Հեղափոխության հաղթանակից հետո թվում էր, թե դրա գաղափարական ու արժեքային ողջ ներուժը ներդրվելու է պետականաշինության աստիճանական գործընթացի մեջ: Այսինքն` կանխատեսվում էր, որ զուտ ավտորիտար ռեժիմի կազմաքանդման գաղափարի շուրջ սաղմնավորված հեղափոխական շարժումն ի վերջո դուրս է գալու դրա նեղ շրջանակներից ու ընդգրկելու է կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ, պետական կառավարումից մինչև կրթական համակարգ:
Բայց բոլոր այս կանխատեսումներն այդպես էլ մնացին որպես կանխատեսում ու դեռևս հեռու են կյանքի կոչվելու հնարավորությունից: Հեղափոխական ռեֆորմների փոխարեն առաջնային պլան են մղվել հապաղումն ու քարացումը, անշարժությունն ու երեսպաշտությունը, անկարողությունն ու հպարտ շփոթմունքը:
Թվում էր, թե ավելի քան 8 ամիս շարունակվող հեղափոխություն-հակահեղափոխություն, Ռոբերտ Քոչարյանին կալանավորել-չկալանավորել, ասֆալտին պառկեցնել-չպառկեցնել կրկեսային բեմականացմանը պետք է հաջորդեին կոնցեպտներն ու աշխատանքային գործիքները, բայց ո՛չ: Դրանց փոխարեն առաջնային պլան են մղվել պարգևավճարներն ու կոկորդիլոսները, անձրևանոցներն ու պետական խորհրդանիշները փոխելու անմեղսունակ նախաձեռնությունները: Ահա սա է ներկայիս իրականության ողջ էությունը, սա է իշխանության ու հանրային տարատեսակ խմբերի միջև կազմակերպված դիսկուրսի որակը: Իշխանությունները չեն կարողանում ճեղքել արժեքային այս չափազանց ցածր շեմը ու ամենացավալին այն է, որ, կարծես թե, ճեղքման ձգտումն էլ առանձնապես տեսանելի ու շոշափելի չէ:
Պատահական չէ, որ արժեքային անկման այս պայմաններում կառավարությունը ներկայացրել է այնպիսի մի ծրագիր, որը կարծես թե կապ չունի ո՛չ հեղափոխության և ո՛չ էլ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, և կառավարության ծրագիրը այն շարքային փաստաթղթերից է, որոնք միշտ էլ եղել են, միշտ էլ գրվել են, բայց երբեք կապ չեն ունեցել հայաստանցու կյանքի ու իրականության հետ: Կառավարության ծրագրի տողատակերում նշմարվում է հետևյալ ուղերձը. Հայաստանի հպարտ քաղաքացիներ, լավ չեք ապրելու, բայց դուխով, մենք լավն ենք, որովհետև մենք հեղափոխական ենք, իրավիճակ է փոխվել, բայց ոչ ձեզ համար և այսպես շարունակ:
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր ստիպված եմ լինելու հայտարարել, որ հեղափոխությունը գոյություն չունի, չի էլ եղել, և մենք գործ ունենք դրա պարզունակ սիմուլյացիայի հետ: Եթե Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ասում էին, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին, ապա Հայկական թավշյա հեղափոխության պարագայում կարելի է արձանագրել, որ հեղափոխության զավակներն են խժռում հեղափոխության նվաճումները: Մնացել են վերջին կրճոնները և դա էլ Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ, ավելի շուտ՝ հալվող հեղինակության:
Հեղափոխությունից հետո կարծում էինք, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է պետական գործիչ Նիկոլ Փաշինյանը:
Կերպափոխումն այդ ավելի քան տրամաբանական էր ու օրինաչափ: Բայց լինում են դեպքեր, երբ նույնիսկ օրինաչափն ու տրամաբանականը զրկվում են կյանքի կոչվելու հնարավորությունից, և արդյունքում Փաշինյանն այդպես էլ չդարձավ պետական գործիչ: 60 տարի անց ապագայի պատմագետները վարչապետին բնութագրելիս, ամենայն հավանականությամբ, կգրեն հետևյալ խոսքերը. «Մեծ հեղափոխականն ու ձախողված պետական գործիչը»:
Տարիներ առաջ, երբ համալսարանում էի սովորում, ամբիոնի պրոֆեսորը չէր թողնում, որ տաղանդավոր ուսանողներն ու գիտաշխատողները մասնագիտական առաջխաղացում արձանագրեն: Ավելին՝ նա խոչընդոտում էր մյուս դասախոսների պրոֆեսոր դառնալու ձգտումները, քանի որ ուզում էր միակն ու բացառիկը լիներ, իրենից բացի, ոչ ոք չպետք է պրոֆեսոր դառնար ու այս տրամաբանությամբ ինքն իրեն շրջապատել էր միջակություններով ու կոնֆորմիստներով, որոնք զբաղվում էին աստվածային պրոֆեսորի անձի պաշտամունքով (ֆակուլտետի ու ամբիոնի անունը, քաղաքավարությունից ու կոռեկտությունից ելնելով, չեմ նշում):
Տպավորությունն այնպիսին է, որ նույն կոմպլեքսով տառապում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես ցանկանում է միակն ու բացառիկը լինել, ամբողջ փառքը պետք է միայն իրեն բաժին հասնի: Արդյունքում՝ վարչապետն ինքն իրեն շրջապատել է միջակություններով, որոնք ի զորու չեն նույնիսկ տարրական պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Փաշինյանն ամբողջ պատասխանատվությունը կամավոր վերցրել ու դրել է իր ուսերին, իսկ մնացյալը կողքից «դուխով» գոռացողներն են՝ դամ պահողները էլի: Այսինքն, եթե վարչապետը ձախողվի, ապա բոլորն են ձախողվելու, քանի որ չկա մեկը, որը կկարողանա պատասխանատվություն ստանձնել ու տեր կանգնել իրավիճակին: Մի՞թե սա պետական գործչի վարքագիծ է: Պետական մտածողություն ունեցող մարդը ինքն իրեն չէր շրջապատի դուխով միջակություններով, հպարտ կիսագրագետներով ու մարտնչող բյուրոկրատներով: Ու այս աստղաբույլի մեջ պետք է շողշողա միայն մեկ աստղ և նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Իսկ պետությո՞ւնը:
Փիլոն Ալեքսանդրացին իր «Երկրագործություն» աշխատության մեջ առանձնացնում է երկու կարևորագույն եզրույթ՝ երկրագործ և հողի մշակ։ Հողի մշակը չունի խոր գիտելիքներ, և դրանք նրան ոչ էլ պետք են, քանի որ իր գործը նա անում է հանուն վարձատրության։ Պետության կառավարման տեսանկյունից հողի մշակին համապատասխանում է թույլ կառավարիչը կամ էլ բռնապետը։
Իսկ երկրագործը ամեն ինչ անում է, որպեսզի իր հողը ծաղկի, նա ցանկանում է տեսնել իր ստեղծած բարիքը։ Երկրագործի հիմնական հատկանիշը արդարադատությունն է, քանի որ բնությամբ նրան տրված է առաջնորդ լինել բույսերի և մահկանացու կենդանիների համար։
Այսինքն` երկրագործը համապատասխանում է օրինական և առաքինի առաջնորդին, որը հանրության ընտրյալն է։
Եթե Փիլոն Ալեքսանդրացու այս տեքստը տեղափոխենք 2019 թ., ապա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեռևս գտնվում են հողի մշակի պարզունակ տիրույթում: Այսինքն՝ բռնապետ հողի մշակին՝ Սերժ Սարգսյանին, փոխարինելու եկավ թույլ կառավարիչ հողի մշակը, որն է՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, իր կառավարության ծրագրի հետ միասին: Այդպես էլ ոչ ոք երկրագործ չդարձավ, ու, կարծես թե, առանձնապես դրա կարիքը չեն էլ զգում: Բոլորը ինչ-որ հարմարավետության գոտում են, դուխով են ու հպարտ: Ու այս փայլփլուն հպարտությունից կուրացած ոչ ոք չի էլ փորձում նկատել ծխացող թմբիրը, որը ինչ-որ մի օր պայթելու է: Խոսքը ժողովրդի մասին է՝ հանուն նոր աշխարհի հեղափոխություն իրականացրած ու նորից հին աշխարհում հայտնված ժողովրդի: Վերջինիս դեռևս շարունակում են կերակրել հեղափոխական լոզունգներով, «պադավատների» ու քարտուղարուհիների կրճատման աշխարհացունց ռեֆորմներով: Իբրև թե աշխատում են, օր ու գիշեր աշխատում են, իսկ «անշնորհակալ» ժողովուրդը շնորհակալություն չի հայտնում այդ անձնուրացության համար, անձնուրաց պարգևավճարների ու չթալանելու համար:
Չենք թալանում՝ ուրեմն լավն ենք:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Источник: https://www.1in.am/2506766.html?fbclid=IwAR0Cpo-2vADxY2jmpwvFZ2zsg5Qz5NBXHbzMWPDu-WCbzkv5HElKwiUgqmA
Источник: https://www.1in.am/2506766.html?fbclid=IwAR0Cpo-2vADxY2jmpwvFZ2zsg5Qz5NBXHbzMWPDu-WCbzkv5HElKwiUgqmA