среда, 6 ноября 2013 г.

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի կասկածելի հրաժարականը

Նոյեմբերի 4-ից լուրեր էին տարածվել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, Ադրբեջանի ԶՈւ մայոր Թեյմուր Աբդուլաևի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 5-ին նա հաստատել է լուրը։ Ընդդիմադիր լրատվակայքերը պաշտոնական վարկածին չեն հավատում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Թեյմուր Աբդուլաև

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեյմուր Աբդուլաևը նշել է. «Ես զորակոչվել եմ պարտադիր զինծառայության պահեստային ուժերից և երբևէ չեմ համալրել կադրային կազմը։ Ես ավելի վաղ էլ էի ցանկանում հրաժարական տալ։ Այս անգամ վերջնականապես որոշեցի հրաժարականի դիմում ներկայացնել, ու համաձայն «Զինծառայության մասին օրենքի»՝ խնդրել, որպեսզի զորացրեն ինձ։ Նոր նախարարն ըմբռնողական մոտեցում ցուցաբերեց և այսօր հրամանագիր ստորագրեց։ Ըստ հրամանագրի՝ ես համալրում եմ պահեստային ուժերը»։
Եզրափակելով խոսքը՝ Աբդուլաևը հաջողություն է մաղթել լրագրողներին ու ՊՆ նոր անձնակազմին։
Փաստորեն, համաձայն ԱՊԱ-ի հրապարակած հարցազրույցի՝ Աբդուլաևը կամավոր է հրաժարական տվել, ինչը վաղուց էր ցանկանում անել։
Նշենք, որ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով սեփական ռազմական աղբյուրներին, գրում է. «Թեյմուր Աբդուլաևի վրա ճնշում է գործադրվել նոր ղեկավարության կողմից։ Դա պատճառ է հանդիսացել նրա հոսպիտալացման, ապա հրաժարականի դիմում ներկայացնելու համար»։
Նկատենք, որ հոսպիտալացման մասին այլ լրատվամիջոցներ չեն գրել։
Հավելենք, որ դեռևս չի հաղորդվում՝ արդյոք Թեյմուր Աբդուլաևի պաշտոնը թափուր է մնալու, թե արդեն նոր նշանակում է կատարվել։
Այնուհանդերձ, հիշեցնենք, որ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքը կարող է լրջորեն խաթարվել, երբ ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն արձակուրդի մեջ է, վերադառնալով՝ հրաժարական է տալու, իսկ նրա տեղակալը կասկածելի պայմաններում հրաժարականի դիմում է ներկայացնում։ Պարզ չէ, թե այսուհետ ով է պատասխանելու լրագրողների հարցին ՊՆ-ի համար լարված իրավիճակում և ում պետք է դիմեն լրատվամիջոցները մեկնաբանություն ստանալու նպատակով։
Եվ այս ամենն այն դեպքում, երբ ադրբեջանական մամուլում արդեն իսկ գլուխ է բարձրացրել ՊՆ-ից ու ՊՆ-ի մամուլի ծառայությունից դժգոհության ալիքը։ ՊՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են ընթանում, սակայն դրանց վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն գրեթե չի հրապարակվում, նախարարությունը լուրերը կամ չի հաստատում կամ չի հերքում կամ տալիս է խիստ անորոշ պատասխաններ։
Ստեղծված պայմաններում ՊՆ-ում ընթացող թեժ իրադարձությունների միակ աղբյուրն են դառնում այս կամ այլ լրատվակայքի «սեփական աղբյուրները» կամ էլ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ֆեյսբուքյան գրառումները։ Այս աղբյուրների հաղորդած տեղեկությունների իսկությունն այս պահի դրությամբ հնարավոր չէ ստուգել։

Комментариев нет:

Отправить комментарий