխատավարձների բարձրացման միջոցով: Այնտեղ ուժեղ է արհմիությունների դերը, որ իրենց ամենօրյա գործնեությամբ լուծում են այդ խնդհիրը:
Զարգացող երկրներում կայացած արհմիություններ չկան, քանզի դրա սոցիալ-տնտեսական հիմքն է բացակայում: Բացի այդ` զարգացող երկրներում բավարար միջոցներ չկան բյուջետային հատկացումների միջոցով այդ խնդիրները լուծելու համար:
Ահա թե ինչու այն լուծվում է տարատեսակ արտաբյուջետային ֆոնդերի միջոցով:
Նախ միջազգային ֆոնդերի օգնությամբ, ապա տեղի մեծահարուստների կողմից հատուկ ֆոնդերի ստեղծման միջոցով:
Օրինակ` «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը 10 տարվա ընթացքում օգնության կարգով ստացել է ավելի քան 4.5 մլրդ դոլարի օգնություն: Բացի այդ «աշխատավարձերի ֆոնդին» մշտակապես աջակցել է այն ժամանակ դեռ Սաակաշվիլիի աջակից, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպե՞ս լուծել այս խնդիրը Հայաստանում
Պարզ է, որ երկարաժամկետ կտրվածքով պետական համակարգում մարդկանց հնարավոր չի լինի աշխատեցնել ցածր աշխատավարձերով: Եթե այս իրավիճակը չփոխվի, ապա անխուսափելի կլինի նոր կոռուպցիոն դրսևորումների ի հայտ գալը, քանզի դա բնական է: Մարդուն չի կարելի «փոքր աշխատավարձ» տալ և պահանջել որակյալ և ազնիվ աշխատանք: Հեղափոխական էնտուզիազմով մարդիկ կարող են աշխատել մեկ, երկու ամիս, բայց` ոչ ավելի: Իսկ բյուջեում բավարար գումար չկա մարդկանց աշխատավարձերը շեշտակիորեն բարձրացնելու համար:
Իհարկե, «դրսի» ֆոնդերից կարելի է գումարներ հայթայթել, բայց մենք Վրաստան չենք, մեզ լուրջ քաղաքական ռեսուրներ չեն տա, քանզի դրա դիմաց կպահանջեն մեզ համար անընդունելի որոշումներ:
Փոխարենը մենք ունենք բազմաթիվ «իվանիշվիլիներ», որոնց պետք է շահավետ լինի, որ երկիրն ունենա ազնիվ և գրագետ կառավարող վերնախավ:
Բայց այս մարդկանց Փաշինյանը և ներկայիս իր թիմը տարիներ շարունակ «փչացրել են», նրանց ներկայացրել որպես «քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ», որոնք «խանգարում են երկրի զարգացմանը»: Բնականաբար, այս շրջանակներն էլ իրենց հերթին դրական չեն տրամադրված Փաշինյանի թիմի հանդեպ, թեև արտաքուստ դա ցույց չեն տալիս: Ահա սա է այն հիմնական խնդիրը, որը կանգնած է Հայաստանի առջև և որի լուծման եղանակը դեռ չի նշմարվում վերը նշված հայտնի պատճառներով:
Ռոբերտ Ասրյան
Источник: https://zham.am/?p=33885&l=am

Комментариев нет:

Отправить комментарий