ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի երեկվա պարզաբանումներից հետո էլ աստղաբաշխական պարգևատրումների թեման չի փակվում։ Անանյանը, մասնավորապես, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ աշխատակիցները պարգևավճարներ ստացել են` ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը, սակայն պարգևավճարների չափը չնշեց՝ պատճառաբանելով, որ իրենք անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունեն։ Լրագրողների հարցապնդումների ճնշման տակ ամեն դեպքում Անանյանը նշեց, որ ամենամեծ առձեռն վճարված պարգևավճարը կազմել է 1.5 մլն դրամ։ Բայց թե ով է ստացել այդ գումարը՝ հրաժարվեց բացահայտել։
Նշենք, սակայն, որ ՊԵԿ նախագահի հրապարակած թիվն այնքան էլ իրատեսական չէ։ Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրատեսականը ի սկզբանե հրապարակված թվերն են եղել, ըստ որի՝ պարգևավճարների ամենաբարձր շեմը եղել է 7-8 միլիոն դրամը։
Ամենամեծ պարգևավճար ստացածների թվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը։ Նա համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ Մասնավորապես իր փեսային՝ աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողները այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից Էլեն Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։
Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են։
Ի դեպ, Դավիթ Անանյանը, ըստ էության, ստում է՝ հայտարարելով, թե նախորդ տարի ևս բարձր պարգևավճար են ստացել։ Մասնավորապես, Ռաֆիկ Մաշադյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ ամբողջ 2017-ին Մաշադյանը ստացել է 10 միլիոն 97 հազար 440 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Իսկ 2018-ի միայն դեկտեմբեր ամսին Մաշադյանը ստացել է 9.6 միլիոն դրամ։
Հ.Գ. Մեզ հասած տեղեկություններով՝ Անանյանը ստում է նաև, երբ հայտարարում է, թե պարգևավճարներ ստացել են ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը։ ՊԵԿ շարքային աշխատողներ մեզ պատմեցին, որ պարգևավճարներ ստացել են բացառապես ղեկավար կազմն ու նրանց մտերիմները։