суббота, 8 сентября 2018 г.

Գնաճ՝ նախկիների սխալները կրկնում է նաև ներկայիս գյուղնախարարը



ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի  օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի, մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 2.4%, 3.3% և 6.5% գնաճը:
Բացի այդ, ըստ վիճակագրության, հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում 2018թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ գրանցվել է 8.6%, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 2.4% գնաճ: Թանկացել է նաև կաթնամթերքը, պանիրը, հավկիթը:
Մասնագետները թանկացման մի քանի պատճառ են բերում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով գյուղմթերքի թանկացմանը՝ նշեց, որ երբ պետության քաղաքականությունն ինքն իրենով սխալ է, բնականաբար, այդ հետևանքները լինելու են: Ավելին, ըստ նրա, այսօր ամենամեծ խնդիրը նրանում է, որ նախկիների սխալները կրկնում է նաև ներկայիս գյուղնախարարը:
Նրա խոսքով՝ ագրարարային քաղաքականության բացակայությունը բերելու է նրան, որ Հայսստանն ունենալու է պարենային ապահովության խնդիր: «Այն երկրում, որտեղ գյուղատնտեսության նախարարը կարող է ասել՝  ցորենի ինքնաբավությունը օրակարգային խնդիր չէ, գյուղացին ավելի արժեքավոր բան թող մշակի, այստեղ այլևս ասելիք չկա: Եթե նախարարի մակարդակով նման միտք կարող է հնչել, ուղղակի չարժե այդ ոլորտի մասին խոսել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը իր պաշոտնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ասել էր, որ Հայաստանը կարող է հացահատիկով ինքնաբավ լինել, բայց նախարարությունը ինքնաբավության խնդիր չի դրել, և ինչ ցանել` որոշում է գյուղացին: Միաժամանակ նա նշել էր, որ ցորենի ավելի բերքատու տեսակներ ցանելու ու այսօր չօգտագործվող հողատարածքներում ևս ցորեն ցանելու դեպքում ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է:
Ըստ Բաբկեն Պիպոյանի, եթե գինը որոշում է շուկան,  ապա էժան ապրանքի պահանջարկ է առաջանում, դրա հետևանքով էլ ավելանում է ներկրման ծավալը:
«Մենք մեկ տարի առաջ ենք ասել, որ մյուս տարի Հայաստան միս է ներմուծվելու՝ նախորդ իշխանությունների վարած կուրսի հետևանքով: Դա գուշակություն չէր, դա տրամաբանությունն էր հուշում, ու բոլոր նրանք, որոնք մի քիչ պատկերացնում են ոլորտը, գիտեին՝ այդպես է լինելու: Հիմա արդեն ունենք ներմուծում՝ շուկայում բելառուսական տավարի միս կա: Բնականաբար, տեղական մսի ծավալների անկման պարագայում մսամթերքի գնաճ կլիներ»,- ասաց նա:
Անդրադառնալով կաթնամթերքի գներին՝  Բաբկեն Պիպոյանը հարց բարձրացրեց, թե  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  վերջին անգամ  երբ է մոնիթորինգ անցկացրել այդ ոլորտում, պարզել՝ գնի չարաշահում կա՞, թե ոչ գերիշխող դիրք ունեցող  կաթնամթերք արտադրողների մոտ:
«Սա նշանակում է, որ գործադիր իշխանություն-համապատասխան կառույցներ համակարգն ամբողջական չի գործում, չի կարող մեկ ոլորտի խնդիրը մյուսների հետ փոխկապակցված չլինի: Փաստ է, որ  համակարգված աշխատանք չկա»,- ընդգծեց նա: 
Նա նաև նշեց, որ այսօրվա թանկացումները նախորդ տարվա սխալների հետևանք են նաև, բայց մյուս կողմից տեսնում են, որ ներկայում գյուղատտնեսության նախարարությունը քաղաքականությունը չի փոխում, իսկ դա նշանակում է, որ  խնդիրներն ավելի են խորանալու:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ գնաճը պայմանավորված է կանոնների խստացմամբ: Ըստ նրա՝  իշխանությունների փոփոխությունից հետո իրացման ոլորտում  պայմանները նկատելիորեն փոփոխվել են, ավելի խստացվել են: Այդ դեպքում, ըստ նրա, ապրանք արտադրողները, ինչպես նաև իրացողները, շուկա ավելի քիչ ապրանք են դուրս բերում, ինչի արդյունքում էլ որոշ մթերքները թանկացել են: 
«Ամեն դեպքում, որքան էլ սոցիալական, ավելի խոցելի խմբերի համար սա վատ լինի, կանոնակարգվածությունը անհրաժեշտություն է: Ցանկացած խստացմանը հաջորդում են ավելի կանոնակարգված հարաբերությունները»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
Источник: 
https://www.panorama.am/am/news/2018/09/08/գնաճ/2001157

Комментариев нет:

Отправить комментарий