Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը:
- Առաջին հերթին պիտի բացահայտվի, թե ով է արել այդ գաղտնալսումը: Ունենք երկու հարևան երկիր, որոնք ակնհայտ թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ: Այդ երկրները կարող են լսել մեր երկրի թե վարչապետին, թե պաշտպանության նախարարին ու Գլխավոր շտաբի պետին: Այդպիսով, սա ազգային անվտանգության շատ լուրջ խնդիր է:
- Այդպիսով չե՞ք կարծում, որ ԱԱԾ-ն տնտեսական հանցագործությունների բացահայտումից առաջ պետք է իր բուն պարտականությամբ՝ ազգային անվտանգության խնդիրներով զբաղվի:
- Միանշանակ կարծում եմ: ԱԱԾ-ն, որի պետին գաղտնալսել են, լուրջ պատասխանատվության խնդիր ունի: Նախ պետք է պարզել՝ դա արել է օտա՞ր երկիրը, թե՞ ներսի մարդը, որը պետության մեջ պետություն է ստեղծել: Ես նաև շատ կարևոր եմ համարում այդ խոսակցության կոնտեքստը: Իմ համոզմամբ՝ ՀՀ-ում գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պիտի լինեն տարանջատ: Սա է նոր Հայաստանի մեկնարկը:
- Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքին մաս կազմող ուժերն առանձին են մասնակցում. կարելի՞ է ասել, որ դաշինքը պառակտվել է, հատկապես որ որոշակի լարվածություն է նկատվում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի և ձեր կուսակցությունների միջև:
- Շատ բնական է, որ այդպես է, որովհետև ՔՊ-ն հեղափոխությունն իրականացնելուց հետո դարձավ բազմանդամ կուսակցություն ու գտավ, որ ունի բավարար հեղինակություն, բավարար մտավոր պոտենցյալ միայնակ ղեկավարելու երկիրը, միայնակ հաղթելու ընտրությունները:
- Բայց 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինքի կազմավորման հուշագրում երեք ուժերով մի կուսակցության մեջ միավորվելու խնդիր էիք դրել:
- Այդ ժամանակ մեր կուսակցությունները մինչև 5000 անդամ ունեցող ուժեր էին: Եվ միավորվել էր պետք, որպեսզի կարողանայինք հաղթահարել ԱԺ մտնելու շեմը, կարողանայինք մեզանից ուժ ներկայացնել ու որոշակի տոն տալ ՀՀ քաղաքական դաշտում: Դաշինքում բոլոր որոշումները պետք է ընդունվեին կոնսեսուսով: Հեղափոխության գործընթացը սկսելու պահից կոնսեսուսը չկայացավ՝ ՔՊ-ն իր քայլն արեց միայնակ, հաջողեց, ինչը ցնծությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Եվ որքան անդամ այսօր ունի «Հանրապետություն» կուսակցությունը, այդքան մարդ ՔՊ-ին անդամագրվում է ամեն օր: Այս առումով միասնական կամ համազոր հանդես գալը խնդիրներ է առաջացնում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաև սեփական արժանապատվություն, սեփական խոսքի խնդիր ունի, ուրեմն, ընտրություններին առանձին գնալը բնական է:
- Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրատեսական էին թվում, իսկ այսօր, բացի ՀՀԿ-ից, այդ ընտրությունների անցկացումը, թվում է, ձեռնտու չէ նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, քանի որ ՔՊ-ի վարկանիշի բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վարկանիշի վրա: Ձեր կարծիքով՝ այս ամենի արդյունքում նվազե՞լ է արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը:
- Ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԲՀԿ-ն մա՞րդ է առաջադրելու: Կամ կա՞ մարդ, որը կհամաձայնի Նիկոլ Փաշինյանից հետո լինել վարչապետի թեկնածու ու այս խորհրդարանում կառավարության ծրագիր ներկայացնլել:
- Ինչո՞ւ ոչ: Եթե ՀՀԿ-ին հաջողվի խորհրդարանում նորից մեծամասնություն հավաքել, կարող է թեկնածու առաջադրել ու ընտրել, անկախ հանգամանքից թե ով կլինի այդ մարդը:
- Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում նման մարդու, որը կարող է հանրային այսպիսի ընկալման մեջ փորձել առաջադրվել: Բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը Փաշինյանին են, նա ունի հանրային մեծ ազդեցություն: ՀՀԿ-ն չունի նման դեմք: Նման դեպք կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, բայց եթե ՀՀԿ-ն կարող է այդպես մտածել, թող առաջադրի:
- Բացառո՞ւմ եք. ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին, որպես նախագահ, ավելի բարդ իրավիճակներում է պաշտպանել:
- Բացառում եմ: Եթե Ռոբերտ Քոչարյանը գա, իրենք փողոցում ունենալու են երկու անգամ ավելի շատ մարդ, քան կար հեղափոխության օրերին:
- Իսկ դա չի՞ գնահատվի որպես Փաշինյանի՝ իշխանության կողմից ընդդիմության՝ ՀՀԿ-ի վրա ճնշում գործադրելու դրսևորում:
- Դա ՔՊ-ի և գործող վարչապետի խնդիրն է, ես չեմ ցանկանում մեկնաբանել նրանց քայլերը: Նա այդ քայլերով հաջողություն է ունեցել: Այլ բան է, որ ես միշտ չեմ կիսել դրանք, ինձ համար ընդունելի չէ ամեն գնով իշխանության գալը: Բայց ես չեմ հաջողել իմ այդ մոտեցումներով, այնպես որ, այս դեպքում ես վատ խորհրդատու եմ: Ընդհանրապես, ես շատ խնամքով եմ վերաբերում մեր պետականությանը: Սիրիայում տիրող իրավիճակը, Թուրքիայի ու ՌԴ-ի միջամտությունը մարտահրավերներ են մեզ:
- Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի տված այն համաձայնությունը, որ ՀՀ-ն թեկուզ հումանիտար նպատակներով, բայց զորամիավորում է ուղարկելու Սիրիա: Նախկինում դրանք ոչ թե ՊՆ-ի, այլև ԱԻՆ-ի խմբերն էին:
- Ես հետևում եմ այդ գործընթացը քննադատող վերլուծաբանների տեսակետներին: Ես էլ մտահոգություններ ունեմ, ռիսկեր կան, պարզապես այդ ռիսկերը չէի գերագնահատի: Ամեն դեպքում, մենք մասնակցելու ենք բժիշկների և սակրավորների թիմով:
- Ինչպե՞ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց համարում են «հեղափոխության պաշտպան, բայց քուչեքում, ռեստորաններում ՀՀԿ-ականների հետ բանակցում են՝ ձախողելու արտահերթ ընտրությունները»: Դա կարո՞ղ է նաև ձեզ վերաբերել:
- Ինձ համար չկան հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ինձ համար կան մարդիկ, որոնք գաղափարակից են կամ ոչ: Ես բարևելու եմ բոլոր ՀՀԿ-ականներին: Եթե այս մարդիկ մեղք ունեն, պետությունից փող են գողացել, թալանել են ժողովրդին, դա պետք է դատարանով ապացուցել, և նրանց տեղը միանշանակ բանտում է:
- Ռոբերտ Քաչարյանի վերադարձը ինքնապաշտպանությա՞ն, թե՞ նորից իշխանության գալու նպատակ ունի:
- Չկա Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խնդիր, Քոչարյանն ընդամենն ուզում է չդատվել:
Источник: http://www.parliamentmonitoring.am/am/monitoring/195
Комментариев нет:
Отправить комментарий