Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ , ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում փորձեց մխիթարել մեզ Հայաստան-Ջիբրալթար խաղում մեր խայտառակ պարտության համար՝ ինքը ևս դա խայտառակություն և ամոթ որակելով։ Ապա խնդրեց մի փոքր համբերել և նկատեց․ «Ով հասկանում է ֆուտբոլից, շատ լավ հասկանում է, որ չենք կարա մենք օդից ունենալ Մեսսիներ, Ռոնալդուներ»։
Hraparak.am-ի դիտարկմանը, թե ինքը հասկանո՞ւմ է ֆուտբոլից, Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ լավ չի հասկանում։ «Գիտե՞ք ինչ, ֆուտբոլից հասկանալը, եթե վերցնենք, որ ես, ասենք, գլխավոր մարզչի կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետների պես հասկանում եմ, իհարկե չեմ հասկանում։ Ես դա չեմ թաքցնում, ես ասում եմ, որ չեմ հասկանում»,-ասաց նա։
Այդ դեպքում ինչպե՞ս է քաղաքականություն մշակում, եթե չի հասկանում։ «Ուրեմն ֆեդերացիայի նախագահի գործը և, առհասարակ, ֆեդերացիայի գործը հավաքականի խաղերով չի գնահատվում։ ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի գործկոմը և, առհասարակ, ֆեդերացիան զբաղվում են ֆուտբոլի զարգացմամբ, ֆուտբոլի մասսայականացմամբ, ֆուտբոլի կազմակերպչական հարցերով, ենթակառուցվածքների ստեղծման հարցերով, բժշկական ծառայությունների մատուցման և այլն, և այլն»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий