Նոր իշխանությունների ամենասիրելի գործը արդարանալն ու ձախողումները որպես հաջողություն ներկայացնելն է: Ինչպես որ Օրուելի «1984»-ում էին կարգախոսները գլխիվայր շրջված ներկայացվում («Չիմացությունը՝ ուժ է», «Պատերազմը՝ խաղաղությունն է», «Ազատությունը՝ ստրկությունն է»), այնպես էլ մեր օրերի հեղափոխականներն են գլխիվայր շրջում ամեն ինչ: Նրանք պաշտպանում են այն, ինչ նախկինում քննադատում էին և քննադատում են այն, ինչ նախկինում պաշտպանում էին: Նրանք անում են այն, ինչ նախկինում երդվում էին չանել և չեն անում այն, ինչը խոստացել էին իշխանության գալուց հետո անել:
Ամեն ինչ արդարացվում է այսրոպեական շահով ու «հեղափոխական նպատակահարմարությամբ»:
Այսպես .
1. Գյումրիից արագաչափերի օբյեկտիվները «սկոչով» փակելով գալ Երևան: Իշխանություն դառնալուց հետո ավելացնել արագաչափերի քանակը:
2. Խոսել կարմիր կետագծերի դեմ: Իշխանությունից հետո հայտարարել, որ այդ կետագծերն անհրաժեշտ են մանկապարտեզների վերանորոգման համար:
3. Դեմ լինել պարտադիր կուտակայինին: Իշխանություն ունենալուց հետո կրծքով պաշտպանել կուտակայինը:
4. Խոստանալ փոխել Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցությունների մասին օրենքները ու միայն դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների, բայց հետո մոռանալ այդ մասին և ընտրությունները կազմակերպել Սերժ Սարգսյանի համար ստեղծած խաղի կանոններով:
5. Խոստանալ, որ գազի գինն իջեցվելու է, բայց հետո տարածել, թե բա ավելի լավ է մրսենք ու թանկ գազի գին վճարենք ու «դուխով» արտաքին քաղաքականություն վարենք, քան գազը էժան լինի: Ու ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ամենևին էլ «դուխով» չէ, եթե այդպիսին արտաքին քաղաքականությունն ընդհանրապես լինում է:
6. Խաբել, թե իբր հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց, միևնույն ժամանակ, շնորհավորանք մուրալ ու այդպես էլ չստանալ Կրեմլից: Չստանալուց հետո էլ տարածել, թե բա թքած շնորհավորանքի վրա:
7. Խաբել, թե իբր չես բանակցում Ղարաբաղի հարցով, բայց իրականում ինտենսիվ բանակցություններ վարել Ալիևի հետ ու հասնել վտանգավոր նշակետի:
8. Հայտարարել, որ դատարանների որոշումներին չես միջամտում, բայց ամենակոպիտ ձևով միջամտել դատական իշխանության աշխատանքներին:
9. Խոսել այն մասին, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս վերանալու է պետական համակարգում, սակայն առաջանորդվել բացառապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:
10. Խոստանալ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, սակայն իշխանության գալուց հետո իրականացնել քաղաքական հետապնդումներ և առաջնորդվել անձնական վրեժխնդրությամբ:
Այս շարքը շարունակելի է, բայց այսքանն էլ բավարար է՝ գնահատելու համար, որ նախկինում մերժված սուտն այժմ նոր դրսևորումներ է ստանում՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի ներքո:
Հայկ Ուսունց
Источник: http://www.7or.am/am/news/view/153314/
Комментариев нет:
Отправить комментарий