Վարչապետի թիմում շատերը, որոնք հեղափոխությունը չեն տարբերում իշխանափոխությունից ամեն ընդդիմախոսություն հակված են տեսնել թշնամանքի տիրույթում, ո՞ւմ է պետք այդ հեղափոխությունը, եթե նույն խնդիրները պահպանվում են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Հեղափոխությունը վերացական կատերգորիա չէ, հեղափոխությունը այն իշխանափոխություն է, որի ընթացքում բարքերը փոխվում են։ Մինչդեռ այսօր ներմուծողները դժգոհում են, արտահանողները դժգոհում են, կտրուկ գնողունակության անկման խնդիր կա, ժողովրդի մեծամասնությունը արդեն գնողունակ չէ, Հայաստանը շարունակում է լքել միջին խավը»,–ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ ողջունում է նոր կառավարության մուտքը Հայաստանի կյանք, բայց արդեն անցել է 5 ամիս եւ, իր դիտարկմամբ, խոստումները չեն կատարվել։
«Ասում էիք, որ կարմիր գծերը պետք է վերացնեք առաջին օրվանից, առայսօր կարմիր գծերը կեղեքում են ազգաբնակչությանը, ասում էիք, որ արագաչափերը պետք է օր առաջ դուրս մղվեն մեր կյանքից, հատկապես խոսում էիք դրանց արձանագրած խախտումների տուգանային սանկցիաները նվազեցնելու մասին, առայսօր արագաչափերը նախատեսվում է ներկրել, տուգանքների չափն էլ չի վերանայվել։ Խոսվում էր ամենասեղմ ժամկետներում պետական բյուջեն համալրելու մասին, որպեսզի բարձրանան թոշակներ, աշխատավարձեր, առայսօր կառավարությունը հայտարաել է, որ 2019 թ–ի բյուջեով դա չի նախատեսվում։ Մենք էլ ասում ենք՝ հարգելի կառավարություն, լավ եք արել, որ եկել եք, մենք էլ ենք աջակցել, բայց ցույց տվեք մի ոլորտ, որտեղ տեսանելի առաջընթաց կա»,–ասաց ԲՀԿ պատգամավորը։
Իրենց քննադատությունը «հակահեղափոխություն» որակողներին Պետրոսյանը անվանեց «քաղաքական չարորակ նորագոյացություններ»։
«Որքա՞ն կարելի է մարդկանց կերակրել «հպարտ քաղաքացի» սնունդով։ Մենք շնորհակալ ենք պարոն Փաշինյանին, որ կարողացավ ազատության զգացում ներարկել, բայց դա բավարար չէ երջանիկ կյանք ունենալու համար։ Չէ՞ որ կառավարության ծրագրում կար նաեւ «Երջանկության» դրույթը»,–նկատեց ԲՀԿ պատգամավորը։
Источник: https://news.am/arm/news/474612.html
Комментариев нет:
Отправить комментарий