Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության են կանչել, ուրեմն հավասարապես նրա կողքին պետք է հայտնվեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը: Առավել մանրամասներ քաղաքագետը ներկայացրեց մեզ հետ զրույցում:
-Համացանցում մեծ ոգևորություն է առաջացրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, սակայն քաղաքական ուժերը, գործիչներն անհանգստություն են հայտնում հարուցած քրեական գործի իրավական ձևակերպումների առնչությամբ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
-Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի` ինչ-որ ժամանակահատվածում ինքն էլ կարող է բանտախցում հայտնվել` որևէ հարց պարզաբանելու համար։ Այսինքն, Հայաստանում անձեռնմխելի պաշտոնյա այլևս չկա։ Սա դրական է։ Ցանկացած պաշտոնյա պետք է պատասխանատվության բարձր զգացողություն ունենա։ Այս իրավիճակի բացասականն էլ այն է, որ իրավական տեսակետից երկրորդ նախագահին ներկայացվել է անհիմն և անգրագետ մեղադրանք, որն իրականությանը չի համապատասխանում։ Եթե սահմանադրական կարգի խախտում կատարվել է այն ժամանակ, երբ պաշտոնյան դեռևս իր պարտականություններն է կատարել և օգտվել է իր այդ լիազորությունից, նշանակում է` այս իշխանությունները չեն ցանկանում, որ երկրում ընդհանրապես սահմանադրություն և օրենք լինի։ Մայրաքաղաքում անկարգությունները կասեցնելու համար իշխանության քայլերը սահմանադրական էին։ Բայց մի՞թե Մարտի 1-ի դեպքերի համար մեղադրել մեկ կամ երկու, երեք անձի ու գործը դրանով փակել, ճիշտ է։ Հիշենք, ինչո՞վ էր զբաղվում ընդդիմությունն այդ օրերին։ 2008-ի փետրվարին ընտրությունների ժամանակ ես ընտրատեղամասերից մեկում դիտորդ էի ու կասեցրի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակցի` ընտրական գործընթացը խափանելու փորձը։ Իրենց պետք էր, որ արձանագրվեին լցոնումներ, խախտումներ, որպեսզի դիմեին դատախազությանն ու ոստիկանությանը, սակայն սուտ փչելով, փորձում էին հող նախապատրաստել տրված պատվերի համար։ Պնդում եմ, որ 2008-ից սկսած Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով նախապատրաստում էր երևանյան մայդանը։ Նրանք այն ժամանակ էին ցանկանում Երևանում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Դա Տեր-Պետրոսյանի կողմից վրեժխնդրությու՞ն էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի ինքնահաստատման փորձ, այլ վերլուծության թեմա է։ Ակնհայտ է, որ նրանք փորձում էին փողոցային մեթոդներով հեղաշրջում անել։
-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ Մարտի 1-ի համար հավասարապես մեղավոր են և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Առնվազն այդ երեքը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց շատ շատերն են խառնված այդ գործում։ Օրինակ, մեղադրել Խաչատուրովին կամ Միքայել Հարությունյանին այն դեպքում, որ նրանք ընդամենը գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել, առնվազն էշություն է։ Նրանք ընդամենը հրաման են կատարել, չկատարելու դեպքում դատարանի առաջ էին կանգնելու։ Բայց հիշենք, թե քանի հոգի էին հարթակում կանգնած` Ալեքսանդր Արզումանյանը, Լևոն Զուրաբյանը և շատերը, որոնց ևս պետք է հարցաքննել։ Այսպիսի մարդկանց թիվը կարող է հասնել անգամ հազարների։ Առնվազն խուլիգանության հոդվածով այնքան վարչական գործ կարելի էր հարուցել։ Այլ հարց է, թե ուշ գիշերին ի՞նչ է կատարվել Երևանի կենտրոնում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը փախել էին հրապարակից։ Մարդկանց թողեցին մեն-մենակ։ Այսինքն, իրենց ձեռքով սադրանքը պատրաստ էր, էլ պետք չէր այնտեղ մնալ։ Եթե հետաքննությունն իրական է լինելու, ոչ թե բեմադրված, իրական մեղավորների մի ողջ բանակ կարող է ի հայտ գալ։ Ես չեմ զարմանա, որ վաղը կամ մյուս օրը իշխանության գլխին Նիկոլի ձեռքով կհայտնվի ՀԱԿ-ը, իմա ՀՀՇ համար 3-ը։ Բայց այսքանից հետո հարց ունեմ ժողովրդին` դուք հիշողության կորու՞ստ ունեք։ Եթե այո, ուրեմն արժանի եք նրան, ինչ ունեք։
Источник: http://www.irates.am/hy/1532988683
Комментариев нет:
Отправить комментарий