Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել, որից հետո գազի գինը ավելացել է:
Փաշինյանն, իհարկե, փորձեց մի փոքր խուճուճ ձևով ներկայացնել այդ թանկացումը՝ հայտարարելով, թե սպառողների համար գինը չի թանկանա, բայց որքան էլ խուճուճացվի ձևակերպումը, միևնույն է` տակը մնում է այն, որ Փաշինյանի թիմը չկատարեց իր հերթական խոստումը և հերթական անգամ բացասական արդյունք գրանցեց:
Եթե հիշում եք, ամիսներ առաջ խոստացվել էր, որ գազի գինը պետք է իջնի: Մոսկովյան վերջին այցից հետո Փաշինյանը «լայվով» հայտարարել էր, որ ինքը կարծում է, որ ամեն ինչ լավ կլինի գազի գնի պահով կամ առնվազն վատ չի լինի: Նրա ասածի իմաստն այն էր, որ գազի գինը եթե չէժանանա, ապա գոնե չի թանկանա: Ստացվեց 3-րդ չհայտարարված տարբերակը՝ գազի գինը թանկացավ:
Փաշինյանն ասում է, որ գինը թանկացել է ռուսական «Գազպրոմի» ու «Գազպրոմ-Արմենիայի»տիրույթում և սպառողների վրա դա չի անդրադառնա, բայց միտումնավոր շրջանցում է 3 կարևոր հարցերի պատասխանները՝
1. որքա՞ն է ավելացել ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը,
2. ինչքա՞ն ժամանակով է սպառողների համար գազի գինը նույնը մնալու,
3. ո՞ւմ և ինչի՞ հաշվին է փոխհատուցվելու սպառողի համար գազի գնի չփոփոխումը:
Պարզ է, որ եթե Փաշինյանը պոպուլիստական ու «դուխով» թեմաներով որոշի սպառողների համար գին չավելացնել, ապա կա՛մ պետք է «Գազպրոմ-Արմենիան», կա՛մ պետական բյուջենփոխհատուցի (դոտացիա տրամադրի) գնի տարբերությունը: Եթե դա արվի «Գազպրոմ-Արմենիայի» հաշվին, ապա դժվար է ասել, թե արդյոք այդ կառույցը կարո՞ղ է նման բեռ վերցնել իր վրա՝ միաժամանակ պահպանելով գազային ենթակառուցվածքների նորմալ աշխատանքը:
Իսկ եթե գնի ավելացման փոխհատուցումն արվելու է պետբյուջեի հաշվին, ապա խոսակցությունն այն մասին, թե իբր սպառողի համար գազի գինը չի ավելանալու, պարզապես խաբեություն է, քանզի բյուջեն հարկատուների հաշվին է գոյանում ու պետք չէ հարկատուների գումարներով նույն այդ հարկատուներին լավություն անել: Փաշինյանի ասած՝ 350 հազար աշխատողները չպետք է լրացուցիչ ճռռան, որպեսզի 800 հազարի մոտ ինքը կարողանա «գազի գին չբարձրացնող» խաղալ ու թաքցնել հերթական ձախողումը:
Ուշագրավն այս օրերին այն էր, որ Փաշինյանի կողմնակիցները տարածում էին, թե բա ավելի լավ է գազի թանկ գին վճարենք ու մի քիչ էլ սառենք, բայց փոխարենը արժանապատիվ պահենք մեզ: Թե քանի՞ հոգի ընդունեց «թավշյա» տղաների ու աղջիկների այս «հեղափոխական» թեզը, թողնենք կենդանաբանների հաշվարկին: Եվս մի քանի այսպիսի «դուխով» թեզերի կյանքի կոչում և ժողովուրդը կհայտնվի 90-ականների տնտեսական կոլապսի մեջ: Չհաշված քաղաքականն ու անվտանգայինը:
Թե ինչ են սրանք հասկանում արժանապատվության տակ, այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում «արժանապատվությունը», փաստորեն, նույնացվում է կյանքի որակի անկման ու կյանքի գնի թանկացման հետ: Եթե հպարտ քաղաքացիներին դա բավարարում է, ապա շնորհավորում ենք նրանց Նոր տարին:
Կորյուն Մանուկյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153362/
Комментариев нет:
Отправить комментарий