Երեւանի բյուջեն 2019թ․ նախատեսում է վարչական ծախսերի աճ։ Այս մասին դեկտեմբերի 19-ին «2019թ․ Երեւանի բյուջեն․ ծախսերի արդյունավետության մեծացո՞ւմ, թե՞ հետընթաց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Մասնավորապես, ըստ նրա, 1,2 մլրդ դրամով ավելացել են պարգեւատրման ծախսերը, 50 մլն դրամով՝ արտասահմանյան ուղեւորությունների, 160 մլն դրամով՝ աշխատակիցների ուսուցման ծախսերը։ Փոխարենը կրճատվել են սոցիալական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ծախսերը, օրինակ՝ վերելակների վերանորոգման ծախսերը կրճատվել են 78 մլն դրամով (մինչեւ 37 մլն դրամ՝ 2018թ․ 108,7 մլն դրամի դիմաց)։
«Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ ծախսերի կրճատումը չի հանգեցնի աշխատանքների ծավալների կրճատման։ Իսկ մենք պահանջում ենք ավելացնել աշխատանքների ծավալը, ոչ թե կրճատել ծախսերը։ Շատ լավ է, որ դուք ազատվել եք անարդյունավետ ծախսերից, թեեւ դա այդպես չէ»,- ասաց Խաժակյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչին։
«Աշխատակազմի զարգացման ծախսերը ավելացել են, եւ այս կետը քննարկվել է «Լույս» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Քաղաքապետարանի աշխատակազմը, այդ թվում քաղաքապետն ու նրա տեղակալները, ցածր աշխատավարձ են ստանում։ Այս հոդվածը մեծացել է, որպեսզի քաղաքային վարչակազմը իր սեփական միջոցների հաշվին կադրերի վերապատրաստում անցկացնի՝ անգլերենի ուսուցում, ֆինանսների պարապմունքներ ե այլն։ Գործուղումների ծախսերն ավելացել են, որպեսզի ներդրումներ ներգրավվեն։ Դա չի կարելի ավելորդություն համարել»,- ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը։
«Բազմապատկել այս հոդվածներն անընդունելի է»,- արձագանքեց Խաժակյանը։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանն էլ իր հերթին ասաց, որ քաղաքապետարանի ավագանու ընտրություններում բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հիմնական թիրախը տրանսպորտի, կանաչապատման, վերելակների բարեկարգման ծաքսերի կտրուկ ավելացումն էր։
«Երեւանի 2019թ․ բյուջեն, ցավոք, ընդգծված սոցիալական կողմնորոշում չունի»,- ամփոփեց նա։
Источник: https://news.am/arm/news/487099.html