вторник, 11 сентября 2018 г.

Ռուսաստանաբնակ հայ գործարարները մերժո՞ւմ են Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում, հանդիպում է ունեցել նաև ՌԴ մայրաքաղաքի գործարար շրջանակների հայ ներկայացուցիչների հետ, որոնց կոչ է արել ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ: Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցում կայացած հանդիպումը ներկայացուցչական չես անվանի՝ ներկա հայազգի խոշոր գործարարներից կարելի է առանձնացնել, թերևս, միայն Ռուբեն Վարդանյանին և Կամո Ավագումյանին, ով առավել հայտնի է որպես «Ավիլոնի Կամո»: 
  
Ռուբեն Վարդանյանի ներկայությունը կարելի է սիմվոլիկ համարել միայն այն առումով, որ վերջինս վարչապետի ելույթի ողջ ընթացքում ննջում էր, իսկ այնուհետև մի շարք հարցադրումներ կատարեց, որոնց հիմնական մեսիջը Փաշինյանի կառավարության՝ ներդրումների համար անհրաժեշտ կայունությունը ապահովելու ունակության բացակայությունն է, որի արդյունքում բիզնեսը չի շտապում գալ Նոր Հայաստան: Ինչ վերաբերում է Կամո Ավագումյանին, որոշ տեղեկությունների համաձայն՝ նա Փաշինյանի հետ հանդիպման էր եկել ոչ թե Հայաստանի ներդրումային առավելություններին ծանոթանալու, այլ խնամու՝ «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) համար բարեխոսելու նպատակով: Հիշեցնենք՝ այս պահին Արթուր Ասատրյանը կալանավորված է: Ընդ որում. ժամանակին նույն Ավագումյանը խնամու համար բարեխոսել էր նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ: Թե ինչ արդյունք է տվել Ավագումյանի բարեխոսությունը այս անգամ, և տվե՞լ է արդյոք ընդհանրապես՝ ցույց կտա ժամանակը:
 
Միևնույն ժամանակ, ուշագրավ էր ռուսաստանյան բիզնեսի գլխավոր ներկայացուցիչներից մեկի՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բացակայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Կարելի է ենթադրել, որ Կարապետյանի և նրա «թևի» բոյկոտը պատահական չէ, թավշյա հեղափոխությունից հետո ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ամեն գնով փորձում էր բուրգի վերեւում պահել Կարեն Կարապետյանին, որի ֆինանսատնտեսական հենարանն էլ հանդիսացել է վերջինիս վարչապետության ողջ ընթացքում: Այսօր, փաստացի, Կարապետյանի «թևը» հարկ չի համարել ներկայանալ վարչապետի հետ հանդիպմանը՝ ինչն, ինքնին, մեսիջ է ՀՀ նոր կառավարությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին...
 
Ընդ որում՝ նման տապալված հանդիպումը ինչ-որ չափով նաև Մոսկվայի մեսիջն էր Հայաստանի նոր կառավարությանը, այն պարզ պատճառով, որ եթե անգամ հայ գործարարները մեծագույն ցանկություն դրսևորեին օժանդակելու հայրեկանական տնտեսության զարգացմանը, դա իրականություն չէր դառնա՝ Մոսկվայի պրեսինգի և «դաբրոյի» բացակայության պայմաններում...

Источник: http://topnews.mediamall.am/?id=193356

Комментариев нет:

Отправить комментарий