среда, 5 сентября 2018 г.

Ինչ հիմքով են պարտադիր զինծառայությունից ազատվել նախագահ Արմեն Սարգսյանի որդիները



Հայաստանի չորրորդ նախագահ, Միացյալ Թագավորությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախագահի կրտսեր որդին` 34-ամյա Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն հրաժարվել են  ազատման հիմքը տրամադրելուց՝ որակելով որպես անձնական տվյալ:
«Հետք»-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Հայկ Սարգսյանը բանակ չի զորակոչվել գիտական աստիճան ունենալու հիմքով: Մեր տեղեկությունները ճշտելու համար դիմել էինք նախագահի աշխատակազմ: «Հաստատում ենք, որ «Հետք»-ին հայտնի դարձած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,- ասված է նախագահի աշխատակազմից ստացված հարցման պատասխանում:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի ավագ որդուն՝ 37-ամյա Վարդան Սարգսյանին, ապա հաշվառման հասցեն մեզ անհայտ լինելու պատճառով ՊՆ-ից չենք կարողացել հստակեցնել վերջինիս ծառայության կամ ազատման մասին տեղեկությունը: «Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ Վարդան Սարգսյանը ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, գրանցված է բնակչության պետական ռեգիստրում՝ օտարերկրյա պետության բնակության հասցեով: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ Վարդան Սագսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Ոստիկանությունից, սակայն, հրաժարվել են տեղեկություն տրամադրելուց, թե Արմեն Սարգսյանի որդիները քանի տարի ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում»,- ասված է ոստիկանության պատասխանում:
Այսպիսով, Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարկետման հիմքով, Վարդան Սարգսյանը՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Այժմ Արմեն Սարգսյանի որդիները երկքաղաքացի են՝ ունեն և՛ ՀՀ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:
Կառավարության անդամների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերիմասին կարող եք կարդալ այստեղ:
Լուսանկարը՝ Dailymail.co.uk-ից. լուսանկարում՝ ձախից՝ Հայկ Սարգսյանը, աջից՝ Վարդան Սարգսյանը
Источник:  http://hetq.am/arm/news/92686/inch-himqov-en-partadir-zintsarayutyunic-azatvel-nakhagah-armen-sargsyani-ordinery.html

Комментариев нет:

Отправить комментарий