среда, 30 июля 2014 г.

«Մեզանից ոմանք կրոնափոխ հայերին հայ չեն համարում, սա օտարում է նրանց մեզանից, բայց հայը հայ է` անկախ կրոնից». Սերգեյ Վարդանյան. համշենագետ:


Հայն իր ինքնությունը պահելու խնդիր միշտ է ունեցել, որովհետև այն հաճախ շատերը փորձել են ջնջել, արմատախիլ անել:  Քրիստոնեությունը վաղուց արդեն ձուլվել է մեզ և դարձել հայի ինքնության մի դրսևորում: Բայց չպետք է մոռանանք, որ քրիստոնեությունը կրոն է, և հայ լինել-չլինելու հետ անմիջապես կապ չունի: Չէ՞ որ հայը հայ է` անկախ կրոնից, չէ՞ որ ներկայիս Թուրքիայի տարածքում այսօր բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր ժամանակին բռնի կրոնափոխվել են: Մեր կողմից նրանց օտարումը հղի է վատ հետևանքներով, որովհետև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք պետք է ավելի շատ բացահայտենք Թուրքիայում ու Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող կրոնափոխ հայերին, ավելի խրախուսենք նրանց, արթնացնենք ազգային ինքնագիտակցությունը:
Համշենահայերն այս առումով, թերևս, ամենախոցելին են: Նրանց ուսումնասիրությամբ արդեն երեք տասնամյակից ավելի զբաղվում է «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, համշենագետ Սերգեյ Վարդանյանը: Մեր խնդրանքով պարոն Վարդանյանը պատմում է համշենցիների մասին:
«Համշենահայերի մասին առաջին հոդվածը տպագրել եմ 1980 թ.-ին՝ «Գարուն» ամսագրում, 2-րդ հոդվածը` «Համշենցիները՝ ծանոթ և անծանոթ», 1982թ. նույնպես  «Գարունում», այն քննադատում էր հայկական դպրոցների փակումը, որովհետև Կրասնոդարի երկրամասի 140 հայկական դպրոցից միայն 4-ն էր մնացել: Իմ տվյալներով՝ այսօր Աբխազիայի 42 000 հայ բնակչության մոտ 30 000-ը քրիստոնյա համշենահայեր են: Կրասնոդարի երկրամասում, վերջին տվյալներով, ապրում է 282 000 հայ: Իմ մոտավոր հաշվարկներով՝ նրանցից 100-150 հազարը համշենցիներ են: Կան նաև 1414 իսլամացած համշենցիներ:
Իսլամացած համշենցիները հիմնականում ապրում են Թուրքիայի Ռիզեի նահանգում՝ Համշենում, Չամլըհեմշինում, Փազարում, Չայելիում և այլն: Այս գավառներում մոտ 60 000 համշենցի կա, որոնք մինչև 1950-ական թվականները հայերեն են խոսել, իհարկե, իրենց բարբառով: Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառների շուրջ 25 հազար հայախոս համշենցիների 5-10 տարեկան երեխաներից շատերն արդեն բարբառին չեն տիրապետում, իսկ նախորդող սերունդը միայն դպրոցում էր թուրքերեն սովորում:
Զարմանալի էր, որ Թուրքիայում ապրող համշենցիները հայերեն են խոսում: Ուսումնասիրելով՝ հասկացա պատճառը. Արդվինի այդ լեռնային գյուղերում միայն 1980թ.-ից հետո է էլեկտրականություն և հեռուստացույց հայտնվել: Հեռուստացույց չեն նայել, իսկ տանը մեծերը միշտ Համշենի բարբառով են խոսել, երեխաներն էլ դա են լսել ու սովորել: Իսկ հիմա տեսնում ես տանը մեծերը Համշենի բարբառով են խոսում, իսկ երեխան թուրքերենով մուլտֆիլմ է դիտում: Ծնողն էլ է արդեն ասում` սովորիր թուրքերեն, որ դպրոցում լավ սովորես, մարդ դառնաս:
Թուրքական ճնշումը միշտ շատ մեծ է եղել` և՛ դպրոցն ու բարձրագույն կրթությունն են թուրքերեն, և՛ հեռուստացույցն ու ռադիոն են թուրքերեն: Անգամ Սահմանադրությամբ է ամրագրված, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են: Իսկ Ռիզեի նահանգի համշենահայերը հայերեն շատ բառեր օգտագործում են, երբեմն չիմանալով, որ դա հայերեն է: Օրինակ` գնում ենք լեռները, որտեղ համշենցիներն են ապրում, խոսում ենք գյուղացիների հետ, նրանք  թուրքերեն ասում են` գնանք Գարմի աղբուր կամ Դօնձուդ: Երբ հացնում ես` էդ աղբյուրը կարմի՞ր է, կամ այդ վայրում տա՞նձ է աճում, զարմանում են, ասում են` էլի՞ ես եղել այդ վայրերում: Բացատրում ես, որ ձեր ասած անվանումը հայերեն է և նշանակում է այն, ինչ ասացի: Սկսում են վիճել` մեկը մյուսին ասում է` բա ես ասում էի չէ՞, որ մենք հայ ենք, հաջորդն ավելացնում է` բա  մեզ միշտ ասել են, որ մենք Միջին Ասիայից, Խորասանից ենք եկել:
Ազգային տարազն ավելի շատ պահպանվել է Ռիզեի նահանգում, օրինակ՝ կանանց գլխաշորը` փուշի անունով: Իհարկե, Արդվինի նահանգի գյուղերում Ռիզեի բնակչության նման չեն հագնվում, կանայք, ասենք, գլուխները կապում են որևէ լաչակով, ուղղակի այն տարազի մաս չէ:
Ռիզեի շրջանի համշենցիների մոտ պահպանվել է նաև Վարդավառի տոնակատարությունը: Այն, իհարկե, իմաստային փոփոխության է ենթարկվել: Համշենցիները Վարդավառին յայլա են գնում, շուրջպար բռնում, երգեր ասում: Սա երիտասարդների ուրախության, նաև ծանոթության, ուրախ ժամանցի, երգ ու պարի տոն է, բայց միմյանց վրա ջուր չեն շփում: Ստամբուլում շատերն են սպասում, թե երբ է Վարդավառը գալու, որ յայլա գնան ու իրենց ավելի ազատ զգան: Իսկ Խոփայում հատուկենտ մարդիկ այդ բառը գիտեն: Երբ բառը լսում են, հիշում են, ասում են` որ երեխա էի, աղբյուրի մոտ իրար հետ երեխաներով խաղում էինք, պապս ասում էր`վայ գյավուրի մեկ, գյավուր, վարդևո՞ր եք անում: Չէինք հասկանում` ինչ է ասում, ուղղակի գիտեինք, որ վատ բան ենք անում, իրար ջրում ենք: Համշենցիրների մոտ պահպանվել է նաև գորը, որը նախկինում հարկատեսակ է եղել, գյուղացիներն անվճար աշխատել են իրենց տերերի համար: Հիմա, գյուղում, եթե մեկն, ասենք, շինարարություն է անում, կամ գյուղատնտեսական աշխատանք, մյուսները հավաքվում, օգնում են:
Նաև պահպանվել են հայկական հարսանիքի որոշ տարրեր: Օրինակ` երգելով գնում են հարսի հետևից, երգի միջոցով պատմում, թե ինչ են բերել: Չմոռանանք, որ մուսուլման համշենցիները մոլլայով են ամուսնանում:
Շատ համշենցիներ աթեիստ են, բայց ստիպված արարողակարգային բաներ անում են, օրինակ` հարսանիքներին կամ թաղումներին մոլլա կանչում են: Ի վերջո, մարդն այդ հասարակության անդամն է: Իհարկե, կան նաև իրոք մահմեդականներ, ովքեր Մեքքա են գնում և այլն: Ասեմ, որ Արդվինի նահանգի համշենցիների ճնշող մեծամասնությունն աթեիստ է: Աթեիստ ու մարքսիստ շատ համշենցիներ իրենց գաղափարների համար բանտ են նստել:
Եթե Համշենում լինեք, կհասկանաք, որ նրանց կրոնափոխելը հեշտ գործ չէր` սարեր,  լեռներ, ամեն լեռան լանջին մի քանի տուն, իրարից հեռու, կենտրոնից կտրված: Մեծամասամբ` նրանք անունով են կրոնափոխ: Պաշտոնապես համարվել են մուսուլման, այդքանը: Հիմա, Էրդողանի քաղաքականության արդյունքում, բոլոր գյուղերում մզկիթ է կառուցվել ու կառուցվում է: Իսլամացման հզոր քաղաքականությունը դեռ շարունակվում է: Նաև ասեմ, որ Չամլըհեմշինում մի հայկական եկեղեցի էր պահպանվել մինչև 20-րդ դարի սկիզբը` Եղնովիտ գյուղում, և մի 20-22 տուն քրիստոնյա համշենցիներ են եղել, որոնց Ցեղասպանության ժամանակ կոտորել են:
Լինում են իսլամ համշենցիներ, որ վախենում են իրենց արմատների բացահայտումից, չեն ուզում այդ մասին խոսել: Օրինակ` Ռիզեում ոմանք անգամ «Գորշ գայլեր» կազմակերպության մեջ են ընդգրկվել, որովհետև երբեմն ուզում են ավելի ապացուցել, որ հայ չեն, ուզում են դեր ու պաշտոն ունենալ: Ռիզեում այնքան են մարդկանց մեջ թշնամանք հարուցել հայության հանդեպ, որ նրանց համար հայ լինելը այդքան էլ պատվաբեր չէ: Յայլայում մեկի հետ զրուցում էինք, անընդհատ ասում էր` 1915թ.-ին հայերը մեզ կոտորել են: Ինքը մեղավոր չի, ինքն այդպես գիտի, ծնված օրվանից թուրքական պրոպագանդան նրան դա է սովորեցրել: Վիճեցինք, գնաց, սարի ծայրին էինք` մութ ու մշուշ, որ ինձ սպանեին էլ, մարդ չէր իմանա: Գնաց, մի ժամ հետո եկավ, թե մայրս ձեզ մեր տուն է կանչում: Դեռ դռան մոտ մայրն ասում է` սա թուրք է դարձել, խելքին մի ընկեք, իհարկե մենք հայ ենք եղել: Մայրն աղոթքներ գիտեր հայերենով, որ երեխա ժամանակ սովորել ու հիշում էր, բայց չէր հասկանում,  հարցնում էր` սուրբն ի՞նչ է նշանակում: 45 տարեկան էր այդ մարդը, նոր իմացավ, որ ծագումով հայ է:
Մեծ պրոպագանդա է գնացել համշենահայերի ազգային ինքնության ուրացման համար:  Չմոռանանք, որ Թուրքիան մի երկիր է, որը միշտ նման հարցերում հստակ քաղաքականություն է ունեցել, ի տարբերություն մեզ: Մենք, ցավոք, այսօր 1915թ.-ից ավելի վատ վիճակում ենք գտնվում: Որովհետև այսօր մենք ծրագիր չունենք: Եղեռնից հետո մարդիկ գաղթել են, տարբեր վայրերում հայկական եկեղեցիներ ու կրթօջախներ են բացել: Այսինքն` մարդը ծրագիր է ունեցել հետ գալու, դրա համար իր զավակին հայերեն է սովորեցրել: Իսկ այսօր, գնացողները, ցավոք, դպրոց չեն հիմնում, ավելին` եթե հայկական դպրոց էլ կա, հաճախ երեխաներին օտար դպրոցներ են տալիս, որովհետև հետդարձի ծրագիր չունեն:
Համշենցիների մոտ բացասական տրամադրվածություն է առաջացնում նաև մեր որոշ հայրենակիցների վերաբերմունքը: Ոմանք միայն կրոնի պատճառով նրանց հայ չեն համարում: Հիմա տեսեք` կան և՛ քրիստոնյա, և՛ իսլամ վրացիներ, և ՛քրիստոնյա արաբներ, և՛ մուսուլման արաբներ, քրիստոնյա և մուսուլման աբխազներ: Հիշու՞մ եք, երկրաշարժից հետո Մայր Թերեզան Հնդկաստանից Հայաստան էր բերել հնդիկ մայրապետների, որոնք մի քանի տարի մարդասիրական ծրագրեր էին իրականացնում: Շատերը նրանց տեսած կլինեն Երևանի փողոցներում, բայց ոչ ոք չէր ասում, քանի որ նրանք կաթոլիկ են, ուրեմն իտալուհիներ են, բոլորը գիտեին, որ Բուդդայի հայրենիքից եկած այդ թխամաշկ մայրապետները հնդիկ քրիստոնյաներ են: Ի՞նչ կապ ունի հավատքը ազգային պատկանելության հետ: Սա պարզունակ մտածողության արդյուքում է ձևավորվում: Մերոնք շատերին այս կերպ վանել են: Ցավն այն է, որ համշեցիները հայկական աղբյուրներին ծանոթ չեն, մենք էլ չենք թարգմանում թուրքերեն:
Իսկ այս ամենի դեմ պայքարելու համար առաջին հերթին մենք պետք է մեր ծրագիրն ունենանք, ու ոչ միայն Թուրքիայում ապրող հայերի, այլ ամբողջ աշխարհի հայության համար: Հայաստանակենտրոն ծրագիր է մեզ պետք, որպեսզի գնացողն իր վերադարձի ծրագիրն ունենա: Այդ ծրագիրն ունեցող մարդը, կամա թե ակամա, երեխային սովորեցնում է հայերեն, որպեսզի վերադարձից հետո նա խնդիրներ չունենա:
Անդրադառնալով համշենահայերին` ասեմ, որ որպես առաջին քայլ ես առաջարկում եմ թուրքերենով տպել հանրամատչելի գրքեր` հայոց պատմության մասին և տարածել նրանց մեջ: Նաև թուրքերին տալ, սովորական քաղաքացիներին տեղեկացնել, որովհետև նրանք ճիշտը չգիտեն, նրանց հայատյաց են դարձրել, թող իմանան իսկությունը, թող մեր հարաբերություններում ինչ-որ բան փոխվի: Ելքը մեկն է, երկրի վիճակը լավացնել, դարձնել գայթակղիչ ու մարդկանց հետդարձի ծրագիր տալ: Այսօր Կրասնոդարի երկրամասում Ուստյան ազգանունով որոշ հայեր դառնում են Ուստինով: Եթե Հայաստանը լավանա, ռուս Ուստինովն էլ կգա ու կասի` ես Ուստյան եմ»:
Սառա Գալստյան