Վրաստանում Սաակաշվիլու պարտված կողմնակիցները նրանից փող են ուզում,որպեսզի կարողանան արդյունավետ պայքարել:
Սաակաշվիլին փող, իհարկե, ունի, այն էլ՝ շատ: Նա Վրաստանում բարեփոխումներ արեց, բայց ձեռքի հետ նաև, այսպես կոչված, անցումային արդարադատությանշրջանակներում բառիս բուն իմաստով սեփականության վերաբաշխում իրականացրեց ու թալանեց: Դա էր պատճառը, որ նա հիմա փախած է Վրաստանից:
Սաակաշվիլու թիմակից ու Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն երկրորդ փուլում պարտվեց ոչ թե Զուրաբիշվիլիին, այլ վրացիների մեծ մասը որոշեց թույլ չտալ Սաակաշվիլու վերադարձը: Վրաստանի նախկին նախագահին էլ այլ բան չի մնացել, քան հեռվից կռիվ տալը և թիմակիցներին պայքարի մղելը:
Թիմակիցները, ինչպես վերևում նշեցինք, փող են ուզում: Բայց Միխոն քծիբություն է անում: Ու որպեսզի հիմնավորի իր քծիբությունը, բերել է Նիկոլ Փաշինյանի օրինակը:
«Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»,-հայտարարել է դրսի փողերով «վարդերի» հեղափոխություն արած Սաակաշվիլին։
Սաակաշվիլին, ի դեպ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել Փաշինյանի մասով: Ըստ նրա՝ երբ Նիկոլը բանտում է եղել, Կարեն Կարապետյանը (գազի Կարենը – Կ.Մ.)ճամպրուկով նրա մոտ է տարել 270 մլն դոլար՝ ասելով, որ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…
«Իսկ նա գիտեք ինչ ասաց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-եզրափակել է Վրաստանի փախած նախկին նախագահը:
Թե որտեղի՞ց են հայտնի Սաակաշվիլուն այս մանրամասները, դժվար է ասել: Ճի՞շտ է ասում նա, թե՞ հորինում է, որպեսզի իր քծիբությունը հիմնավորի, արդեն երկրորդական հարց է: Գլխավորն այն է, որ նա պնդում է, որ Փաշինյանին 270 միլիոն դոլար են առաջարկել, իսկ նա չի վերցրել:
Թվում է, թե Սաակաշվիլին իր քծիբությունը հիմնավորելուց զատ դրականորեն քարոզել է Փաշինյանի օգտին, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում նա «քաշել» է Փաշինյանին:
Այդ այսօր կարող են Նիկոլի զոմբիները հավատալ Սաակաշվիլու ասածներին ու հիացական գնահատականներ տալ անկաշառ Փաշինյանին, բայց վաղը, երբ հետիշխանափոխական էյֆորիան անցնի ու Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը անխուսափելիորեն փոխվի, նույն այդ զոմբիները կհիշեն Սաակաշվիլու ասածները, բայց ոչ թե համաձայնելով Վրաստանի նախկին նախագահի ասածների հետ, այլ առնվազն կասկած հայտնելով, որ 270 միլիոնը, թերևս, չէր մերժվել: Դրանից հետո շատ արագ կտարածվի «270 միլիոն դոլար փող էր կերել դեռ իշխանության չեկած» միֆը և արի ու ապացուցի, որ «տրամվայի ես սպասում», մինչդեռ Աննուշկան ձեթն այնպես թափած կլինի տրամվայի ռելսերին, որ չսայթաքելն անհնար կլինի...
Կորյուն Մանուկյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153039/
Комментариев нет:
Отправить комментарий