Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետական բյուջեի միջոցներով թանկարժեք մեքենա է գնվել:
Լուրին հաջորդում են հայհոյանքներն՝ ուղղված երիտասարդ աղջկան «Toyota Camary» «չկամեցողների» հասցեին:
Վարչապետի տիկինը, չլինելով պետական գործիչ և չիրականացնելով պետական գործառույթ, հայտարարում է՝ աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում: Շատ տրամաբանական և արդարացի հարցադրմանը, թե ինչ միջոցներով են կազմակերպվում Աննա Հակոբյանի արտասահմանյան ուղևորությունները, վերջինս ներկայացնում է մանրամասն հաշվետվություն՝ ինչքան է ծախսվել և ինչ միջոցներով:
Այս նյութերը ևս հասարակության մի մասի կողմից արժանանում են պարսավանքի, բայց բոլորովին այլ կոնտեքստում. «Լավ է արել, չուզողի աչքն էլ հանել է, ո՞ւմ ինչ գործն է», «Աննա Հակոբյան, ո՞ւմ ես հաշվետվություն տալիս, վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես համարում», «բա Սերժի փողերը ինչո՞ւ չէիք հաշվում, լա՞վ էր, որ թալանում էին» և այլն…
Հասարակության մի ստվար հատված այսպիսով անսահմանափակ ազատություն է տալիս գործող իշխանություններին: Սա ոչ այլ ինչ է, քան «սերժացման» քարտ բլանշ, որը քաղաքացիներն ինքնակամ տալիս են Փաշինյանին և նրա թիմին՝ այդպիսով արժեզրկելով հեղափոխության ողջ գաղափարը:
Ինչո՞ւ են ամենաթողությամբ «պարգևատրում» Փաշինյանի թիմին
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը կուլմինացիան էր՝ համակարգի դեմ ավելի քան տասը տարիների անողոք պայքարի, որն ուղեկցվեց բազմաթիվ կորուստներով և զրկանքներով: Տարիների պայքարը ոչ թե անձերի, այլ հենց կարծրացած այն համակարգի դեմ էր, որը խրախուսում էր կոռուպցիան, անպատժելիությունը, ամենաթողությունը…
Հեղափոխությունը հենց այդ բարքերը մերժելու խորհուրդն էր իր մեջ կրում: Եվ եթե անձերի փոփոխությունից հետո հասարակությունը հաջորդ իսկ քայլով վերջ չի դնելու ամենաթողությանը, արմատախիլ չի անելու հին բարքերի ծիլերը՝ նորերի շարքերում, ավելին, եթե իր պահվածքով պարարտացնելու է այդ հողը՝ Փաշինյանի թիմին հեղափոխական ալիքը գլխավորելու համար «պարգևատրելով» ամենաթողությամբ, ապա սրա հետևանքները կարող են լինել կործանարար:
Մերժված հինը նորի հետ համեմատելն ու այդպիսով նորի «առավելություններն» ընդգծելն անթույլատրելի սխալ է, որը շարունակաբար կիրառվում է: Կադրային յուրաքանչյուր անհաջող նշանակման, այս կամ այն սխալ որոշման վերաբերյալ օբյեկտիվ քննադատության հակափաստարկ բերվում է ոչ թե հիմնավոր բացատրություն, այլ սլաքներն ուղղվում են նախորդի ուղղությամբ՝ լա՞վ էր, որ այսօրվա անհաջող կադրին փոխարինում էր այս կամ այն օդիոզ ֆիգուրը, լա՞վ էին Սերժ Սարգսյանի ռեժիմի անհեթեթ որոշումները և այլն… Խաղի այս անթույլատրելի կանոնները թելադրեց հասարակության մի խումբ, և այն շատ արագ յուրացրին երիտասարդ «հեղափոխականները»՝ հասկանալի պատճառներով: Նախորդների համեմատ «լավը երևալը» իրենցից ջանք, գիտելիքներ ու տեսլական այլևս չի պահանջի…
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հարցադրմանը, թե օգտագործվե՞լ են վարչական լծակներ, հայտարարում է. «Մի զանգով կարող էինք օգտագործել վարչական ռեսուրս, բայց հրաժարվեցինք»:
Այսինքն, ՔՊ անդամներն այն վստահությունն ունեն, որ հեղափոխությունից հետո իրենք էլ կարող էին զանգերով հարց լուծել, բայց բարի կամք են դրսևորել և չեն արել, և մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է միայն երախտապարտ լինենք դրա համար:
Խորությամբ չպատկերացնելով տեղի ունեցածը՝ նրանք դեմ չեն նաև դափնիներին: Ինքնակամ ամենաթողությունից, շռայլություններ թույլ տալու գայթակղությունից հրաժարվելու, սեփական ազատություններին հագուրդ չտալու համար դեռևս կայանալու և ինքնաբավ դառնալու խնդիր ունեն նորեկները: Սեփական ձեռքերով կաղապարներ պատրաստելը զարգացման տեսլական, աշխարհայացք ունեցող ուժեղ անձնավորությանը բնորոշ առանձնահատկություն է: Այս պարագայում, երբ ուժեղ ֆիգուրների վակուումում է ձևավորվել Հայաստանի առաջիկա մի քանի տարիների իշխանությունը, հասարակությունն առնվազն «դափնիներ» բաժանելու ժլատությամբ և պահանջատիրությամբ պիտի կերտի մեր երկրի ապագան:
Արմենուհի Վարդանյան
Источник: http://galatv.am/hy/anatylitcs/266127/
Комментариев нет:
Отправить комментарий