Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունն ուներ բացառապես ներքին օրակարգ: Խոստացվեց սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, վենդետտաների մերժում, բայց ստացանք թշնամանքի ու ատելության մթնոլորտ, ինչպես նաև քաղաքական վենդետտա:
Տրվել էին նաև հարակից խոստումներ: Մասնավորապես, խոստացվել էր կախարդական փայտիկի օգնությամբ թռիչքաձև տնտեսական աճ, ներդրումների հոսք և զբոսաշրջիկների կտրուկ աճ ապահովել: Չկան ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ոչ էլ երրորդը:
Փոխարենն ունենք այլ թռիչք: Թռչողի դերում հայտնվել է Հայաստանը, որին գրեթե «իզգոյի» կարգավիճակ է տրված ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում, քանզի, ինչպես Նիկոլ Փաշինյանըխոստովանեց ռուսական РБК-ին տված հարցազրույցում, ԵԱՏՄ-ում այնքան էլ չեն սիրում «հեղափոխություն» բառը, ինչը նշանակում է, որ չեն ընդունում անձամբ Փաշինյանին ու ավտոմատ կերպով չեն ընդունում այն երկրին, որը ներկայացնում է Փաշինյանը:
Արևմուտքի ուղղությամբ էլ վիճակներս լավ չէ: Այնտեղ մեզանից մեկ ակնկալիք ունեն՝ Արցախի հարցում գնալ զիջումների ու մաս կազմել հակաիրանական և հակառուսական նախագծերին:
Փաշինյանը բանակցությունների ինտենսիվության առումով թռիչքաձև աճ է արձանագրել նաև Արցախի հարցում: Եվ դա այն դեպքում, երբ նման մանդատ չի ստացել ոչ իշխանափոխության օրերին, ոչ էլ դրանից հետո: Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ Արցախի հարցով Ալիևի հետ չի բանակցելու, բայց այնքան ինտենսիվ է վարում բանակցությունները, որ ամենաարագ թռչունը նույնիսկ չի կարող նման արագություն բացել:
Թե ինչ արագությամբ և դեպի ուր կթռչի հայկական դիվանագիտությունն Արցախի հարցում, դեռ վերջնականապես հստակ չէ: Հստակ է, սակայն, մեկ բան՝ եթե Փաշինյանը գնա Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով (այս պահին նա Արցախի հարցում այդ ճանապարհի վրա է),ապա կարժանանա նույն ճակատագրին, ինչ ՀՀ 1-ին նախագահը, կամ միգուցե դրանից էլ վատ:
Կորյուն Մանուկյան
Источник: http://www.7or.am/am/news/view/154570/
Комментариев нет:
Отправить комментарий