Այս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, այդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել. ի՞նչ սևի ու սպիտակի խնդիր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ոմանք, որ իրեն ընկեր են ներկայանում, բանակցում են ՀՀԿ-ի հետ, Արամ Սարգսյանն ասաց՝ «ձայն չես հանում, ժողովուրդը մի խոսք ունի՝ լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեզ վրա վերցնում»: «Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար: Չգիտեմ՝ ո՞ր ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթություն է: Խնդիրն այն է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը: Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ վստահեցնելով, որ ժողովուրդն իսկապես սիրո և համերաշխության հեղափոխություն է ուզում. «Ժողովուրդը հոգնել է ինքն իր հետ կռվելուց: Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ ինչերից խոսենք: Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես: Էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ: Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքը, մենք եկանք՝ քվեարկեցինք: Բա ո՞նց կարելի է նեղացնել ձեզ հետ ճանապարհ անցածին: Հո խնդիրը մենակ քայլելու մե՞ջ չի»: Արամ Սարգսյանը խնդիր չի տեսնում, եթե Փաշինյանն ուզում է, նրա խոսքով, միայն իր հետ քայլած մարդկանց հետ իշխանություն ստեղծել ու Հայաստան կառուցել: «Եթե էդպես է, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք դրան չեմ անդրադառնա: Բայց դուք էլ էդ դեպքում մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա էստեղ մտածելու բան չկա՞: Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո, հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»: Մանրամասները՝ տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/83027.html
© factor.am
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/83027.html
© factor.am
Комментариев нет:
Отправить комментарий