Հայաստանում արդեն մի քանի ամիս շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքի դեմ բողոքի ակցիաները։ Ամերիկացիները կոչ են անում Հայաստանի իշխանություններին հնարավորություն տալ աշխատել Lydian Armenia–ին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում ամերիկյան առևտրային պալատն անհանգստություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ Սյունիքի մարզի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ է արդեն երեք ամիս։
Այդ կառույցը միավորում է մոտ 120 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտները։ Դրա մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Բանկը «Լիդիան Արմենիայի» բաժնետերերից է, որը զբաղվում է Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ։
Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ կայուն զարգացող բիզնեսը, առողջ տնտեսական մրցակցության և բնապահպանության նորմերին համապատասխան, կարող է ստեղծել կայուն տնտեսական արժեքներ և նպաստել էկոհամակարգերի և ուժեղ համայնքների զարգացմանը։ Հեղինակները կարծում են, որ ՎԶԵԲ–ը համապատասխանում է այդ արժեքներին ու չափանիշներին։
Հայաստանում ամերիկյան առևտրային պալատը ողջունում է պրոֆեսիոնալ և օբյեկտիվ ստուգումները լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, բայց միևնույն ժամանակ անհանգստություն է հայտնում` կապված վերջին իրադարձությունների հետ։
«Առայժմ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարում է, որ բացահայտվել են «նոր էկոլոգիական գործոններ» և հրապարակավ կոչ է անում դադարեցնել աշխատանքները (Ամուլսարում` խմբ.), բնապահպանության նախարարը հերքում է այդ փաստը։ Կարծում ենք, որ չափազանց կարևոր է զերծ մնալ հապճեպ, գիտականորեն չհիմնավորված պնդումներից, որոնք կարող են հակասական ազդանշաններ ուղարկել շուկաներ», – նշվում է հայտարարությունում։
Առևտրային պալատում մտահոգված են նրանով, որ Ամուլսար տանող ճանապարհները մոտ երեք ամիս փակ են և Lydian Armenia–ն զրկված է գործունության օրինական իրավունքից։
«Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած:
Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։
Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:
Источник: https://armeniasputnik.am/economy/20180928/14760228/americacinery-hh-ishxanutyunneric-pahanjum-en-chxochndotel-lydian-armenia-in.html
Комментариев нет:
Отправить комментарий