Այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում, աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության համար: Նման բան եղել էր միայն անկախացումից առաջ՝ համայնավարների տարիներին, երբ կթվորուհիները, ուսյալները, կոմբայնավարները,ինտիլիգենցիան խորհրդային օրենսդիր մարմնում հանդես էին գալիս մեկ դեմքով:
ԱԺ 7-րդ գումարման պատգամավորները երեկ ընտրում էին խորհրդարանի խոսնակ: Թեկնածուն Արարատ Միրզոյանն էր: Նա ընտրվեց 131ձայնով՝ 132 հնարավորից: Այդ մեկը պատահաբար սխալ բաներ էր արել, ու նրա քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել, այլապես Միրզոյանը «կխփեր» 132 քվեաթերթիկ:
Արարատը ստացել է 100 տոկոս ձայն մի խորհրդարանում, որը ձևավորվել է, իբր, քաղաքական մենիշխանությունը մերժած, իբր, բազմակարծությունը պաշտպանած և, իբր, նախորդների կոճակային խորհրդարանը մերժած «թավշյա հեղափոխության» արդյունքում: Նախորդ մերժվածի համեմատ՝ սա հյուսիսկորեական կամ բոլշևիկյան խորհրդարան է հիշեցնում: Նախորդը կարելի է ժողովրդավարության գագաթնակետ համարել այս նորի համեմատ, քանզի նախորդում, ճիշտ է, վերահսկելի ու հաճախորդացված, բայց, այդուհանդերձ, ընդդիմություն կար՝ ի դեմս «Ելքի»:
Հիմա որոշել են ձևականությունների հետևից չընկնել ու նույնիսկ «Ելքի» պես անտուրաժ չպահել, քանզի վախենում են, որ անտուրաժը կարող է մի օր «թավշյա» խաղեր տալ ու պահի տակ դուրս գալ վերահսկողությունից, ինչպես որ Փաշինյանը վարվեց իրեն խորհրդարան բերած նախորդ իշխանությունների հետ:
ԱԺ նոր խոսնակի ձայների քանակը ցույց տվեց, որ մենք խորհրդարանում ունենք ընդամենը մեկ մարդ, որը նստած է 132-ի մեջ ու բյուջեի հաշվին հսկայական գումարներ է մսխում: Այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Այս խորհրդարանում բոլորը հավասար են, ու չկան ավելի հավասարներ: Ավելի հավասարը գործադիրում է նստած:
Եթե նախկինում քննադատվում էր Սերժ Սարգսյանի ձևավորած խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն իր հարակից արբանյակների հետ ուներ հսկիչ փաթեթ, բայց կար նաև այլընտրանքային ձայն, և, օրինակ, Արա Բաբլոյանը կամ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էին ընտրվում ոչ 100-տոկոսանոց քվեով, ապա այժմ մենք ստացել ենք բիոզանգվածով լցված խորհրդարան, որտեղ կան զրո ընդդիմություն և զրո տեսակետ: 132-ի անունը պետք է դնել Նիկոլ Փաշինյան, և վերջ:
Երեկ խորհրդարանն Արարատ Միրզոյանի օգտին քվեարկել է մեկ մարդու նման, քանի որ խորհրդարանում կա ընդամենը մեկ մարդ: Այդ մեկ մարդն է իր անվան տակ խորհրդարան անցկացրել 88 քայլարածներին ու մնացած «ընդդիմադիրներին»:
Խոսնակի քվեարկության ֆոնին պարզապես ծիծաղելի են ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի խայթոցները ԱԺ փոխխոսնակի աթոռի համար: Դրանք հիշեցնում են հայտնի ստեղծագործության հերոսներ Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու կռիվը կշռաքարերի թեմայով:
«Կլասիկ» Էդմոն Մարուքյանը շարունակ հետույք է պատռում, թե, իբր, ինքն ընդդիմություն է: Բա եթե ԼՀԿ-ն ընդդիմություն է, ինչո՞ւ խոսնակի այլընտրանքային թեկնածու չառաջադրեցիք ու դեմ չքվեարկեցիք Արարատ Միրզոյանին այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում էր «Ելք»-ը, որի մաս էր նաև ԼՀԿ-ն, ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրել ու այդպիսով դեմ քվեարկել Արա Բաբլոյանի թեկնածությանը:
ԲՀԿ-ն գոնե ձևեր չի թափում, թե, իբր, Փաշինյանի գրպանում չէ, իսկ ահա նախորդ իշխանության կլասիկ հաճախորդ Մարուքյանը փրփուրը բերանին ընդդիմություն է ուզում խաղալ այս խորհրդարանում, բայց վերջում Միրզոյանի օգտին քվեարկում է «հավասարների»պես:
Այս խորհրդարանի ֆոնին Երևանի ավագանին բազմակարծության ու պառլամենտարիզմի էտալոն կարող է համարվել: Այնտեղ գոնե դեմ են քվեարկում երբեմն ու քննադատում մայրաքաղաքային գործադիրի ղեկավարին: Իսկ ահա խորհրդարանի 132 «հավասարներն»իրենց պահել ու պահելու են Շմայսից և Լֆիկից էլ վատ, քանզի վերջիններիցս այլ բան չէր սպասվում, քան Սերժ Սարգսյանին քծնելը, իսկ ահա այս թրաշամանուկներին բերել են որպես ուսյալ-կրթյալ և առաջադեմ խորհրդարանականների, բայց իրականում ստացել ենք կլասիկ «Անասնաֆերմա»:
Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն: Քանզի եթե հեղափոխության արժեքներ էին հռչակվել քաղաքական մենաշնորհների վերացումը, քաղաքական մրցակցությունը, ոչ ախոռային խորհրդարանը և սուպերվարչապետական լիազորությունների անընդունելի լինելը, ապա սա իրոք հակահեղափոխական իշխանություն է, և մասնավորապես երեկ հակահեղափոխական խորհրդարանը հաստատեց այդ տեսակետը: Հետևաբար, նախորդի մերժման կոնտեքստում այս խորհրդարանը դառնում է ոչ լեգիտիմ ու ժամանակավոր:
Այս խորհրդարանը երեկ մահացավ դեռ չծնված: 132-հոգանոց թաղման հանձնաժողովն իր քվեարկությամբ ապացուցեց, որ մենք այժմ ունենք ոչ թե նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը: Խորհրդարանն այս, ըստ այդմ, հին Հայաստանի վերջին խորհրդարանն է, որի գործունեության ժամկետի հետհաշվարկի ժամացույցն արդեն միացված է:
Կորյուն Մանուկյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153818/
Комментариев нет:
Отправить комментарий