среда, 19 сентября 2018 г.

Կողբի դպրոցի ուսուցչուհին նամակ է գրել ԿԳ նախարարին, որը հաղորդում է հանցագործության մասին


Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանը օրեր առաջ նամակ է գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում ուսուցչուհին խնդրել է, որ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները գնան և ստուգումներ իրականացնեն դպրոցում, քանի որ տնօրենը պաշտոնեական դիրքը չարաշահում է: Նամակն ուղարկվել է կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային հասցեին (info@edu.am):
Օրեր անց դպրոց են այցելել Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչի արդյունքում դպրոցում իմացել են, թե ով է նամակի հեղինակը: Առաջին հերթին նամակի մասին իմացել է դպրոցի տնօրենը, ում նամակը հիմնականում վերաբերել է: Տեսչական մարմնի ներկայացուցիչները, ըստ Ա. Ազատյանի, աշխատակազմի առջև կարդացել են իր նամակը, ու համալիր ստուգումներ իրականացնելու փոխարեն դպրոցի ներսում ավելի են լարել հարաբերությունները:
Անուշ Ազատյանի դուստրը ֆեյսբուք սոցիալական ցանցում, առանց բուն նամակը հրապարակելու, բարձրաձայնել էր այն մասին, որ դպրոց այցելած և ԿԳՆ-ից ներկայացած աշխատակիցները փոխարենը, նամակը հիմք ընդունելով, ստուգում իրականացնելու, եկել, դպրոցում կարդացել են բողոքը՝ խախտելով էթիկայի կանոնները:
Ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն, ինչ նկարագրվել է գրառման մեջ, «խայտառակություն է»:
«Թեպետ Կրթության տեսչական մարմինը, որը ստուգումներ է անցկացնում, մեր նախարարությունից անկախ է, բայց ես արդեն դիմել եմ տեսչության ղեկավարին այս հարցով: Շնորհակալություն խնդրի մասին ահազանգելու համար: Ես անձամբ կհրահանգեմ, որ նախարարության ներկայացուցիչը այցելի Ձեր դպրոց ու անձամբ տեղեկանա իրավիճակի մասին: Ձեր մայրիկին փոխանցե՛ք իմ բարևներն ու ասե՛ք, որ դուխով լինի: Չորս ամսում իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել, բայց այսպիսի ահազանգերով համակարգն ավելի արագ կուղղվի: Շնորհակալություն», - գրել է Արայիկ Հարությունյանը:
Կրթության տեսչական մարմինը, մինչև իշխանափոխությունը եղել է կրթության և գիտության նախարարության ենթակա կառույց: 2018թ. հունիսի 11-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ստորագրել է նոր կանոնադրությունը, ըստ որի՝ տեսչական մարմինը  կառավարությանը ենթակա մարմին է, որի կառավարումն իրականացնում են վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը: Այս խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Խորհրդի նախագահը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է:
Անուշ Ազատյանի նամակը
Նամակը նախատեսված է եղել ոչ թե հրապարկման, այլ ԿԳՆ-ի միջոցով դպրոցում ստուգումներ իրականացնելու համար, սակայն քանի որ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պատշաճ չեն արձագանքել նամակին, Անուշ Ազատյանը ցանկանում է այն հրապարակայնացնել:
Նամակը, որն ուղարկվել է ԿԳ նախարարին, իրականում հաղորդում է հանցագործության մասին: Դրա բովանդակությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Դպրոցի տնօրենը, ինչպես մանրամասն նամակում պատմել է Անուշ Ազատյանը, վերջին երկու տարիներին չարաշահում է պաշտոնեական դիրքը դասաբաշխում իրականացնելիս: Նամակը գրելու շարժառիթն այս ուսումնական տարվա դասաբաշխումն է եղել: «Արդեն ամսի 27-ն է, սակայն մենք գաղափար չունենք դասաբաշխման մասին: Ամեն ինչ մեզ մոտ արվում է գաղտնի, ծածուկ և ասվում է վերջին պահին, որպեսզի բողոքարկելու ժամանակ չունենանք», - գրել է Անուշ Ազատյանը: Խոսքը օգոստոսի 27-ի մասին է, նամակը նախարարին ուղարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին:
Անուշ Ազատյանը նշել է, որ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կոռումպացված է, տնօրեն Մարինե Ղարագյոզյանը ՀՀԿ-ի դրածոն է և Նոյեմբերյանի տարածաշրջանի ընտրական հանձնաժողովի նախագահը, դպրոցի տնտեսվարը Տավուշի նախկին մարզպետի քույրն է, ուսումնական գծով փոխտնօրեն (ուսմասվար) Վեներա Դուրինյանի քրոջ ամուսինը՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:
Ուսուցիչները, ըստ նամակի, թերբեռնված են, ունեն քիչ դասաժամեր: Իսկ տնօրենն ու փոխտնօրենը ստանում են թե վարչական աշխատավարձ, թե ունեն դասաժամեր այն առարկաներից, որի ուսուցիչը աշխատում է մոտ 30 հազար դրամ աշխատավարձով (յոթ դասաժամ):
«Ամենախայտառակը անցած տարվա դասաբաշխումն էր: Երբ ես բողոքելիս ասացի, որ տնօրենը ցանկանում է ունենալ և վարչական աշխատավարձ, և ժամեր, և ստվերային եկամուտ, նա ինձ լկտիաբար պատասխանեց, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ունի իր ստվերային եկամուտը»,- գրել է Անուշ Ազատյանը:
Նամակի մյուս հատվածում ուսուցչուհին պատմում է անցած տարի դպրոցում անցկացված ստուգումների մասին, որին այնտեղ պատրաստ չեն եղել, սակայն ստուգողներին գնալուց հետո տնօրենը հայտարարել է, որ աշխատանքները գնահատվել են գերազանց:
Նամակի վերջին հատվածում ուսուցչուհին իր բերած օրինակով ենթադրում է, որ տնօրենը կատարել է փողերի լվացում:
«Նախանցած աշնան մի օր տնօրենն ինձ կանչեց ու ասաց, որ ցանկանում է ֆինանսական օգնություն ցույց տալ (ամուսինս բազմիցս վիրահատվել է, աղջիկս վթարի էր ենթարկվել): Ես դիմում գրեցի օգնության խնդրանքով: Մի երկու օր հետո նորից ինձ տնօրենը կանչում է ու ասում, որ օգնության գումարից ինձ տալու են միայն 15 հազար դրամ: Ես զայրացա, բայց ում կարող էի բողոքել. թիկունքին ՀՀԿ-ն էր: Հետո պարզվեց, որ միայն ես չեմ, երեք ուսուցչուհու օգնություն էր տրամադրվելու: Օգնության գումարը ստանալիս տնօրենն էլ մեզ հետ բանկ եկավ: Երբ գումարը ստացանք, նա հենց բանկում բոլորի աչքի առաջ, տեսախցիկների առկայությամբ մեր ձեռքից վերցրեց այդ գումարը: Չմոռանամ ասել, որ խոստացած 15000-ից 5000-ն էլ գրպանեց հենց այդ պահին: Ենթադրեցինք, որ կատարվածը պետբյուջեի փողերի լվացում է: Եթե ստուգումներ անցկացվեն, բազմաթիվ նման ֆինանսական կեղծիքներ կբացահայտվեն»,- գրել է ուսուցչուհին:
Источник: http://hetq.am/arm/news/93023/koxbi-dproci-usucchuhin-namak-e-grel-kg-nakhararin-ory-haxordum-e-hancagortsutyan-masin.html

Комментариев нет:

Отправить комментарий