ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին դուր չի գալիս, երբ որեւէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, այս հարցում Հայրիկյանը անմեղության կանխավարկած կողմնակից է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ եւ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ ամենածանր հանցագործի կալանավորումն առանց դատարանի որոշման, համարում է ոչ տեղին:
Նա նշեց, որ տարիներ առաջ է անգամ իր համար հասկանալի եղել, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ քաղաքական ճանապարհի վրա է եւ պետական դրական կերպար չէ։
«Երբ երկրորդ նախագահի մասին ստիպված են լինում արձանագրել բացասականը, այն էլ քրեական օրենսգրքի հետ առնչվող, դա նաեւ վիրավորանք է քեզ համար, որպես տվյալ երկրի քաղաքացի։ Միանգամից պետք է ասեմ, որ նաեւ Սերժ Սարգսյանի մասին, հազար ու մի բան կասեն, կներկայացնեն նաեւ մեղադրանքներ»,- ասաց նա։
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ իրավապահ մարմինների համար Մարտի 1-ը խարան է, հետեւաբար, պետք է հետեւողական լինեն, որ հանցագործություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ մտածում էր պաշտպանված լինելու մասին. պատահական չէ։ Քոչարյանը Լեւոնի բերած մարդն էր, ավելին, էնտեղ Վազգեն Սարգսյանը հպարտանում էր, ասում էր 100 տոկոսով էլ շահեք, մեկ է, չենք հեռանալու, Լեւոն Տեր- Պետրոսյանը պետք է նման պաշտոնյային հեռացներ, հետեւաբար, իրենք նույն ոչ բարեկիրթ ու ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին, հետեւաբար նրանցից նախորդի դատապարտում չէր կարելի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ունի բարդույթներ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որովհետեւ նրա աշակերտն է եղել, նա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին դու որտե՞ղ էիր, ո՞ր թիմում էիր ընդդիմադիր միասնական թիմում, թե՞ որտեղ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:
ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:
Комментариев нет:
Отправить комментарий