вторник, 15 января 2019 г.

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում, աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության համար: Նման բան եղել էր միայն անկախացումից առաջ՝ համայնավարների տարիներին, երբ կթվորուհիները, ուսյալները, կոմբայնավարները,ինտիլիգենցիան խորհրդային օրենսդիր մարմնում հանդես էին գալիս մեկ դեմքով:
ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները երեկ ընտրում էին խորհրդարանի խոսնակ: Թեկնածուն Արարատ Միրզոյանն էր: Նա ընտրվեց 131ձայնով՝ 132 հնարավորից: Այդ մեկը պատահաբար սխալ բաներ էր արել, ու նրա քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել, այլապես Միրզոյանը «կխփեր» 132 քվեաթերթիկ:
Արարատը ստացել է 100 տոկոս ձայն մի խորհրդարանում, որը ձևավորվել է, իբր, քաղաքական մենիշխանությունը մերժած, իբր, բազմակարծությունը պաշտպանած և, իբր, նախորդների կոճակային խորհրդարանը մերժած «թավշյա հեղափոխության» արդյունքում: Նախորդ մերժվածի համեմատ՝ սա հյուսիսկորեական կամ բոլշևիկյան խորհրդարան է հիշեցնում: Նախորդը կարելի է ժողովրդավարության գագաթնակետ համարել այս նորի համեմատ, քանզի նախորդում, ճիշտ է, վերահսկելի ու հաճախորդացված, բայց, այդուհանդերձ, ընդդիմություն կար՝ ի դեմս «Ելքի»:
Հիմա որոշել են ձևականությունների հետևից չընկնել ու նույնիսկ «Ելքի» պես անտուրաժ չպահել, քանզի վախենում են, որ անտուրաժը կարող է մի օր «թավշյա» խաղեր տալ ու պահի տակ դուրս գալ վերահսկողությունից, ինչպես որ Փաշինյանը վարվեց իրեն խորհրդարան բերած նախորդ իշխանությունների հետ:
ԱԺ նոր խոսնակի ձայների քանակը ցույց տվեց, որ մենք խորհրդարանում ունենք ընդամենը մեկ մարդ, որը նստած է 132-ի մեջ ու բյուջեի հաշվին հսկայական գումարներ է մսխում: Այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Այս խորհրդարանում բոլորը հավասար են, ու չկան ավելի հավասարներ: Ավելի հավասարը գործադիրում է նստած:
Եթե նախկինում քննադատվում էր Սերժ Սարգսյանի ձևավորած խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն իր հարակից արբանյակների հետ ուներ հսկիչ փաթեթ, բայց կար նաև այլընտրանքային ձայն, և, օրինակ, Արա Բաբլոյանը կամ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էին ընտրվում ոչ 100-տոկոսանոց քվեով, ապա այժմ մենք ստացել ենք բիոզանգվածով լցված խորհրդարան, որտեղ կան զրո ընդդիմություն և զրո տեսակետ: 132-ի անունը պետք է դնել Նիկոլ Փաշինյան, և վերջ:
Երեկ խորհրդարանն Արարատ Միրզոյանի օգտին քվեարկել է մեկ մարդու նման, քանի որ խորհրդարանում կա ընդամենը մեկ մարդ: Այդ մեկ մարդն է իր անվան տակ խորհրդարան անցկացրել 88 քայլարածներին ու մնացած «ընդդիմադիրներին»:
Խոսնակի քվեարկության ֆոնին պարզապես ծիծաղելի են ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի խայթոցները ԱԺ փոխխոսնակի աթոռի համար: Դրանք հիշեցնում են հայտնի ստեղծագործության հերոսներ Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու կռիվը կշռաքարերի թեմայով:
«Կլասիկ» Էդմոն Մարուքյանը շարունակ հետույք է պատռում, թե, իբր, ինքն ընդդիմություն է: Բա եթե ԼՀԿ-ն ընդդիմություն է, ինչո՞ւ խոսնակի այլընտրանքային թեկնածու չառաջադրեցիք ու դեմ չքվեարկեցիք Արարատ Միրզոյանին այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում էր «Ելք»-ը, որի մաս էր նաև ԼՀԿ-ն, ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրել ու այդպիսով դեմ քվեարկել Արա Բաբլոյանի թեկնածությանը:
ԲՀԿ-ն գոնե ձևեր չի թափում, թե, իբր, Փաշինյանի գրպանում չէ, իսկ ահա նախորդ իշխանության կլասիկ հաճախորդ Մարուքյանը փրփուրը բերանին ընդդիմություն է ուզում խաղալ այս խորհրդարանում, բայց վերջում Միրզոյանի օգտին քվեարկում է «հավասարների»պես:
Այս խորհրդարանի ֆոնին Երևանի ավագանին բազմակարծության ու պառլամենտարիզմի էտալոն կարող է համարվել: Այնտեղ գոնե դեմ են քվեարկում երբեմն ու քննադատում մայրաքաղաքային գործադիրի ղեկավարին: Իսկ ահա խորհրդարանի 132 «հավասարներն»իրենց պահել ու պահելու են Շմայսից և Լֆիկից էլ վատ, քանզի վերջիններիցս այլ բան չէր սպասվում, քան Սերժ Սարգսյանին քծնելը, իսկ ահա այս թրաշամանուկներին բերել են որպես ուսյալ-կրթյալ և առաջադեմ խորհրդարանականների, բայց իրականում ստացել ենք կլասիկ «Անասնաֆերմա»:
Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն: Քանզի եթե հեղափոխության արժեքներ էին հռչակվել քաղաքական մենաշնորհների վերացումը, քաղաքական մրցակցությունը, ոչ ախոռային խորհրդարանը և սուպերվարչապետական լիազորությունների անընդունելի լինելը, ապա սա իրոք հակահեղափոխական իշխանություն է, և մասնավորապես երեկ հակահեղափոխական խորհրդարանը հաստատեց այդ տեսակետը: Հետևաբար, նախորդի մերժման կոնտեքստում այս խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ ու ժամանակավոր:
Այս խորհրդարանը երեկ մահացավ դեռ չծնված: 132-հոգանոց թաղման հանձնաժողովն իր քվեարկությամբ ապացուցեց, որ մենք այժմ ունենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը: Խորհրդարանն այս, ըստ այդմ, հին Հայաստանի վերջին խորհրդարանն է, որի գործունեության ժամկետի հետհաշվարկի ժամացույցն արդեն միացված է:
Կորյուն Մանուկյան

Փախուստ անցյալից

Փախուստ անցյալից
Այս խորհրդարանը նորանկախ Հայաստանի ամենաապաքաղաքականն է: Նոր ԱԺ-ն քաղաքականապես գոյություն չունի, այն էլ՝ «խորհրդարանական» կոչված կառավարման համակարգի պայմաններում:
Ապաքաղաքականից «5 պակաս» էր 2017-ին ձևավորվածը, բայց 2018-ինը գերազանցեց իր նախորդին: Նախորդում գոնե ձևականորեն թողել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանըբոցաշունչ ելույթներ ունենա: Ու այնքան թողեցին, որ ոչ անհայտ խիարը, ի հեճուկս Սարգսյանի ու ի զարմանս Փաշինյանի, թարս բուսնեց:
Մենք հիմա ԱԺ-ում ունենք 132 փաշինյաններ, որոնք տարբեր խմբակցություններում ու տարբեր աթոռների վրա նստած՝ կոճակներ են սեղմելու: Սեղմելու են միաժամանակ, միանշանակ ու միանման: Մանր-մունր հարցերում կարող է տեսակետների տարբերություն լինել «ախոռում», բայց, մեծ հաշվով, ամեն ինչ ընթանալու է խորհրդային ավանդույթներին համահունչ:
«Շո՛ւռա», ե՞րբ ենք բաժանելու աթոռները
Ի դեպ, մանր-մունր հարցերի մասով շատ ուշագրավ բան տեղի ունեցավ: Ուշագրավ այնքանով, որքանով որ դա հետաքրքիր է քաղաքականությամբ զբաղվող նեղ շրջանակներին, քանզի հանրության լայն շրջանակների համար բացարձակապես կարևոր չէ, թե ով պետք է լինի ԱԺ «ընդդիմադիր» փոխխոսնակներից մեկը՝ Մանե Թանդիլյա՞նը, թե՞ Վահե Էնֆիաջյանը:
Իրականում ոչ մի տարբերություն չկա իշխանական Լենա Նազարյանի ու «ընդդիմադիր» Մանե Թանդիլյանի, իշխանական Ալեն Սիմոնյանի ու «ընդդիմադիր» Վահե Էնֆիաջյանիմիջև: Բոլորն էլ հավասարապես պատրաստ են ծառայելու մեկ մարդու:
Կարող է այս դեպքում հարց առաջանա, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային ԲՀԿ-ական թեկնածուին ԱԺ փոխխոսնակ դարձնելը, այլ ոչ թե ընդամենը ամիսներ առաջ դաշինքային գործընկեր ԼՀԿ-ականի օգտին քվեարկելը:
Փաշինյանը նյարդայնանում է վկաներից ու ենթագիտակցական կռիվ տալիս հետները
ԲՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկած քայլարածները ցույց տվեցին, որ 2017-ին «Ելք»դաշինքը ստեղծվել է մաս կազմող երեք կուսակցություններից դուրս գտնվող արտաքին մոդերատորի օգնությամբ ու արհեստականորեն, եղել է գաղափարազուրկ, կառավարվել է Բ26-ի կողմից, ու Նիկոլ Փաշինյանն այդ դաշինքում հայտնվել է զուտ պատգամավորական մանդատ ստանալու գործարքի շրջանակներում:
Արտաքին մոդերատորի ձեռքն էր, որ միմյանց հայհոյող ու ծախված գործիչ համարող Մարուքյանն ու Փաշինյանը «մոռացան» իրենց խոսքերը և դաշինք կազմեցին 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ մասին գիտի Էդմոն Մարուքյանը՝ որպես դաշինքի ստեղծման բրոքեր, գիտեն նաև մյուսները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Հենց դա էլ նյարդայնացնում է Փաշինյանին, քանզի հնարավոր է արտաքին տեսքը փոփոխության ենթարկել, բայց հնարավոր չէ ջնջել նախորդ կյանքի վկաների հիշողությունը:
ԼՀԿ-ական թեկնածուի օգտին չքվեարկելը Փաշինյանի համար ունի առավելապես հոգեբանական ենթատեքստ: Նա այդպիսով ուզում է ևս մեկ անգամ խզել իր կապերը «Ելքի»հետ՝ փորձելով հընթացս ենթագիտակցորեն վրեժ լուծել Մարուքյանից, ով իր նախկին գործարքի վկան է եղել: Իսկ վկաներին, ինչպես հայտնի է, ոչ մի տեղ էլ չեն սիրում:
«Ելք» դաշինքի ու դրա իրական տիրոջ ուրվականն է կոմպլեքսավորում Փաշինյանին, ու նա անընդհատ կռիվ է տալիս, որպեսզի փախչի սեփական անցյալից: Նրա համար Գագիկ Ծառուկյանը նոր պայմաններում շատ ավելի ընդունելի է («ո՛չ դոդացմանը»), քան Էդմոն Մարուքյանը, որը «Ելք»-ում Փաշինյանի կուռատորն է եղել:
Սա՛ է Փաշինյանի որոշման այն հոգեբանական ենթատեքստը, որն «ընդդիմադիր» աչոնիկ Մանեին զրկեց ԱԺ փոխխոսնակի «կայֆերից»:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: ԱԺ փոխխոսնակի քվեարկությունը Փաշինյանի համար, անշուշտ, ուներ նաև արտաքին քաղաքական ենթատեքստ:
Բանն այն է, որ Փաշինյանն այժմ փորձում է ամեն կերպ հաճոյանալ Վլադիմիր Պուտինին ու շտկել իր սրված հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանզի հասկացել է, թե ինչպիսի զարգացումներով է հղի հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վատ մակարդակը:
Ֆորմալ առումով ռուսամետ դաշտում գործող ԲՀԿ-ական թեկնածուին նախապատվություն տալը, ըստ Փաշինյանի հաշվարկի, հնարավորություն կընձեռի նրան փորձել հաճոյանալ Կրեմլին՝ «Տեսե՛ք, ես ոչ թե արևմտամետ ԼՀԿ-ականին, որը իմ նախկին դաշնակիցն էր, դարձրեցի փոխխոսնակ, այլ ռուսամետ ԲՀԿ-ականին» թեմայով:
Խնդիրը, սակայն, այն է, որ Մոսկվան արցունքներին չի հավատում, ու նմանատիպ պարզունակ քայլերն անօգուտ են, քանզի կա դասակարգային անտոգոնիզմ և միջտեսակային կոնֆլիկտ Փաշինյանի ու Պուտինի միջև:
Արևմուտքում ծանր պարտավորությունների տակ հայտնված Փաշինյանին այժմ օդի ու ջրի պես է հարկավոր ՌԴ-ի բարի աչքը, բայց գնացքն այնքան է գնացել, որ Մանեին Վահեովփոխելու քայլը որևէ էական օգուտ չի կարող տալ վարչապետին: Բայց այդ հարցում նա միայն իրեն պետք է մեղադրի, քանզի «Պանդորայի արկղը» բացելուց հետո ամեն ինչ սկսում է աշխատել արդեն այլ տրամաբանությամբ:

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը
Նիկոլ Փաշինյանի թիմը մերձեցման խաշկերույթ էր կազմակերպել: Այդ մասին գրել էր «Հրապարակ» թերթը ու հետն էլ մի քանի մեկնաբանություն ավելացրել՝ «թավշյա» քայլարածներին համեմատելով ՀՀԿ-ականների հետ:
Իշխանության գալուց հետո «Իմ քայլի»ներկայացուցիչները քեֆերից պրծում չունեն: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ միկրոֆոնը ձեռքները ավտոտնակի տանիքների վրա թռչկոտողները և մի կերպ կուսակցական փոքրիկ գրասենյակ ունեցողները նախորդ տարվա մայիսից հետո սկսել են «բուրժուական կայֆեր»անել ու ՀՀԿ-ական քեֆերի քանակին գերազանցել, ինչն էլ արձանագրել էր «Հրապարակը»:
Թերթի այդ նյութը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, ու նա մեր երկրի բազմաթիվ և լրջագույն խնդիրները թողած՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրենց խաշակերությանը վերաբերող թերթի գրածին՝ իր երկրպագուներին փաստացի քսի տալով թերթի դեմ:
Տեղին է հիշեցնելը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթն էլ էր անընդհատ անդրադառնում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների քեֆերին՝ «Ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում քեֆ անել» պոպուլիստական թեմայի շրջանակներում:
Հիմա պարզվում է, որ երբ փաշինյանենք են քեֆ անում, ապա դա ժողովրդահաճո, թավշյա, ոչ բռնի ու «մարդա 3.000-դրամանոց» քեֆ է, իսկ ահա երբ նախկիններն էին խաշ ուտում, քեֆ անում կամ «տժժում», դա արդեն թալան էր ու լկտիություն: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հարցն այն չէ, որ քայլարածները չեն կարող քեֆ անել ու խաշ ուտել: Կարող են, իհա՛րկե: Կարող են նույնիսկ խաշից հետո բողկ ուտել ու գղտալ մոտավորապես այնպես, ինչպես Փաշինյանը գղտաց իր ֆեյսբուքյան «լայվերից» մեկի ժամանակ: Բայց երբ այդ քեֆերի քանակը գերազանցում է պետության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների քանակին, երբ ակնհայտ է դառնում նախորդի կրկնօրինակումը կամ նույնիսկ դրա վատ տարբերակը, երբ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարողանում ադապտացվել իր նոր կարգավիճակին ու էժանագին թերթի խմբագրի ոճով ֆեյսբուքյան գրառում է անում իր երբեմնի կոլեգաների դեմ, արդեն հարցեր են առաջանում:
Հասկանալի է, որ իշխանավոր Փաշինյանին ճնշում է սկանդալներ փնտրող լրագրող ու ընդդիմադիր գործիչ Փաշինյանի անցյալը: Ճնշում են նաև այդ անցյալում արված հայտարարությունները և նախորդի հետ նույնացվելու վախը, բայց պետք է տիրապետել սեփական հույզերին ու զբաղվել այն գործով, ինչի համար քվե ես ստացել, այլ ոչ թե ժամերով «լռվել» «Ֆեյսբուքում» ու շարքային ֆեյքի պես արագ արձագանքել այն հրապարակումներին, որտեղ տեսնում ես անունդ:
Փաշինյանի կողմնակիցների ոճով ու բառապաշարով ասեմ՝ բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:
Մի խոսքով, կյանքը բումերանգ է, նետածդ հետ է գալիս, իսկ պոպուլիզմը՝ սրած բզի պես մի բան, որը թարս աճող խիարի «խասիաթից» ունի:
Հոգեբանական առումով ամեն ինչ պարզ է. Փաշինյանը վախենում է հանրության կողմից ընկալվել այնպիսին, ինչիպիսին լինելը նախկինում ինքը քննադատել է: Բայց փաստերից չես փախչի:
Նախորդ իշխանություններին բոլշևիկյան ոճով քննադատող ու «աչոկներ» հավաքելու նպատակով աղքատությունը գովերգած Փաշինյանն այժմ հայտնվել է «հրաշքների աշխարհում» ու նյարդայնանում է, երբ իր և Սերժ Սարգսյանի անցյալն ու ներկան են հիշեցնում և համեմատականներ տանում: Նա կուզենար մարդկանց հիշողություններից, թերթերից, եթերներից, համացանցից ջնջել իր մասին բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյանին մինչև քայլերթը, սակայն դա հնարավոր չէ, ու մենք ամեն օր տեսնում ենք սեփական անցյալից կոմպլեքսավորված ու սեփական անցյալի դեմ կռիվ տվող մարդու, ում մոտ գնալով ագրեսիան մեծանալու է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հիշեցնելու են ընդդիմադիր քաղգործիչ և լրագրող Փաշինյանի ասածներն ու արածները: Սակայն սեփական «ես»-ից փախչելն այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք՝ անհնար:
Փաշինյանը նույնիսկ արտաքին իմիջային փոփոխության ենթարկվեց, որպեսզի կտրի անցյալի հետ կապը, բայց անցյալի ուրվականը, միևնույն է, նրա հետ է, ու այդպես է լինելու միշտ: Կոնտրաստը զգացնել է տալու այնքան ժամանակ, մինչև որ դերային կոնֆլիկտը քաղաքական հանգուցալուծում ստանա:
Կորյուն Մանուկյան

«Այ հիմա տես, թե ինչով եք նմանվում ՀՀԿ-ին, ավելին` տալիս-անցնում եք անձի պաշտամունքի առումով»



Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի Հայաստանը…
Ախխխխխխ արա, փրկեք նվաստիս ինտելեկտուալ ունակությունների ստորացումից: Փաստորեն էս մեր հպարտ թիկնապահ-պատգամավորը բացի էն, որ հագուստին գրում ա, որ ինքը պատգամավոր ա, մի հատ էլ իրա սենյակի ժամի մեջ (պարզվում ա՝ իրա սենյակի ժամը չի, այլ մանկատանն ա կախած էս ժամացույցը, որը արդեն արատավոր չի է, այլ զզվելի) կպցրած ա Հպարտների առաջնորդի թրաշված նկարը Կաաաաառլ: Արա, էս ինչքան շուտ եք «բացվում» տղերք, էս ի՞նչ մազալու տպեր դուրս եկաք
Նիկոլն էլ դրել իրա էջում «Հրապարակ» օրաթերթին ա հակադարձում «խաշ ուտելու» թեմայով: Պարոն Վարչապետ, խաշը մի կողմ դրեք, հիշո՞ւմ եք, որ ձեր թիմակիցները Սերժի նկարները տարբեր հաստատություններից հանում, դուրս էին շպրտում, հիմա մի հատ էլ հարց. էդ հանում էի՞ն, որ ձեր դեմքով ժամացույցներ կախեին պատերից, թե՞ իրանց պաշտոնի մասին հուշող շեվռոնով կուռտկեք հագնելու հեռանկարն էր ստիպում տենց վարվեին:
Այ հիմա տես, թե ինչով եք նմանվում ՀՀԿ-ին, ավելին` տալիս-անցնում եք անձի պաշտամունքի առումով»:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:

Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը


Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ, կարծում եմ, դեռ երկար կմնա: Իսկ թե ինչու է դադարեցվել իմ եւ Լեւոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորումը եւ ինչու է փորձ արվում փակել այն, յուրաքանչյուրը կարող է իր համար ենթադրություն անել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորումը: Օրերս այդ տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հիշեցնենք, որ 2004 թվականից ֆեդերացիայի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սագսյանն է:
Գաբրիել, ինչպե՞ս առաջացավ շախմատի դպրոց ստեղծելու գաղափարը եւ ո՞րն էր հիմնական նպատակը:
Դպրոց բացելու գաղափարը իմը եւ Լեւոն Արոնյանինն է: Հայաստանում այդ ժամանակ շատ շախմատի դպրոցներ կային, բայց մասնագիտացված գրոսմայստերական դպրոց չկար: Հենց այդ հիմքով դպրոցի անունը դրեցինք շախմատի գրոսմայստերական դպրոց, քանի որ բոլոր մարզիչները գրոսմայստերներ են: Այդպիսի դպրոց չկար, եւ դրա կարիքն իրոք կար: Դիմեցինք ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ նրա աջակցությամբ հիմնվեց մեր դպրոցը: Հարցը լուծվեց այնպես, որ մարդադպրոցը պետք է գործեր նախկին «Միկա» մարզահամալիրում, որն այդ ժամանակ պատկանում էր Պետական եկամուտների կոմիտեին: Ըստ այդմ դպրոցը ֆինանսավորվում էր ՊԵԿ-ի կողմից:
Դպրոցը եղել է պետական: Ունենք 20 աշակերտ: Մեր նպատակը եղել է կոնկրետ արդյունքները, հաջողություններ գրանցելը: Աշխատել ենք փոքր խմբակներով: Երեք մարզիչ ենք ունեցել: Իմ եւ Լեւոն Արոնյանի աշխատանքը կայացել է նրանում, որ ընդամենն օգնել ենք մարզիչներին: Սա եղել է պետական դպրոց, պետական ծրագիր եւ սեփական, մասնավոր ոչինչ չի եղել: Շախմատի պետական դպրոց էր լավագույն երեխաների համար: Եվ պետք է նշեմ, որ դպրոցն արդարացրել է իր նպատակը, քանի որ հասել ենք հաջողությունների: Վերջին աշխարհի եւ Եվրոպայի պատանիների առաջնություններում 8 մեդալից 6-ը մեր դպրոցի երեխաներն են նվաճել: Նույն հաջողությամբ այս օրերին Հայաստանի մեծահասակների առաջնություններն է ընթանում եւ այստեղ մեր դպրոցը 7 ներկայացուցիչ ունի թե տղամարդկանց, թե կանանց պայքարում: Սա դպրոցի համար շատ մեծ հաջողություն է: Եթե գնահատենք դպրոցի այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունները, կարելի է ասել՝ աշխարհի լավագույն դպրոցներից մեկն է:
Իսկ ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկությունն ումի՞ց եւ ինչպե՞ս եք ստացել, ի՞նչ պատճառաբանությամբ:
Շախմատի դպրոցը գործել է ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի ներքո: Ֆինանսավորումը դադարեցվել է ուսումնական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանի կողմից:
Ֆինանսավորման դադարեցման մասին մեզ տեղեկացրել են  2018 թվականի սեպտեմբերին: Առանձնապես պարզաբանումներ չհնչեցին: Միայն, պարզապես, պայմանավորված նրանով, որ երկրում փոփոխություններ են եղել, եւ այդ գումարն այլեւս չի կարողանում վճարել: Անձամբ Լեւոն Բարխուդարյանն է կապվել ինձ հետ եւ տեղեկացրել, որ այլեւս չեն կարող ֆինանսավորել, քանի որ երկրում, այսպես ասած, իրավիճակ է փոխվել:
Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ից, բայց մենք շարունակում ենք մարզումները, մարզիչներն աշխատում են առանց վարձատրության: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, որպեսզի դպրոցը չփակվի:
Այս իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում ֆեդերացիան:
Տարօրինակ եւ կասկածելի իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն միայն Երեւանում բազմաթիվ շախմատային դպրոցներ կան, բայց կառավարությունը որոշել է փակել հենց մեր դպրոցը: Փաստացի փակում են Երեւանի լավագույն դպրոցը: Ամեն մարդ կարող է իր համար ենթադրություն անել, թե հենց մեր դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու նպատակը որն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիային, անկեղծ, ինձ համար շատ տհաճ է, որ  ֆեդերացիան այս հարցում մինչ այժմ շատ պասիվ է: Փաստորեն, ամեն ինչ արվում է կմ, Լեւոնի եւ մարզիչների միջոցով: Մենք ենք փորձում դիմել տարբեր տեղեր, ինչ-որ միջոցներով դպրոցը փորձել պահել, այն դեպքում, երբ դպրոցը միշտ եղել է պետական, իսկ նպատակը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այստեղ ոչ մի բիզնես-պրոեկտ, անձնական շահ կամ եկամուտ չկա: Հույս ունենք, որ առաջիկայում ֆեդերացիան կակտիվանա եւ դպրոցը պահպանելու հարցում մեզ կաջակցի: Այլ է, երբ ֆեդերացիան իր անունից դիմի տարբեր կառույցների, բնականաբար, լրիվ այլ, որ ես կամ Լեւոն Արոնյանը դիմենք:
Եթե հունվարին կամ փետրվարին կառավարությունը չլուծի մեր դպրոցի ֆինանսավորման հարցը, վերջնականապես կփակվի, քանի որ մարդիկ չեն կարող երկար աշխատել առանց աշխատավարձի:
Ի դեպ, Հայաստանի առաջնությունների մեկնարկի օրը, ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խուսափեց խոսել դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառներից, մատնանշելով կառավարության որոշումը:
Սմբատ Լպուտյանի հայտարարությունը, թե դադարեցման պատճառների մասին պետք է հարցնել կառավարությանը, չեմ ցանկանում մեկնաբանել: Հավանաբար, նա ավելի շատ զբաղված է իր շախմատային ակադեմիայի գործերով եւ մյուս դպրոցները նրան, երեւակայի, այդքան էլ չեն հետաքրքրում: Սա շատ անտրամաբանական է, հաշվի առնելով, որ նա  ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալն է, եւ բոլոր դպրոցները նրա համար պետք է լինեն հավասար:
Ըստ քեզ, միտում կա՞ այս ամենում:
Չեմ կարող որեւէ հստակ պատասխան տալ, քանի որ նոր իշխանության ներկայացուցիչների հետ առանձնապես կապ չունեմ: Նրանք փորձում են փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը, եւ թե ինչու է սա արվում, յուրաքանչյուրն ինքը թող դատի: Միայն կարող եմ ասել, որ դպրոցի փակվելու դեպքում ամենաուժեղ հարվածն է լինելու հայկական պատանեկան շախմատին:
«Միկա» մարզահամալիրը Պետական եկամուտների կոմիտեից անցավ Սպորտի նախարարությանը: Ստացվում է, որ սպորտի նախարարությունն է հրաժարվել շարունակել դպրոցի ֆինանսավորումը:
Չեմ կարող ասել, ՊԵԿ-ից դուրս գալու պատճառն էր ֆինանսավորման դադարեցումը, Լեւոն Բարխուդարյանի անձնական որոշումը, թե իրականում քաղաքական որոշում ուրիշ մարդկանց կողմից: Առանձնապես իրենից որեւէ խնդիր չէր ներկայացնում մարզահամալիրի որեւէ կառույցից մեկ այլ կառույցի ենթակայության տակ փոփոխվելը: Այդ գումարը նույն հաջողությամբ կարող էր տալ նաեւ Սպորտի նախարարությունը, մասնավորապես, երբ առանձնապես մեծ գումարի մասին չէր խոսքը, ընդամենը ամսական 1 մլն 500 հազար դրամի ֆինանսավորման մասին է:
Սերժ Սարգսյանը շարունակու՞մ է գլխավորել ֆեդերացիան:
Այո, իհարե... Նա շարունակում է մնալ ֆեդերացիայի նախագահ: Ֆեդերացիայում այդ առումով ոչինչ չի փոխվել, կարծում եմ՝ չի էլ փոխվելու: Սերժ Սարգսյանը հայկական շախմատի եւ շախմատիստների համար շատ բան է արել: Ըստ իս, մեր՝ շախմատիստներիս պարտքն է, ցանկացած իրավիճակում աջակցել նրան: Համոզված եմ, որ դեռ երկար ժամանակ Սերժ Սարգսյանը կմնա մեր ֆեդերացիայի նախագահ, այնքան ժամանակ, որքան նա կցանկանա:
Եթե չլուծվի ֆինանսավորման հարցը, ի՞նչ այլընտրանքային լուծում կա:
Ունենք դրսից ֆինանսավորում ստանալու առաջարկ: Ի դեպ, հենց ֆինանսավորողի կողմից էլ եղել է առաջարկը: Բայց հիշեցնեմ, որ դպրոցը պետական է, եւ եթե դրսից լինի ֆինանսավորումը՝ մի փոքր այլ կլինի իրավիճակը: Ամեն դեպքում այս պահին ավելի իրատեսական է, որ դրսից ֆինանսավորման տարբերակը կաշխատի, քան մեր իշխանության ներկայացուցիչներն իրենց կարծիքը կփոխեն: 
Լուսինե Շահբազյան