Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎԻ հետ
-Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվորի» և մեր ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Ընդունեք մեր ամենաջերմ մաղթանքները։ Եվ ուզում եմ մեր զրույցն սկսել մի հարցով, որը, վստահ եմ, շատերին է հետաքրքրում՝ Դուք զտարյուն հա՞յ եք, որտեղի՞ց է ծագում Ձեր Ապրիամով ազգանունը, ինչո՞ւ եք իտալական անուն կրում, և ինչո՞ւ են մտերիմները Ձեզ կոչում Դաթո։
-Նույն հարցը տվեց Վազգեն Սարգսյանը, երբ առաջին անգամ տեսավ ինձ։ Այո՛, ես հայ եմ, ապուպապերս Ապրիամով ազգանունն են կրել, որը (իմ ստուգաբանությամբ) նշանակում է ապրիր համով։ Նախնիներս Վրաստան են եկել Էրզրումից։ Ես ծնվել եմ Թբիլիսիում, այսպես ասած, հավլաբարցի եմ։ Ինչո՞ւ՝ Էնրիկո։ Մայրս երաժշտության սիրահար էր, նա դաշնամուր էր նվագում… և մեծն Էնրիկո Կարուզոյի երկրպագուն էր։ Այո՛, մտերիմներս ինձ կոչում են Դաթո… և այդ անվան հետ մի տխուր պատմություն է կապված։ Իմ ավագ եղբայրը, որի անունը Էնրիկո էր, մահացել էր։ Ամեն անգամ անունս լսելիս մայրս հիշում էր վաղամեռիկ որդուն, ու արցունքը չէր չորանում նրա աչքերից։ Մի օր հայրս որոշեց ու հայտարարեց, որ այսուհետ ինձ պիտի կոչեն Դավիթ (հայերը Դավիթը կրճատելիս ասում են Դավո, վրացիները՝ Դաթո)։ Ու ես դարձա Դաթո։
-Ձեր կենսագրական տեղեկություններին ծանոթանալիս իմացա, որ վրացական դպրոց եք ավարտել։
-Մորական տատս վրացուհի էր։ Նա մեզ հետ էր ապրում։ Ու ծնողներս նրան վստահեցին թոռանը (ինձ) առաջին անգամ դպրոց տանելու պարտականությունը։ Հայկական թիվ 104 և վրացական թիվ 71 դպրոցները նույն շենքում էին։ Ու վրացուհի տատս որոշեց, որ ինձ պիտի տանի վրացական դպրոց։ Ես արդեն 2-րդ դասարանում էի, երբ հայրս իմացավ այդ մասին։ Ու շատ բարկացավ։ Նա հայրենասեր, ազնիվ ու պատվարժան մարդ էր։ Երբ ինձ խրատում էր, ասում էր՝ հայը պիտի աշխատասեր լինի, գրագետ լինի, ուժեղ լինի, ազնիվ լինի։ Իսկ երբ սաստում էր, ասում էր՝ հայը իրավունք չունի նման բան անելու։ Թիֆլիսում բազմաթիվ ազգեր էին բնակվում, ու ոչ մի խտրականություն չկար, բայց հայրս միշտ ասում էր՝ եթե ուզում ես տեղ ունենալ այս արևի տակ, պիտի լավագույնը լինես։
-Եվ Դուք դպրոցում սովորում էիք գերազանց գնահատականներով, ակորդեոն էիք նվագում երաժշտական դպրոցում և մեծ թենիս սպորտաձևում դառնում եք Թբիլիսիի չեմպիոն…
-Երեխաների դասերով ու դաստիարակությամբ զբաղվում էին մայրս ու տատս։ Հիշում եմ՝ նույնիսկ վրացուհի տատս էր մեզ պատմում եղեռնի, հայոց մեծերի ու մշակույթի մասին։ Մենք հաճախում էինք Հայ առաքելական եկեղեցի, հոգևոր զրույցներ էինք լսում։ Մասնակցում էինք պատարագի։
-Ո՞վ էր Ձեր մանկության հերոսը։
-Իմ թենիսի դասատուն՝ Արամ Խանգուլյանը։ Իմ մանկության տարիներին փող կամ շքեղ մեքենա ունենալը հերոսություն չէր համարվում, այլ՝ երբ քո տաղանդով ու աշխատասիրությամբ բարձունքներ էիր նվաճում ու փառք էիր բերում քո դպրոցին, քո քաղաքին, քո երկրին։ Արամ Խանգուլյանի անունը թնդում էր երկրով մեկ, քանի որ նրա սաները մեծ հաջողությունների էին հասնում սպորտում։ Իսկ ես Արամ Խանգուլյանից եմ սովորել կազմակերպվածություն, հաստատակամություն, համարձակ նպատակներ ունենալու խիզախություն…
-Դուք Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարան եք ընդունվել գերազանց գնահատականներով և եղել եք բուհի լավագույն ուսանողներից մեկը։ Որո՞նք էին Ձեր հաջողությունները երաշխավորող ամենակարևոր պայմանները։
-Որքան էլ ռազմական բուհում լավ սովորես, սպա ես դառնում զորքերում ծառայելիս։ Եվ քեզ սպա են դարձնում քո անմիջական հրամանատարները։ Որովհետև դու նրանց հսկողությամբ ես կատարում առաջին քայլերդ, նրանցից ես սովորում։
Մենք՝ բուհն ավարտած ընկերներով, ծառայության անցանք զորամասում՝ մի մասս ավագ լեյտենանտ, մարտկոցի հրամանատար Սիդելնիկովի անմիջական հրամանատարությամբ, մյուս մասը՝ մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Անուխինի։ Նրանք, ովքեր Անուխինին «բաժին ընկան», այդպես էլ չկայացան, չկարողացան վեր բարձրանալ զինվորական հրամանատարական աստիճաններով։ Իսկ ովքեր իրենց ծառայությունն սկսեցին Սիդելնիկովի հրամանատարությամբ, դարձան օրինակելի սպաներ, և բոլորն էլ հետագայում կարևոր պաշտոններ զբաղեցրին զինված ուժերում։
-Խորհրդային զինվորական կրթօջախներ ավարտած սպաները անթաքույց շեշտում են խորհրդային ռազմական դպրոցի առավելությունները։ Ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞վ են մեր ռազմական բուհերը հետ մնում խորհրդային նվաճումներից։
-Գաղափարախոսությամբ։ Եվ ոչ միայն ռազմական բուհերը։ Մեր կրթությունը մի շատ կարևոր բաց ունի՝ չկա գաղափարախոսական առանցք, չկա բարոյա-արժեքային հենք, չկա կրթա-դաստիարակչական գործընթացի միասնականություն ու շարունակականություն։ Խորհրդային ռազմական բուհի շունչն ու ոգին, էությունը, առանցքը ապագա սպայի բարոյական կոդեքսն էր, մենք գիտեինք, որ պիտի բավարարենք շատ բարձր չափանիշներ, որ պարտավոր ենք ու համալրելու ենք հասարակության ամենավերին, ամենահարգված ու ամենապատվարժան խավը։ Ուստի ռազմական բուհում մեզ սովորեցնում էին ամեն ինչ՝ սկսած տարրական բարեկրթությունից։ Մեզ նույնիսկ պարել էին սովորեցնում։
-Գիտեմ։ Մարտի 8-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ տեսա, թե որքան թեթև ու սահուն էիք պտտվում երգչուհի Զարուհի Բաբայանին գրկած։ …Եվ քանի որ անցանք կանանց, եկեք մի պահ ընդհատենք զինվորական թեման և հիշենք այն հեռավոր օրերը, երբ Անդրբայկալում ծառայելիս տեսաք գեղեցկուհի Նադյային։
-Այդ մանրամասները որտեղի՞ց եք գտել։ Լավ տեղեկացված եք։
-Տեղեկացված լինելն իմ մասնագիտությունն է, այլապես չեմ կարող տեղեկացնել մյուսներին։ Խնդրում եմ՝ նաև պատմեք. դժվար չէ՞ր արդյոք ռուս կնոջից հայ ավանդապահ տանտիկին «ստանալը»։
-Ես 22 տարի ապրում եմ նույն կնոջ հետ ու մինչև հիմա չեմ բաժանվել։
-Գովեստի արժանի ձեռքբերում է…
-Որովհետև Նադյան, իրոք, հրաշալի կին է։ Նա շատ լավ ընտանիքից է, խիստ դաստիարակություն է ստացել։ Նադյան լավ տանտիկին է ու արագ յուրացրեց հայկական ավանդույթները։ Ես երախտապարտ եմ կնոջս, որովհետև նա շատ լավ խնամեց մայրիկիս, իրոք, նրան շրջապատեց սիրով ու ջերմությամբ։ Ու մտերիմ է բոլոր հարազատներիս հետ։ Մահացած եղբորս կինը, որը վրացուհի է, գալիս է Երևան և ամիսներով մնում է մեր տանը։ Ինձ համար շատ կարևոր է, որ կինս նվիրված է իմ հարազատներին։ Կինն է տունդ օջախ դարձնում։ Կինն է դաստիարակում զավակներիդ։ Կինն է թիկունքդ ամուր պահում։
-Պարոն գեներալ, ես գիտեմ, որ Դուք Հայաստան եք եկել Ձեր նախաձեռնությամբ, թողել եք բարձր պաշտոնը խորհրդային բանակում, բնակարանը, մեքենան և եկել եք Լենինական երկրաշարժից հետո և ստանձնել եք Լենինականում տեղակայված զորամասի հրամանատարի պարտականությունները։ Ես Ձեզ չեմ հարցնի, թե ինչպե՞ս ծնվեց այդ որոշումը, որովհետև գիտեմ պատասխանը։ Ես Ձեզ չեմ հարցնի նաև այն բախտորոշ ճակատամարտերի մասին, որոնց անձամբ եք մասնակցել։ Ինձ այլ բան է հետաքրքրում. ո՞րն է Ձեր ամենակարևոր բացահայտումը Արցախյան պատերազմից։
-Ես երբեք Հայաստանում չէի եղել, չգիտեի՝ ուր եմ գնում, Հայաստանում ոչ մի հարազատ չունեի… Ես հաճելիորեն զարմացա՝ տեսնելով հայ մարդու տոկունությունը, ապրելու կամքը, լավատեսությունը, հաղթելու անկասելի ուժը։ Իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ես հասկացա, որ երբ միասին ենք, ոչ մի ուժ չի կարող հաղթել մեզ։
-Պարոն գեներալ, Ադրբեջանը զինվում է մեծ արագությամբ, գնելով ավելի հզոր զենքեր։ Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում սպառազինման վրա։ Ի վերջո, գլխաքանակով մեզնից շատ են։
-Եթե Ադրբեջանն ուզում է նոր տարածքներ կորցնել, թող պատերազմ սկսի…
-Պարոն գեներալ, երբ ազատամարտիկներն ասում են՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, Բաքու ենք մտնելու… Ես դա կարող եմ հասկանալ։ Բայց Դուք բարձրաստիճան զինվորական եք, և Ձեր ինքնավստահությունը, իրոք, խանդավառում է ինձ…
-Շատ զենք ունենալը դեռևս արդյունավետ մարտ վարելու երաշխիք չէ։ Ադրբեջանի ունեցած 180 ինքնաթիռներից այսօր սարքին վիճակում են 80-ը, մնացածները բեռ են, մետաղի ջարդոն։ Նույնը վերաբերում է տանկերին։ Ի վերջո, զենքի առատությունը չի որոշում զորքի ուժը։ Ադրբեջանն ավելի շատ զինվում է քարոզչական նպատակներով՝ սեփական ժողովրդի վախը վանելու և մեզ վախեցնելու համար։ Ես մի բան կասեմ հաստատ ու աներկբա՝ մեր բանակը այսօր պատրաստ է անխաթար պահելու հայրենիքի սահմանները և պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունը։
-Ո՞րն եք համարում բանակի ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիներին և ամենամեծ բացթողումը։
-Ամենամեծ ձեռքբերումը կանոնադրային հարաբերությունների հաստատումն է և սպա-զինվոր փոխհարաբերությունը օրինականության դաշտ տեղափոխելը։ Այսօր զինվորը արժեք է սպայի համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բավական է համեմատել 1994-2004-2014 թվականների մահվան ելքով դեպքերի քանակը, և կհասկանանք, թե բանակը որտեղից ուր է հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծապես կարևորում է զինված ուժերում, հատկապես զորքերում միջանձնային փոխհարաբերությունների կատարելագործման խնդիրը։ Նախարարը սեփական օրինակով է ենթակաների նկատմամբ հոգատարություն, ջերմություն ու սրտացավություն հուշում անձնակազմին։
Դանդաղ է կայանում վաշտի (մարտկոցի) հրամանատարների ինստիտուտը, ինչը համարում եմ լուրջ խոչընդոտ մեր առաջընթացի ճանապարհին։
-Պարոն գեներալ, ինչպե՞ս եք տնօրինում ազատ ժամանակը, ինչպե՞ս եք զվարճանում, որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները։
-Շատ եմ սիրում թենիս խաղալ։ Նույնիսկ մարզիչ ունեմ՝ տիկին Գայանեն։ Բանակում ինձ միայն փոխնախարար Նազարյանն է հաղթում։ Մյուսներին ես եմ հաղթում։ Փոքրիկ ուրախություննե՞ր՝ ասում եք… խաղում եմ թոռներիս հետ։ Ակորդեոն եմ նվագում։
-Իսկ ի՞նչ երազանքներ ունի գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։
-Ուզում եմ աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մեկ էլ… առողջություն եմ ցանկանում կնոջս։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий