среда, 19 сентября 2018 г.

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել պատգամավորներն ու նրանց որդիները. մաս 2



Նախորդ հրապարակումով ներկայացրել էինք, թե ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել նորակազմ կառավարության անդամները: Այս անգամ անդրադառնում ենք ծառայությունից ազատված ԱԺ պատգամավորներին և նրանց որդիներին: Սկսենք խորհրդարանական ամենաշատ անդամ ունեցող խմբակցությունից՝ ՀՀԿ-ից:
Արմեն Աշոտյան. ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ
Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ 1992 թվականին ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, քանի որ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ լինելով կրթաթոշակառու: 2000 թվականին ընդունվել է օրդինատուրա՝ դատական բժշկություն մասնագիտությամբ, այդ ժամանակ ևս ակադեմիական տարկետման իրավունք է ստացել: 2004-ի դեկտեմբերին կառավարությունը որոշում է ընդունել զորակոչել նաև գիտական աստիճան ունեցողներին՝ բացառապես իրենց մասնագիտացմամբ:
Աշոտյանը այդ ժամանակ չի զորակոչվել, քանի որ դատական բժշկի կարիք որևէ զորամասում չի եղել, իսկ արդեն 2005-ին տարկետման իրավունքից օգտվել է որպես ԱԺ պատգամավոր: 2009-ին տարկետում է ստացել որպես Կրթության և գիտության նախարար, 2010-ին արդեն զորակոչի ենթակա չի եղել: Հիշեցնենք, որ բժշկական մասնագիտացում ունեցող զինապարտները զորակոչի ենթակա են ոչ թե մինչ 27, այլ 35 տարին լրանալը: Արմեն Աշոտյանը դեռ 1998 թվականին ունեցել է բուժծառայության լեյտենանտի զինվորական կոչում, և իր խոսքով՝ ուսումնառությանը զուգահեռ, զինվորական պատրաստություն է անցել: Պահեստազորի փոխգնդապետի կոչում ունի:
Կարեն Ավագյան, ՀՀԿ անդամ
Կարեն Ավագյանը ևս ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում և մինչև 35 տարին լրանալը մի քանի անգամ, ուսումնառության նպատակով ակադեմիական տարկետման իրավունք է ստացել: Մասնագիտացումը՝ դատական բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, պահեստազորի սպա:
Միհրան Հակոբյան, ՀՀԿ անդամ
Պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով. պատմական գիտությունների թեկնածու է:
«2006 թվականին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրայում ուսանելու համար դիմել եմ, մրցույթում հաղթել, երեք տարվա ընթացքում գրել եմ թեկնածուական ատենախոսություն, հրապարակել հոդվածներ: Ատենախոսության թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սահմանված կարգով պաշտպանել եմ ատենախոսությունը և այդ հիմքով ազատվել զինծառայությունից»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:
Վահան Հարությունյան, ՀՀԿ անդամ, խորհրդարանի գործարար պատգամավորներից է: Ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ «Միկմետալ» ՓԲԸ-ի 75%-ի բաժնետերն է:
Վահան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Ըստ ՊՆ-ի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության՝ օրենքով սահմանված հիմքով զինծառայությունից ազատվել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը (անձնագրային անունը Արաիկ է):
Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ սովորել է ՀԱՊՀ-ում, որը ժամանակին ունեցել է զինվորական ամբիոն, ինքն էլ իր ծառայությունն, ուսումնառությանը զուգահեռ, անցել է այդ ամբիոնում:
ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
Վերջինս մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը ևս զինծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է:
Մեզ հետ զրույցում Կորյուն Նահապետյանը մանրամասնեց, որ իր զինծառայությունը ուսումնառությանը զուգահեռ է անցել, քանի որ այդ տարիներին ԵՊՀ-ում գործել է ռազմական ամբիոն:
«Ուսումնառությանը զուգահեռ անցել ենք համապատասխան ուսուցում ԵՊՀ-ի ռազմական ամբիոնում, վեցամսյա ռազմական պատրաստությունից հետո հանձնել ենք քննություններ տակտիկական և հրաձգային պատրաստությունից, ինչպես նաև մեկամսյա վարժանքներ: Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի կողմից շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում»,- մանրամասնեց Նահապետյանը:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Պարտադիր զինծառայությունից ազատվել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը:
Պատմական գիտությունների թեկնածու է: Ուսումնառության նպատակով մի քանի անգամ ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, 2004 թվականին ծնվել է Ֆարմանյանի երկրորդ երեխան, և նա զինծառայությունից ազատվել է ընտանեկան տակետման հիմքով, չնայած կարող էր ազատվել նաև գիտական աստիճան ունենալու հիմքով:
«Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, որտեղ, ցավոք սրտի, օրենքի շրջանցմամբ` շատ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից, ուստի հասկանում եմ այս հարցի հանրային հնչեղությունը: Ես միայն հպարտանում եմ իմ անցած կրթական ճանապարհով: Երբ մենք սովորում էինք ԵՊՀ-ում, բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը տվել էին ուսմանը, շարունակեցին իրենց կրթությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, հետագայում նաև թեկնածուական ատենախոսություններ պաշտպանեցին, հաստատ իրենց մտքով չէր անցնի, որ մի օր կարող է ինչ-որ խմբերի կողմից որակվեին որպես զինվորական ծառայությունից խուսափածներ և ոչ հայրենասերներ, իսկ նրանք, ովքեր կրթական անբավարար առաջադիմության պատճառով չէին կարողանում ընդունվել մագիստրատուրա, ինչ-որ խմբերի կողմից կարող են որակվել որպես թոփ հայրենասերներ, ովքեր մեկնել են զինվորական ծառայության: Զինվորական ծառայությունը երկրին ծառայելու ամենաբարձր եղանակն է, ամենապատվաբերն է, բայց միակը չէ: Եթե ՀՀ ապագան մենք ցանկանում ենք տեսնել այնպիսին, ինչպիսին մեր մտքերում է, դա միայն կրթության ճանապարհով է անցնում»,- ասաց Ֆարմանյանը: Պատգամավորը իր զինծառայության ազատման հարցին անդրադարձել էր ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են վեց գումարման պատգամավոր, ՀՀԿ անդամ, գործարար Կարեն Կարապետյանի գործարար որդիները՝ Վահե և Նարեկ Կարապետյանները:
Նարեկ Կարապետյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ թե՛ ինքը, թե՛ եղբայրը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են առողջական հիմքով, և հարկ եղած դեպքում պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնել:
Հինգ գումարման պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի որդին՝ Պարույր Հակոբյանը
Վերջինս Արփա-Սևան ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Պարույր Հակոբյանը զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Չորս գումարման ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը
Արկադի Համբարձումյանը մեզ հետ զրույցում նախ զարմացավ, որ ինքը բարձրաստիճան պաշտոնյա է, ապա ասաց, որ որդին զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով՝ ավելին չմանրամասնելով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ ու նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը
Վերջինս 2016-2018 թվականներին զբաղեցրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը, տնտեսագիտության թեկնածու է: Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ազատվել է զինծառայությունից՝ ընտանեկան տարկետման՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանի որդին՝ Դավիթ Սարգսյանը, մինչ 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք ունի:
Ռոբերտ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որդին ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, ուսումնառության ավարտից հետո մեկնելու է ծառայության:
«Անպայման ծառայելու է, մենք երբեք չենք խուսափել ծառայությունից»,- ասաց Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեդրակ Սարոյանի երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյաններն ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, երկուսն էլ՝ առողջական հիմքով:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի որդին՝ Սերգեյ Մելիքյանը, մինչ 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք ունի:
Գագիկ Մելիքյանը մանրամասնեց, որ որդին առողջական հիմքով է տարկետում ստացել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանի որդին այս տարվա ամառային զորակոչի շրջանակներում տարկետման իրավունք է ստացել:
Վանիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին տարկետման իրավունք է ստացել առողջական հիմքով:
Նույն խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանիերկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ ավագ որդին՝ Բագրատ Բագրատյանը, պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Շանթ Բագրատյանը, ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Պատգամավորը նաև հայտել է, որ այս պահին որդին Հայաստանում չէ, սակայն վերադառնալուն պես պատրաստ է անցնել կրկնակի փորձաքննություն, որի արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, պատրաստ է հավելյալ տեղեկություն տրամադրել:
Պարտադիր զինծառայությունից ազատված պաշտոնյաների որդիների թվում է նախկին ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժվարացավ հիշել, թե որդին ինչ հիմքով է ազատվել, քանի որ որդին և՛ ակադեմիական տարկետում է ստացել, և՛ առողջական հիմք է ունեցել, ինչպես նաև ընտանեկան տարկետման իրավունք է ստացել՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը ևս ազատվել է զինծառայությունից: Մելիք Մանուկյանը չցանկացավ հարցին պատասխանել, թե որդին ինչ հիմքով է ազատվել:
Զինծառայությունից ազատվել է նաև Ծառուկյան խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Հակոբ Նազարյանը:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան պատգամավորը ներկայացրել է այն հիմքերը, որոնցով ազատվել է պարտադիր զինծառայությունից: Հակոբ Նազարյանը նախ տարկետման իրավունք է ստացել 2001 թվականին ԵՊՀ-ում մագիստրոսական կրթություն ստանալու համար: 2003 թվականին Նազարյանն ավարտել է մագիստրատուրան և ուսումնառությունը շարունակել գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես ասպիրանտ: 2006-ին ծանուցում է ստացել զինկոմիսարիատից և անցել պարտադիր բժշկական քննություն, ինչի արդյունքում հանձնաժողովը կազմել է աջ թևի բեկորային վնասվածքի մասին եզրակացություն, և նա ստացել է տարկետում, որից հետո Նազարյանի 27 տարին լրացել է:
«Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ կրկին անցնել համապատասխան բուժզննում»,- ասված է հարցման պատասխանում:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս, ինչպես մեր ցուցակի այլ պատգամավորներ, իրենց ուսումնառությանը զուգահեռ, ԵՊՀ զինվորական ամբիոնում զինվորական ուսումնառություն են անցել:«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ հայտնում եմ, որ անձնական կյանքի գաղտնիությունը չխախտող այլ տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև լրացուցիչ բուժզննում անցնել պատրաստ եմ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Հայկ Կոնջորյանը:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի որդին՝ Գուրգեն Սարգսյանը:
Արամ Սարգսյանի որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով.՝ խաղաղ ժամանակ զինծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի:
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ որդիս պատրաստվում է անցնել համապատասխան բուժզննում անցած երկու տարվա ընթացքում իր առողջական վիճակի փոփոխությունները պարզելու համար: 2016 թվականի մայիսի 31-ին՝ որդուս զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու պահին, ես պետական պաշտոնյա չեմ հանդիսացել»,- մեր գրավոր հարցմանը պատասխանել է Արամ Սարգսյանը:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կրտսեր որդին՝ Սևակ Միքայելյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ Սևակ Միքայելյանն ազատվել է զինծառայությունից առողջական հիմքով:
«ՀՅԴ» խմբակցության պատգամավորներից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է Սպարտակ Սեյրանյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝ ուսումնառությանը զուգահեռ անցել է պարտադիր զինվորական ծառայություն ԵՊՀ ռազմական ամբիոնում: Ունի պահեստազորի փոխգնդապետի կոչում:
Խմբակցություններում չընդգրկված, ծառայությունից ազատված պատգամավորների թվում է նախկինում ՀՀԿ խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը:
Նահապետ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ազատվել է զինծառայությունից առողջական հիմքով:
Հաջորդը նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամակացությունը դադարեցրած և անկախ պատգամավորի կարգավիճակում հայտնված գործարար Արտակ Սարգսյանն է:
Վերջինս լսեց մեր հարցը, սակայն չցանկացավ պատասխանել:
Հեղափոխությունից հետո անկախ պատգամավոր դարձած, նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը ևս ազատվել է զինծառայությունից:
Մեր հարցմանն ի պատասխան պատգամավորը հայտնել է, որ որդին ակադեմիական տարկետման հիմքով է ազատվել. ունի գիտական աստիճան:
Հետհեղափոխական խորհրդարանի հաջորդ պատգամավորը, որը դարձավ անկախ պատգամավոր, Աշոտ Արսենյանն էր՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահը:
Նրա երկու որդիները ևս ազատվել են պարտադիր զինծառայությունից, Արսենյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ  որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս չի ծառայել:
Թորոսյանը զինծառայությունից ազատվել է ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Պատգամավորը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել 2001 թվականին, երբ արդեն զորակոչի ենթակա չի եղել, մինչ այդ եղել է Վրաստանի քաղաքացի:
Տեղեկացնենք, որ Պաշտպանության նախարարություն մեր հարցումներն ուղարկել ենք՝ հիմնվելով բաց տվյալների հիման վրա՝ Election.am, Ethics.am: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք միայն իրենց հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագիրն են ներկայացնում, ուստի մենք պաշտոնյաների որդիների մասին տեղեկություններ՝ անուն, հաշվառման հասցե, ծննդյան թիվ, կարողացել ենք գտնել բաց աղբյուրներից: Ի դեպ, բացի Election.am-ից գոյություն ունի նաև բնակչության պետական ռեգիստր, որտեղ հաշվառված են հիմնականում այն քաղաքացիները, որոնք բացի ՀՀ քաղաքացիությունից ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն և հաշվառված են տվյալ պետությունում, ոչ թե Հայաստանում: Ուստի` չենք բացառում, որ մեր այս ցուցակից բացի լինեն նաև պատգամավորների այլ որդիներ, որոնց մասին տեղեկություն բաց աղբյուրներում չկա, սակայն վերջիններս ևս ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հիվանդության պատմության էպիկրիզն ուղարկել ենք պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ նման առողջական հիմքով քաղաքացին կարո՞ղ է ազատվել զինծառայությունից, թե՞ ոչ: Հավելենք, որ նախարարությունը տեղյակ չի եղել, թե ում հիվանդության պատմության էպիկրիզն ենք ուղարկել: Նախարարությունից ստացված հարցման պատասխանում նշվում է, որ մեր ուղարկած գրության հիման վրա քաղաքացու՝ պարտադիր զինծառայության զորակոչից ազատվելու հիմքն ուսումնասիրվել է:
«Ուսումնասիրության արդյունքում հայտնում եմ, որ ներկայացված նման փաստաթղթի պատճենը բավարար չէ քաղաքացու առողջական վիճակի պիտանելիության որոշման համար, այլ պիտանելիության վերջնական գնահատական կարող է տրվել անհրաժեշտ ստացիոնար հետազոտությունների և փորձաքննության արդյունքում»,- ասված է հարցման պատասխանում:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ևս մեկ գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հստակեցնել, թե ՊՆ հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի ո՞ր հոդվածի համաձայն է ազատվել զինծառայությունից: Նախարարությունից պատասխանել են, թե այդ ցանկից որ հոդվածով է նախարարն ազատվել, ըստ այդմ՝ նման առողջական խնդիր ունեցող քաղաքացիները պիտանի չեն ծառայությանը՝ հանվելով զինվորական հաշվառումից: Խնդրել էինք հայտնել նաև սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ զինծառայությունից ազատման հոդվածը, քանի որ վերջինս մերժել էր մեր նախորդ հարցումը: Ըստ հարցման պատասխանի՝ փոխնախարար Արամայիս Գրիգորյանը միտում չունի թաքցնելու իր անձնական կյանքին վերաբերող՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները, ուստի պատրաստ է հայտնել, թե որ հոդվածով է ազատվել զինծառայությունից: Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ նման խնդրով քաղաքացիները ծառայությանը պիտանի չեն՝ հանվելով զինվորական հաշվառումից:
Տեղեկացնենք նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգումներ են իրականացվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ ազատման հիմքերի օրինականությունը ստուգելու փաստով, մեր հարցման տեքստում խնդրել էինք հստակեցնել` արդյոք պաշտպանության նախարարությունը խախտումներ արձանագրելու դեպքում նշված անձանց զորակոչելու է ԶՈՒ, թե ոչ: Նախարարությունից պատասխանել են.
«Ինչ վերաբերում է ձեր հարցումների 3-րդ կետերի հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման (զինծառայությունից վաղաժամկետ արձակման) կամ տարկետման տրամադրման որոշումները վարչական ակտեր են և կարող են վերանայվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Լրացուցիչ հայտնում եմ նաև, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասում սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առավելագույն սահմանային տարիքները»,- ասված է ՊՆ աշխատակազմի ղեկավար Գևորգ Հայրապետյանի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կառավարության անդամների՝ զինծառայությունից ազատման հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Շարունակելի. հաջորդ հրապարակումը լինելու է դիվանագետների` պարտադիր զինվորական ծառայությունից ազատված որդիների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий