«Համշենցիներն աշխարհագրորեն մեկուսացած, բայց հզոր էթնիկ ինքնություն ունեցող հայերի խումբ են, ովքեր քսաներորդ դարի առաջին տասնամյակներում բնակություն են հաստատել Սեւ Ծովի հարավային ափի Պոնտոսի տարածաշրջանում: Գիտնականներն արտահայտում են այլընտրանքային տեսակետներ նրանց ծագման մասին` Արեւելյան Հայաստանը, Արեւմտյան Հայաստանը եւ Կենտրոնական Ասիան` որպես նրանց բնօրրանի ամենահավանական տարբերակներ: Պարզելու համար, թե արդյո՞ք Y քրոմոսոմի գենետիկական տվյալները համապատասխանում են վերոնշյալ առաջարկներից որեւէ մեկին, մենք փորձեր ենք կատարել 82 համշենահայ տղամարդկանց հետ 12 երկալլելիկ (biallelic) եւ 6 միկրոսատելլիտ (microsatellite) Y քրոմոսոմների առկայության պարզաբանման համար: Այս տվյալները համեմատվել են երեք թեկնածու շրջանների նմանատիպ փորձերի արդյունքների հետ: Համշենցիների եւ այլ խմբերի միջեւ գենետիկ տարբերություններն էական են, ինչը եւս մեկ անգամ հաստատում են այն վարկածը, թե համշենցիների նախնիների ամենահավանական հայրենիքը պատմական Հայաստանի կենտրոնական հատվածն է: Այս եզրակացությունը հաստատվում է նաեւ ազգերի գեների խառնուրդի վերլուծության արդյունքների շնորհիվ, ինչը ժխտում է այն վարկածը, ըստ որի` համշենցիների պատմական հայրենիքը Կենտրոնական Ասիան է: Գենետիկ բազմազանության արժեքներն ու հեռավորության պայմանները վկայում են համշենցիների մեկուսացման բարձր աստիճանի մասին, եւ, չնայած դրան, նրանք որոշ չափով կարողացել են պահպանել հայոց լեզվի իրենց հնագույն բարբառը:»
Տպագրվել է Ուեյն Սթեյթ Համալսարանում
1800-ականներին շատ հեմշինցիներ տեղափոխվեցին Սամսոն (Սամսոն) եւ Օրդու, իսկ ավելի ուշ` Կրասնոդար եւ Աբխազիա (Վրաստան)` պահպանելով իրենց լեզուն ու մնալով քրիստոնյաներ: Այսօր նրանք հայտնի են որպես հյուսիսային հեմշինցիներ:
Համշենցիների արմատները տանում են դեպի Հյուսիսային Վասպուրական նահանգի Արտազ գավառը: Վասպուրական նահանգը տարածվել է Վանա լճի (Թուրքիա) եւ Ուրմիա լճի (Իրան) միջեւ եւ դարեր շարունակ համարվել է հայկական թագավորության սիրտը: Ամատունիների տոհմը Արտազ գավառի հնագույն իշխանական տոհմերից էր: Նրանք խիզախ եւ հպարտ մարդիկ էին, ովքեր մասնագիտացել էին գյուղատնտեսության եւ ճարտարապետության մեջ:
Ութերորդ դարում Համամ իշխանն ու նրա հայր իշխան Շապուհ Ամատունին արաբական ներխուժման ճնշման տակ ստիպված եղան լքել իրենց հողերն Արտազում: Երկու իշխանները, իրենց ժողովրդի, քահանաների ու զինվորների հետ միասին տեղափոխվեցին սեւծովյան շրջան, ուր բնակություն հաստատեցին Թամբուր կոչվող ավերված մի քաղաքում եւ շրջակա գյուղերում (ներկայումս` Հեմշին եւ Չամլի Հեմշին):
Համամ իշխանը վերակառուցեց Թամբուր քաղաքն ու կոչեց այն Համամշեն (կառուցված Համամի կողմից): Ժամանակի ընթացքում Համամշենը դարձավ Համշեն հայերենում եւ Հեմշին` թուրքերենում: Այստեղ հարկ է նշել, որ Շապուհ Ամատունու նախապապն է եղել Վահան Ամատունին, ում գերեզմանը մինչ այսօր կա Օշական քաղաքում:
Այլ հեմշինցիներ տեղափոխվեցին Հոփա-Բորչքա տարածաշրջան (Թուրքիայի Արդվին մարզ), սկզբում կարողացան պահել իրենց լեզուն, բայց մի քանի տասնամյակ հետո ստիպված էին փոխել այն: Այսօր նրանք հայտնի են որպես հոփա-հեմշինցիներ (արեւելյան):
Այն հեմշինցիներն, ովքեր մնացին իրենց տարածքում (Թուրքիայի Ռիզե մարզ), կորցրեցին իրենց կրոնն ու, աստիճանաբար, նաեւ` լեզուն: Նրանք խոսում են հեմշինջի լեզվով, որը հանդիսանում է թուրքերենի բարբառ եւ պարունակում մի շարք հայերեն բառեր: Այսօր նրանք հայտնի են որպես բաշ-հեմշինցիներ (արեւմտյան):
Համշենի իշխաններն են.
1. Իշխան Համամ ( 700թ.)
2. Իշխան Առաքել (1400թ.)
3. Իշխան Դավիթ Ա (1425թ.)
4. Իշխան Վարդ (1440թ.)
5. Իշխան Վեքե (1460թ.)
6. Իշխան Դավիթ Բ (վերջին իշխանը)
Բազում դարերի ընթացքում համշենցիները վկա են եղել շատ աղետների, ողբերգությունների ու արյունահեղությունների, բայց ժողովրդի ուժեղ կամքի եւ աշխարհագրական պայմանների շնորհիվ նրանք կարողացել են դարերով պահել իրենց հայկական ինքնությունը, սովորույթները, մշակույթը, լեզուն ու կրոնը:
Մինչեւ 14-րդ դարը Համշենը թագավորություն էր, որն իշխաններն էին կառավարում: Օսմանյան կայսրության հաստատմանը զուգընթաց Համշենի խնդիրներն աճեցին ծավալով ու բարդությամբ: Իրենց ողջ հզորությամբ, օսմանները փորձեցին կրոնափոխ անել համշենահայերին ու դարձնել մահմեդական թուրքեր: Նրանք կամ խաբեությամբ փորձում էին կրոնափոխ անել համշենցիներին` խոստանալով ազատել հարկերից, կամ ռազմական իշխանություն էին կիրառում նպատակին հասնելու համար: Եվ, քանի որ համշենցիները շատ հպարտ ու հավատացյալ մարդիկ էին, օսմանները ստիպված էին ուժ կիրառել:
15-19 դարերում համշենական գյուղերում բազմաթիվ բախումներ, ընդհարումներ տեղի ունեցան: Շատ ընտանիքներ տեղափոխվեցին Կարադերե, որտեղ մեկ դար անց նորից խնդիրներ ունեցան ու ստիպված էին նորից գաղթել, կամ ձուլվել: 18-րդ դարում համշենցիների մի մեծ խումբ բնակություն հաստատեց Արդվին, Հոփա եւ Բաշ գյուղերում: Այս բնակավայրերը հիմա էլ կան, եւ գյուղացիները պահել են իրենց լեզուն: 1915 թվականի հայոց ցեղասպանության ողբերգությունից բաժին հասավ նաեւ համշենցիներին: Նրանցից շատերը ձերբակալվեցին, վտարվեցին ու սպանվեցին իրենց գյուղերում:
Եկեղեցիները վերածվեցին մզկիթների, հայկական ազգանունները փոխվեցին. Հակոբյանը դարձավ Հակոբօղլու, Ապելյանը` Ապելօղլու…
Գիտական հետազոտությունը փաստում է, որ համշենցիների իսլամացումը սկսվել է դեռեւս 1700-ականներին: Շատերը ցրվել են ու բնակություն հաստատել Սեւ ծովի ափամերձ գոտու տարբեր բնակավայրերում` Տրապիզոնում, Օրդուում հենց ձուլման վտանգին չենթարկվելու համար: Այս ժամանակահատվածից չի պահպանվել ոչ մի արձանագրություն/գրառում, որը կպարզաբաներ, թե ինչպես եւ ինչու են նրանք մահմեդականացել: Նմանատիպ բոլոր տեղեկությունները մեզ հասել են տվյալ ժամանակաշրջանից 100-150 տարի անց միայն: