Ուկրաինական ճգնաժամը և Ղրիմի նոր կարգավիճակը չի կարող անհանգստություն չառաջացնել Ադրբեջանում, որտեղ առանց այդ էլ շատ են տասնամյակներով չլուծված խնդիրները: Թե ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում՝ հարցազրույցում ներկայացրեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Վարդան Ոսկանյանը:
-Ինչպե՞ս է ազդում ուկրաինական ճգնաժամն Ադրբեջանի քաղաքական ուղեծրի վրա:
-Դատելով ադրբեջանական մամուլի և հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներից՝ կարելի է փաստել, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են այդ ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությամբ՝ ենթադրելով, որ ըստ իրենց իսկ եզրաբանության հաջորդ «զոհը» կարող է դառնալ Ադրբեջանը: Լրատվամիջոցների մակարդակով կատարվող վերլուծություններում երբեմն նկատելի են նույնիսկ ակնհայտ խուճապային տրամադրություններ: Ասենք, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մեր բանակի հուժկու պատասխանը հրադադարն անընդհատ խախտող հակառակորդի ուժերին, Բաքվի որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել էին, թե իբր դաշնակից Հայաստանի անմիջական օժանդակությամբ Ռուսաստանը պատրաստվում է հյուսիսից ուղղակիորեն ներխուժել Ադրբեջան:
Ալիևյան վարչակարգը անհանգստացած է նաև Ղրիմի հետ կապված գործընթացում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության ևս մեկ վերահաստատմամբ: Չնայած միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ Արցախի անկախության գործընթացը բազմաթիվ կողմերով ավելի անթերի է, քան Ղրիմի միավորումը Ռուսաստանին, և այս առումով թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից մենք անհամեմատ ավելի շահեկան վիճակում ենք, բայց այսուհանդերձ աշխարհի ցանկացած ծագում ինքնորոշման իրավունքի իրագործման հետևանքով հաջողությամբ պսակված ցանկացած գործընթաց դիտարկվում է որպես ևս մեկ լրացուցիչ կռվան ի հաստատումն Արցախի անկախության և հետագայում մայր Հայրենիքի հետ վերամիավորման: Հենց սա էլ Ադրբեջանում բերում է առանց այն էլ առկա հիստերիայի մթնոլորտի հերթական ջղաձիգ և անօգուտ պոռթկումների:
Երրորդ հանգամանքը, ինչը խիստ անհանգստացնում է Բաքվի ներկայիս վարչակարգին, ռուս-եվրոպական հարաբերությունների որոշակի լարման համատեքստում Արևմուտքի կողմից ադրբեջանական էներգակիրների՝ որպես ռուսական գազի այլընտրանք դիտարկումն է, ինչն ուղղակիորեն կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և քաղաքական շահերի բախման, որի արդյունքում Մոսկվան աներկբայորեն կկիրառի իր ունեցած բոլոր լծակները՝ առանց այն էլ խախուտ պետական ավանդույթ ունեցող այսրկովկասյան այս երկրի ներսում լարվածության ստեղծման ուղղությամբ:
- Որո՞նք են Ադրբեջանի ներքին մարտահրավերները, և ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել մոտակա ժամանակներում:
- Գաղտնիք չէ, որ հենց Ադրբեջանի ներսում առկա են լրջագույն խնդիրներ՝ կապված տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի (կովկասյան պարսիկներ), լեզգիների, ավարների, ինգիլոյների, խինալուղցիների, բուդուխցիների, ռուտուլցիների և այլոց տարրական իրավունքների իրացման հետ: Ընդ որում՝ իրենց հիմնահարցերի մասին արդեն բարձրաձայնում են ոչ միայն ինչ-որ առումով սեփական իրավունքների պահանջատիրությամբ արդեն «ավանդաբար» հայտնի թալիշները, լեզգիները և ավարները, այլ նաև թվում է, թե ձուլման գործընթացին կուլ գնացած կովկասյան պարսիկները, որոնք 20-րդ դարի սկզբներին դժբախտություն են ունեցել մասնակցելու այս արհեստածին պետության կազմավորման գործընթացին՝ ի դեմս 1918թ. թուրքական սվինների օգնությամբ հռչակված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության Մեջլիսի առաջին նախագահ Մուհամմադ Ամին Ռասուլզադեի և այլ հասարական-քաղաքական գործիչների: Մոտ 100 տարի անց, հիմա արդեն նրանք էլ են բարձրաձայնում իրենց ոտնահարված ազգային իրավունքների մասին՝ հայտարարելով Ադրբեջանական Հանրապետության թաթաբնակ շրջաններում «Շիրվանի Պարսկական Հանրապետության» ստեղծման ցանկության և կամքի մասին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում աննախադեպ աճ է գրանցվել նաև թալիշական ազգային-ազատագրական շարժման գործունեության առումով, և ընդամենը մեկ-երկու տարի առաջ բացառապես ինքնավարության խնդիր դնող թալիշական քաղաքական գործիչների հիմնական մասն արդեն այսօր խոսում է բացառապես Թալիշստանի անկախ պետականության վերականգման արդարացի պահանջի մասին:
Զարգացումների նման ընթացքում Բաքվի համար կա ևս մեկ տհաճ «անակնկալ». ակնհայտ է, որ տեղաբնիկ ժողովուրդների շատ ներկայացուցիչներ այլևս չեն հավատում հայ ժողովրդի «դիվականացմանն» ուղղված ադրբեջանական կեղծ քարոզչությանը՝ Արցախի օրինակը համարելով լավ իմաստով վարակիչ, իսկ հայերին ոչ միայն չդիտարկելով որպես թշնամական ժողովուրդ, այլև ձգտելով կապեր հաստատել և շատ հաճախ Հայաստանից և հայ ժողովրդից ակնկալելով առնվազն բարոյական աջակցություն իրենց պայքարին:
- Կրկին զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի և Ադրբեջանի միջև, կարելի՞ է խոսել, որ Բաքվի առջև հայտնվեց ֆեդերալացման ճանապարհը:
- Ուկրաինական դեպքերի համատեքստում վերևում ասվածին անշուշտ կարիք կա ավելացնելու նաև «ֆեդերալացում» բառի շրջանառության ակտիվացմամբ և բազմէթնիկ երկրների պարագայում այդ սկզբունքի կիրառման հնարավոր հեռանկարով պայմանավորված Բաքվում ի հայտ եկած լրացուցիչ վախերի առկայության հանգամանքը: Ընդ որում՝ Ադրբեջանի կապակցությամբ ֆեդերալացման առաջարկները, որքան էլ տարօրինակ թվա, հնչել են ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրոպայից: Խնդիրն այն է, որ Արևմուտքում կարծես թե գիտակցում են իսլամիստական իրական վտանգի առկայությունն Ադրբեջանական Հանրապետությունում՝ պայմանավորված այդ երկրում նման շարժումների աննախադեպ ակտիվությամբ և ադրբեջանցի իսլամականների՝ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումների շարքերում լայնամասշտաբ ընդգրկմամբ:
Հավանաբար այս համատեքստում պետք է դիտարկել էթնիկ-տարածքային ինքնավարությունների միջոցով այդ երկրի ֆեդերալացմանն ուղղված արևմտյան որոշ հասարակական-քաղաքական շրջանակների այս տարվանից ակտիվացած գործողությունները համաեվրոպական կառույցների հարթակների օգտագործմամբ:
Խոսքը մասնավորապես անցյալ փետրվարին Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքում կայացած Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նվիրված հանդիպում-քննարկման մասին է, որտեղ Ադրբեջանին վերաբերող այլ հարցերին զուգահեռ բարձրացվել է նաև այս երկրի ֆեդերալացման հնարավորության խնդիրը:
Թե ինչպես կզարգանան գործընթացներն այս ուղղությամբ, դժվար է միանշանակ պնդել, սակայն մի բան պարզ է՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ֆեդերալացման մերժումը կամ դրա ճանապարհով առկա էթնիկական և կրոնական խնդիրների մեղմումը, ի վերջո, կարող է նաև հանգեցնել այս պետության, որպես առանձին քաղաքական և վարչատարածքային միավորի, գոյության դադարեցմանը, և նրա կողմից ներկայումս վերահսկվող տարածքներում մի քանի ազգային պետականությունների՝ Թալիշստանի, Լեզգիստանի, Ավարստանի և Շիրվանի Պարսկական Հանրապետության ի հայտ գալուն, իսկ նման զարգացումների համար արդեն հիմա առկա են, եթե ոչ բոլոր, ապա բազմաթիվ կարևոր նախադրյալներ:
-Ինչպե՞ս է փոփոխվում Ադրբեջանի վարկանիշը տարածաշրջանում և նրա հարաբերությունները անմիջական հարևանների հետ: Ինչպիսի՞ն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը։
- Չնայած երկու կողմերից հատկապես վերջին շրջանում հնչող հավաստիացումներին՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում չի հաջողվում հաղթահարել փոխադարձ կասկածի մթնոլորտը, որը պայմանավորված է նախևառաջ Բաքվի՝ Իրանի հանդեպ որդեգրած, ես կասեի՝ «գաղտնի թշնամական» քաղաքական անսասան ուղեգծով, որը պարբերաբար դուրս է գալիս նաև բացահայտ հարթություն: Օրինակ՝ շատ խոսուն է այն փաստը, որ Ադրբեջանը Իրանի միակ հարևանն է, որի հետ սահմանում պարբերաբար գրանցվում են միջպետական մակարդակի սրացումներ, փակվում են անցակետեր և այլն:
Միով բանիվ, երկու երկրների հարաբերություններում կան այնքան չլուծված խնդիրներ՝ սկսած Ատրպատականի հանդեպ Բաքվի տարածքային նկրտումներից, իբր «պարսկական շովինիստական ճնշումների զոհ բաժանված ադրբեջանցի ժողովրդի» գոյության մասին կեղծ քարոզչական թեզից և վերջացրած իրանական մշակութային ժառանգության յուրացումների փաստերով կամ Կասպից ծովի կարգավիճակի հիմնահարցով, որ պատկերավոր ասած, անհիմն և անուղղելի լավատես պետք է լինել կարծելու, թե դրանք կարող են լուծվել հեշտությամբ և կարճաժամկետ հեռանկարում:
Զրույցը վարեց լեյտենանտ
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий