«Մութ ու ցուրտ» 90-ականներին Հայաստանից արտագաղթի հզոր ալիքը, թվում էր, ավարտվել է հաջորդ տասնամյակում։ Հայրենիքը մշտապես լքելու մտադրություն ունեցողների թիվը ինքնաբերաբար կրճատվել է։ Սակայն արտագաղթելու ցանկություն ունեցողներն, այնուամենայնիվ, քիչ չեն՝ վերջին տարիներին կրկին բնակչության նկատելի արտահոսք է դիտարկվում։ Ճիշտ է՝ ոչ այնքան հզոր, ինչպես նախկինում էր։ Սակայն արտագաղթը առկա է եւ նույնիսկ աճում է։ Դրա պատճառներից մեկը Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու իրական հնարավորություններն են։
Չնայած Ռուսաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներին, այնտեղ կյանքի մակարդակն, այնուամենայնիվ, ավելի բարձր է, քան նախկին միութենական շատ հանրապետություններում։ Այս գործոնը խթանում է Ռուսաստան արտագաղթը։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել նախկին միութենական հանրապետություններից 185 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 19,9 հազարը Հայաստանից։ Այս թվաքանակի մեջ մեր երկրի մասնաբաժինը բավական բարձր է՝ 10,8 տոկոս։
Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների թվով մենք զիջում ենք միայն Ուկրաինային(60,3 հազ․ մարդ), Ղազախստանին (31,9 հազ․ մարդ) եւ Տաջիկստանին (24,9 հազ․ մարդ)։ Այսինքն այն երկրներին, որոնց մենք զգալիորեն զիջում ենք բնակչության թվով։ Այստեղից էլ՝ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների մեջ, ելնելով բնակչության մասնաբաժնից, նախկին ԽՍՀՄ-ի երկրների շարքում Հայաստանն առաջատար է՝ 0,7 տոկոս՝ Ոկրաինայի 0,1, Ղազախստանի 0,2 եւ Տաջիկստանի 0,3 տոկոսի դեմ։
Սրա հետ մեկտեղ, մեր երկիրն առանձնանում է արտագաղթողների ազգային կազմով։ Նախկին միութենական երկրներից շատերում պահպանվել է ռուսական սփյուռքը՝ մի տեղում՝ զուտ խորհրդանշական, մյուս տեղում՝ բավական մեծաթիվ։ Ասենք, նույն Ղազախստանում ընթացիկ տարվա սկզբին ռուսները կազմում էին ավելի քան 3,5 մլն, այսինքն բնակչության մոտ 1/5 մասը։ Վերջին տարիներին նրանց թիվն անշեղորեն կրճատվում էր ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես էլ հանրապետության բնակչության ընդհանուր թվի մեջ իր մասնաբաժնով։ Հիմնական պատճառներից մեկը ռուսների արտագաղթն է իրենց պատմական հայրենիք։ Այդպիսին է իրավիճակը նաեւ Ուկրաինայում, որը վարկանիշով առաջին տեղում է։
Հայաստանում, 2011թ․ բնակչության մարդահամարի տվյալներով, ապրում էր մոտ 12 հազար ռուս (երկրի ընդհանուր բնակչության 1 տոկոսից էլ պակաս)։ Նույնիսկ այս թվի պարզ համադրումը անցյալ տարի եւ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների հետ (45 հազար մարդ), վկայում է այն մասին, որ արտագաղթողների մեծ մասը Հայաստանի բնիկ ապրողներն են։
Ներքոհիշյալ գրաֆիկում բերված է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած Հայաստանի բնակիչների թվի աճը՝ անցյալ եւ այս տարիների եռամսյակներում՝ հաշվարկած հազար մարդով։ Դիագրամայից հստակ երեւում է տվյալ ցուցանիշի աճի տենդենցը։
Ռուսաստան եւ այլ երկրներ Հայաստանի քաղաքացիների արտագաղթի պատճառները հայտնի են։ Դրանք են՝ մեր երկրում զանգվածային գործազրկությունը, դրամային եկամուտների ցածր մակարդակը (այդ թվում աշխատավարձերն ու թոշակները), ինչպես նաեւ աճող սերնդի ապագայի հետ կապված հարցերը։ Այս տեսակետից, ապրելու համար հրապուրիչ բավական մեծ թվով երկրներ կան։ Սակայն, ի տարբերություն դրանցից շատերի, Հայաստանի բնակիչների համար Ռուսաստանում շատ ավելի հեշտ ու դյուրին է քաղաքացիություն ստանալը։ Այդ պատճառով մեր շատ աշխատանքային միգրանտները (նաեւ այդ կարգավիճակը չունեցող Հայաստանի բնակիչները) դեմ չեն օգտվելու նման հնարավորությունից։
Աշխատանքային միգրացիա կա նաեւ Մերձբալթյան համեմատաբար բարեկեցիկ հանրապետություններում։ Սակայն, հասկանալի պատճառներով, նրանց վեկտորն ուղղված է Եվրոպայի տնտեսապես ավելի զարգացած երկրներին։ Այս հանրապետություններից Ռուսաստանի քաղաքացիություն ընդունում են հաշված թվով մարդիկ, թեեւ այնտեղ էլ ոչ փոքրաթիվ ռուսական սփյուռք կա։ Օրինակ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել է Էստոնիայի ընդամենը․․․ 28 բնակիչ։
Սմբատ Գրիգորյան
Источник: https://news.am/arm/news/484840.html
Комментариев нет:
Отправить комментарий