ՀՀԿ-ից «Քաղաքացիական պայմանագրի»կողմն անցած Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ցանկացած սոցիոլոգից էլ լավ գիտի, թե ինչպիսի քաղաքական տրամադրություններ են տիրում հանրության աղքատ, բայց հպարտ քաղաքացիների շրջանում և ում են նրանք ընտրելու:
Լֆիկը գիտի իր հաճախորդների ճաշակը և այդ իսկ պատճառով ապրիլյան փառապանծ հեղափոխությունից հետո «ռասկրուտկա» էր անում «Դուխով» անունը կրող խմիչք, իսկ օրերս էլ բաց է թողել «Վարչապետ» օղին՝ Նիկոլ Փաշինյանի նկարով:
Լֆիկը Սերժին էլ էր քծնում, բայց նրա անունով օղի չէր ծախում, քանի որ գիտեր՝ չի՛ ծախվի: Իսկ ահա «Վարչապետը» կծախվի, հատկապես որ Նիկոլ Փաշինյանի նկարով է:
«Դուխով» օղիները հավանաբար ոգևորել են ՔՊԿ-ական սեփականատիրոջը ու նա անցել է «Վարչապետ» օղուն:
Օլիգարխ ՀՀԿ-ականից ՔՊԿ-ական սեփականատեր դարձած Ալեքսանյանն ի՞նչ իմանար, որ տարիներ առաջ, երբ իր կալվածք Մալթիա-Սեբաստիա համայնքում փչացնում էր Նիկոլ Փաշինյանին ու իր ԲՏՌ կնանիքին հարձակվել տալիս նույն այդ Նիկոլի վրա, այսօր նրա նկարով օղիներ է վաճառելու «սիթիներում»:
Ի՞նչ իմանար հպարտ քաղաքացի դարձած Լֆիկը, որ Երևանի այդ համայնքում աշխատելու է Նիկոլի աներձագի օգտին, որպեսզի վերջինս ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դառնա:
Երբ Տարոն Մարգարյանն էր իր աներձագին պատգամավոր դարձնում, դա վատ բան էր, իսկ ահա երբ Նիկոլ Փաշինյանն է նույնն անում, դա արդեն լավ բան է, քանզի պատգամավոր է դառնում ոչ թե սովորական աներձագ, ինչպիսին Տարոնինն էր, այլ ժողովրդի վարչապետի աներձագ, այսինքն՝ համարյա ժողովրդի աներձագ:
Մեկ այլ տարբերություն էլ կա: Տարոնի աներձագ Ռոբերտը չէր խոսում: Նա չխոսկան էր: Իսկ ահա ժողովրդի աներձագ Հրաչյա Հակոբյանը խոսում է: Ավելի ճիշտ՝ բլթացնում, բայց դա նորմալ է. ինչ-որ ձևով պե՞տք էր լրացնել Գալուստ Սահակյանի բացակայությունը: Թեև հանուն արդարության պետք է ասել, որ Գալուստը բլթացնում և շուլուխ էր անում գիտակցաբար, իսկ ահա Հրաչյայի մոտ ամեն ինչ բնական է ստացվում: Նա նիկոլենց տան Գիքորն է այն առումով, որ տան խոսակցությունները բլթացնում է և կարելի է ըստ այդմ իմանալ, թե ինչ կա չկա ոմանց մտքում:
Պետրոս Ալեքսանյան
Источник: http://www.7or.am/am/news/view/152362/
Комментариев нет:
Отправить комментарий