Դժվար է ասել՝ հեղափոխության «դուխն» է ոգևորել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, թե՞ վարչապետի կողմից հրապարակում արված հայտարարությունը, թե բոլոր այլախոհները կպատժվեն, սակայն նա առանձնահատուկ ոգևորությամբ ամփոփեց իր գործունեության 100 օրը։
Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս սթափության կոչ է արել։ Նախարարին վրդովեցրել է, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, որով թերթն իբր «սևացրել է» իրեն ու իր ընտանիքին, բայց ինքը «մեծահոգաբար» դատի չի տվել լրատվամիջոցին։ Նա, մասնավորապես, ասել է․
«Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա, թող հանրությունը տեսնի ու իր գնահատականը տա, թե ձեր հոդվածների պատճառով ինչ խնդիրներ են առաջացել Սփյուռքում»։
Այլ կերպ ասած՝ Հայրապետյանը Սփյուռք-Հայաստան չհաջողված կապի համար մեղադրում է լրագրողներին։ Անդրադառնալ նրա մեղադրանքներին կամ քննադատել դրանք՝ չենք պատրաստվում։
Պարզապես հարկ ենք համարում նկատել, որ նոր իշխանության նման վարքագիծը նմանվում է նախորդների գործելաոճին՝ իրենց չստացված գործերի համար մեղադրել լրագրողներին։ Բայց եթե դրա համար նախորդներին քննադատել ենք ու խոսել այդ մասին, ապա այս դեպքում իրավիճակ է փոխվել․ վարչապետը սպառնացել է, թե տեսեք, հա՜, շատ բան չխոսեք, թե չէ ԱԱԾ-ն ձեր դուռն էլ կթակի․․․ Ու այս ենթատեքստում էլ սփյուռքի նախարարը հանդգնում է սպառնալ, թե՝ «սթափվեք․․․»։
Այս դեպքում երկուսից մեկը՝ կա′մ պարոն նախարարը դեռ լիովին չի գիտակցում, թե որտեղ է գտնվում և չի կողմնորոշվում իր անելիքների մեջ, կա′մ նա պարզապես չգիտի, որ քննադատում են միայն վատ կատարած գործը կամ լրիվ անգործությունը, իսկ արդյունավետ գործունեության համար ոչ ոք ոչ մեկին չի քարկոծում։
Այնպես որ՝ նախքան լրագրողներին սթափվելու կոչեր անելն ու նրանց լռեցնելը, ավելի լավ կլիներ արդյունավետ աշխատել, ոչ թե իրականացվող ծրագրերի անունները փոխել (ինչպես օրինակ «Արի տուն»-ը՝ «Քայլ արա դեպի տուն»)․ դրանից գործն ավելի արդյունավետ չի դառնում․․․
Комментариев нет:
Отправить комментарий