Սեդա Ղուկասյան
«Հետքը» սկսում է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրություն, որը լինելու է շարունակական: Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցի մասին:
«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր Փաշինյանը:
«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Ավելի վաղ դիմել էինք ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին ու ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` ծառայությունից ազատման և ծառայություն անցնելու մասին տեղեկություն խնդրելով:
Մեր հարցման ցուցակի մի մասի հրապարակումից հետո եղան պաշտոնատար անձանց որդիներ, որոնք դիմեցին «Հետք»-ին՝ վստահեցնելով, թե զինվորական ծառայությունից օրինական հիմքով են ազատվել՝ ունեցել են կամ ունեն առողջական խնդիր:
Բժշկական տեղեկանքների վերաբերյալ հասարակության շրջանում թերահավատություն միշտ էլ եղել է, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներին փաստաթղթերի կեղծման համար առաջադրված մեղադրանքը դրա ևս մեկ ապացույցն է։ Օգոստոսի 11-ին էլ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս տարվա զորակոչի շրջանակում նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 600 քաղաքացի զորակոչվել է բանակ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունից ակնկալում ենք նման հիմքով ազատված քաղաքացիների բժշկական տեղեկանքների կրկնակի փորձաքննություն, ինչին, ի դեպ, մեր հարցումների պատասխաններում իրենց համաձայնությունը մի շարք պաշտոնատար անձինք տվել են:
Շարքը սկսում ենք գործող կառավարության կազմից, հարցումներով դիմել ենք կառավարության բոլոր այն անդամներին, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Վերջիններիս խնդրել ենք հստակեցնել, թե ինչ հիմքով են ազատվել ծառայությունից և արդյոք առողջական հիմքի դեպքում պատրաստ են ևս մեկ անգամ փորձաքննության ենթարկվել:
Եւ այսպես՝ սկսենք կառավարության ղեկավարից. պարտադիր զինվորական ծառայություն չի անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեռ պատգամավորության տարիներին բազմիցս անդրադարձել է այս հարցին: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:
Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է:
Մյուս փոխվարչապետի` Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ Ավինյանը Սլավոնական համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականներին, ակադեմիական տարկետում է ստացել:
Պատասխանում նաև նշվում է, որ Ավինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինապարտության մասին» օրենքի հոդված 12-ի ա կետի համաձայն: Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Ավինյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, այդ կետի համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին հանվում է զինվորական հաշվառումից:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»,- ասված է հարցման պատասխանում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար:
Հարցման պատասխանում նախարարությունից հիշեցրել են, որ Արայիկ Հարությունյանը ենթակա չէ զորակոչի, ուստի կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա:
«Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը որպես կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, կատարել մարտական առաջադրանքներ»,- նշվում է հարցման պատասխանում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
«Ինչ վերաբերում է ձեր այն հարցմանը, թե արդյոք Սփյուռքի նախարարը և փոխնախարարը պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնելու, ապա հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` սահմանված է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, որի սուբյեկտն են զորակոչի ենթակա 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչ 27 տարին լրանալը»,- ասված է հարցման պատասխանում:
Սփյուռքի մյուս փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքը նախարարությունը տրամադրել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Փարիզ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 2007 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:
«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Բաբկեն Տեր-Գրիգորյանը դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 2014 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն` երբ լրացած է եղել նրա 28 տարի 10 ամիսը և օրենքի համաձայն` զորակոչի ենթակա չի եղել: ՀՀ քաղաքացիությունը Բաբկեն Տեր-Գրիգորյանին շնորհվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, և նա սահմանված կարգով ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասված է հարցման պատասխանում:
Մեզ հետ զրույցում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Նաեւ` տրամադրեց իր հիվանդության պատմության եզրակացությունը (էպիկրիզ):
Պարզելու համար` արդյոք նման էպիկրիզով նա կարող էր ազատվել ծառայությունից, դիմել ենք Պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես մեզ են փոխանցել նախարարությունից, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1995-1998թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Մինասյանն իր զինվորական պատրաստությունը ստացել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Ունի լեյտենանտի զինվորական կոչում, պահեստազորի սպա է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:
«10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Մինչև 33 տարեկանը նույն հիվանդության կապակցությամբ Թորոսյանը ստացել է տակետում»,- ասված է նախարարության պատասխանում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախարարը պատրա՞ստ է նորից անցնել համապատասխան բուժզննում, նախարարությունից հայտնել են, որ նշված գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Արդարադատության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը՝ վկայակոչելով մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց` «Արդարադատության նախարարությունը չի կարող հանդիսանալ մեր կողմից խնդրարկված տեղեկատվության տրամադրման պահանջի հասցեատեր, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով պահանջվող տեղեկատվության տնօրինողը չէ»:
Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանը ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչպես փոխանցել են կառավարությունից՝ առողջական հիմքով:
«Անհրաժեշտության դեպքում պարոն Աղաջանյանը պատրաստ է կրկին անցնել համապատասխան բուժզննում և տրամադրել տեղեկանք»,- ասված է պատասխանում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեր հարցմանն ի պատասխան` Խանդանյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:
«Եթե անհրաժեշտություն ծագի, օրենքով սահմանված կարգով պատրաստ եմ անցնել բուժզննում և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել հանրությանը»,- ասված է հարցման պատասխանում:
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ազատվել է ծառայությունից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Խառատյանը մինչ 2008 թվականն օգտվել է ակադեմիական տարկետման իրավունքից և ուսանել ասպիրանտուրայում: 2008 թվականի մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից հարձակման ենթակվելու դեպքից հետո Խառատյանը արտերկիր է մեկնել, այդ ժամանակ նա եղել է 26 տարեկան: Զորակոչին չներկայանալու համար Խառատյանը վճարել է օրենքով նախատեսված տուրքը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
ԿԱ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: Մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։
«Դավիթ Անանյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրը եղել է նաև ազատամարտիկ՝ «Սասուն» ջոկատի կազմում՝ շուրջ չորս տարի մասնակցելով Արցախյան հերոսամարտին»,- ասված է հարցման պատասխանում:
ԿԱ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինապարտության մասին» օրենքի 13-րդ հոդվածով՝ ընտանեկան դրության բերումով տարկետմամբ՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
Ըստ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև ԿԱ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը: Տեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հստակեցրել են, որ Շագաֆյանը կառավարության 1999 թվականի մարտի 18-ի թիվ 164 որոշման համաձայն ակադեմիական տարկետում է ստացել:
«2002-ին ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` Ալեքսանդր Շագաֆյանը 2002-2007 թվականներին աշխատանքի է նշանակվել Լոռու մարզի Ջիլիզա սահմանամերձ գյուղում: Ալեքսանդր Շագաֆյանն ունի զինվորական գրքույկ համապատասխան նշումով»,- ասված է պատասխանում:
ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:
«Ավետիք Էլոյանը 2001 թվականին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,-ասված է կոմիտեի տված պատասխանում:
Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Վարչապետի մեկ այլ օգնական` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Ձեր մտահոգությունը փարատելու համար նշեմ, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է նորից ներկայանամ բուժզննման: Խոստանում եմ ձեզ նախապես տեղեկացնել բուժզննման օրվա և անցկացման տեղի ու ժամի մասին»,- ասված է հարցման պատասխանում:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ըստ ՊՆ պարզաբանման, ներգրավված է 2018 թվականի ամառային զորակոչային միջոցառումներում:
Հ․Գ. Քանի որ հարցումներին զուգահեռ կառավարությունում նշանակումներ են եղել, չի բացառվում, որ կառավարության կազմում լինեն զինվորական ծառայությունից ազատված այլ պաշտոնյաներ ևս:
Շարունակելի
Հաջորդ հրապարակումը լինելու է ծառայությունից ազատված պատգամավորների և վերջիններիս որդիների մասին:
Источник:
http://hetq.am/arm/news/92352/inch-himqerov-en-partadir-zinvorakan-tsarayutyunic-azatvel-karavarutyan-andamnery-mas-1.html
Источник:
http://hetq.am/arm/news/92352/inch-himqerov-en-partadir-zinvorakan-tsarayutyunic-azatvel-karavarutyan-andamnery-mas-1.html
Комментариев нет:
Отправить комментарий