суббота, 20 октября 2018 г.

ՃԱՆԱՊԱՐՀ, ՄԱՅՐՈՒՂԻ ՓԱԿԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ, ԻՆՔՆ ԷԼ ԹՈՂ «ՎԱՅԵԼԻ ԴՐԱ ՊՏՈՒՂՆԵՐԸ»


Երբ ասում են, որ մարդ իր փորած փոսն է ընկնում, դա հենց այնպես ասված խոսք չէ, իմաստություն կա մեջը։
Նիկոլ Փաշինյանը մարդկանց սովորեցրեց՝ փողոց, մայրուղի փակելը, մի քանի հոգով տրանսպորտ, պետական կառույցներ կաթվածահար անելը․․․ Սովորեցրեց, որ մի քանի հոգով կարելի է գնալ կաթողիկոսի, մարզպետի, դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջել։ Իսկ հիմա զարմանում է, որ մարդկանց մի բան է պետք լինում՝ ճանապարհ, մայրուղի են փակում։
Սա հենց այն է, որ կոչվում է «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Հարց լուծելու այս տարբերակով մարդկանց առաջնորդեց ու ինքն էլ վարչապետ դարձավ։ Հիմա ինչ սովորեցրել, պտուղները վայելում է։ Մարդիկ մի հարց լուծելու համար խմբվում ու մայրուղի են փակում։
Այսօր առավոտյան ոստիկանների հարազատները Սևան ճանապարհին մայրուղի են փակել՝ ասելով, որ խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանը, Վահագն Միքայելյանը և Սահակ Դավթյանը մեղավոր չեն։ Ասում են, որ այն մարդը, որին իբր խոշտանգել են, հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա։ Նա դատվածություն, կրիմինալ անցյալ ունի։ Ճանապարհը չենք բացի,- ասում են նրանք,- մինչև մեր հարազատներին չազատեք։
Ինչո՞վ է այս երևույթը տարբերվում Նիկոլ Փաշինյանի ճանապարհ փակելուց։ Միայն այն բանով, որ հիմա պետական ղեկին ինքն է, պատասխանատուն ինքն է։ Հիմա իրենք են ողջ անձնակազմով այնտեղ։ Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ ոստիկաններին կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:
Հիմա երբ Փաշինյանը պետական ղեկին է, իրեն դուր չի գալիս, որ հարցերն այդ ձևով են լուծում։
ՀԳ Քիչ առաջ լուր ստացանք, որ ճանապարհը բացվել է, բայց դա չէ էականը, այլ այդ միջոցով պետական հարց լուծելը։ Նոր բողոքողները երևի դեռ չեն սովորել, որ ցրվելուց մի քանի րոպե հետո, երբ էլ ոստիկան չլինի, խմբվեն։ Ինչպես նախկինում:

ԱՆԳԻՐ ԱՐԵՔ ԿԱՆՈՆԸ


Բումերանգի կանոնը գործում է բոլորի համար եւ բոլոր ժամանակներում, ուստի արժե, որ այն «անգիր» անեն բոլոր քաղաքական գործիչներն ու բոլոր ժամանակների իշխանությունները։ Երբ դու իշխանության գալով բոլոր նախկիններին՝ առանց պատճառի, թացն ու չորն իրար խառնած, ճամփում ես «վաստակած հանգստի», պետք է հիշես, որ մի գեղեցիկ օր էլ քեզ հետ են այդպես վարվելու։ Եվ պարտադիր չէ, որ այդ պահին քո 70-ը լրացած լինի՝ «թոշակի» գնալուդ պահը կարող է հասունանալ անգամ 40-ում։
Երբ դու 50-ամյա փորձառու գործչին ծեր եւ հին ես անվանում, պետք է պատրաստ լինես, որ մի քանի տարի հետո 40-ամյաներին են արխիվ ուղարկելու։ Երբ դու հույսդ դնում ես հասարակության ամենաչքավոր խավի եւ նրա քվեի վրա, նրան ամեն օր ասում ես՝ դու ես որոշում ամեն ինչ, քո խոսքն ու կարծիքն են ամենակարեւորը, եթե դու փողոց ես փակել եւ պահանջում ես վերադասիդ հրաժարականը, ուրեմն նա պետք է, առանց դատ ու դատաստանի, առանց բացատրության ու պատճառի, հեռանա, մի զարմացիր, որ քեզնից դժգոհ կինը կարող է թակել պետական հիմնարկի դռներն ու ասել՝ ես եկել եմ, պարոն վարչապետ, դուրս արի, լուծիր իմ հարցը, գոհացրու ինձ կամ՝ ազատիր կաբինետդ, որ մեկ ուրիշը՝ ժողովրդին ավելի շատ հաճոյացող մեկը զբաղեցնի այն։ Երբ դու մարզպետ ես դարձնում տարրական գիտելիքներ չունեցող մեկին, նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված, կասկածելի անձին, կոչ ես անում քաղաքապետ ընտրել կլեպտոմանին կամ կլոունին, ԱԺ նախագահ ես ուզում դարձնել կառավարությունում ձախողված թիմակցիդ, ապա պետք է ակնկալես, որ հասարակությունը թերահավատությամբ է նայելու քո կառավարությանն ու կադրային քաղաքականությանը, որի աչքում պետական պաշտոնը հեղինակազրկվելու է, պետությունը՝ նսեմանալու։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ