Մուրազը փորում մնացած նոր Կառավարության որդեգրած քաղաքանությունը, տված խոստումներն ու կատարած քայլերն, ինչպես շատ ու շատ՝ այնպես էլ պետական բյուջեն տնօրինելու հարցում ևս՝ հակասում են իրար։
Պարզվում է՝ օպտիմալացնում են նախարարություններ, կրճատում պետական ծառայողների, նրանց հաշվին խնայում գումարներ և հարկատուների հաշվին գոյացած բյուջեն սկսել են այլևս ճիշտ տնօրինել, սակայն իրենց վերաբերող հարցերում թույլ են տալիս շռայլություններ։
Ասվածի ապացույցը Պետական պահպանության ծառայության ստորագրած պայմանագիրն է «Մուրան» ՍՊ ընկերության հետ՝ երկու ավտոմեքենայի ձեռքբերման վերաբերյալ:
Ըստ կայքերից մեկի հրապարակման՝ ծառայությունը ձեռք կբերի 2018 թվականի արտադրության ամենագնացներ՝ «Նիսսան» X-Trail S մակնիշի:
Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է 14 միլիոն 991 հազար դրամ: Այսինքն, երկու մեքենայի համար վճարվել է շուրջ 30 միլիոն դրամ կամ ավելի քան 62 հազար դոլար:
Ստացվում է՝ եղած մեքենաները բավարար չեն պետական պահպանություն իրականացնելու համար, հիմա էլ նորերն են պետք․ հավանաբար, նորաթուխ պաշտոնյաները չեն ցանկանում նախորդներին սպասարկած և «չլած» մեքենաների հույսին մնալ և որոշել են ևս 62 հազար դոլարով բյուջեին ճեղք տալ։
Եթե Պետական վերահսկողական ծառայությունն արդեն երկու նոր մեքենա գնելու պայմանագիր է ստորագրել, ապա Արարատ Միրզոյանին դա, կարծես թե, չհաջողվեց։
Նոր ավտոմեքենա գնելու ցանկությամբ էր նա փայլել։
Ըստ հրապարակումներից մեկի՝ Միրզոյանը ցանկացել է Mercedes S-Class զրահապատ ավտոմեքենա ձեռք բերել, իհարկե, հարկատուներիս հաշվին, որի արժեքը 100 մլն դրամ է:
Այս հրապարակումից կարճ ժամանակ անց, ինչպես որ սպասելի էր, Արարատ Միրզոյանի գրասենյակից հերքեցին տեղեկությունը, թե Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի աշխատակազմին առաջարկել է իր համար նոր մեքենա գնել:
Բնականաբար. հո չէի՞ն հաստատելու Միրզոյանի՝ շեյխին վայել ցանկությունների և շարքային քաղաքացիների հարկերով գոյացած սուղ բյուջեն իր վրա վատնելու մասին լուրը։
Հերքելը՝ հերքեցին, սակայն որևէ մեկը դրան չհավատաց՝ հաստատ գիտենալով, որ Միրզոյանը հրապարակային խայտառակության չենթարկվելու համար միայն որոշեց ապրել մուրազը փորում մնացած:
NEWSPRESS.am
Комментариев нет:
Отправить комментарий