Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթար. «Ես չեմ ուզում մանրամասն նշել, սակայն 7 գրավյալ տարածքներ կան, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Կարգավորման համար անհրաժեշտ է այս յոթ տարածքների վերադարձը Ադրբեջանին և, ես կարծում եմ, որ Ուորլիքն այն հստակեցրեց: Դա, միանշանակ, մեր դիրքորոշումն է»:
Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին տրված հարցազրույցում նման դիրքորոշումը պայմանավորում է ոչ թե տարածաշրջանի կամ հայկական ու ադրբեջանական կողմերի շահերից ելնելով, այլ պայմանավորում է Ուկրաինայում ընթացող դեպքերի զարգացումով, ինչպես նաև ամերիկյան շահերով:
Այժմ անդրադառնանք պարոն Մորնինգսթարի հարցազրույցին և պատասխանենք հարցադրմանը, թե արդյո՞ք ԼՂՀ կողմից ներկայումս վերահսկվող տարածքներից թեկուզև մեկի հանձնումը կարող է կարգավորման գործընթացին ավելի կոնստրուկտիվ տեսք հաղորդել՝ ներկայիս տարածքային ստատուս-քվոյի համեմատությամբ:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը իրական «շահեկան» մակարդակի բարձրացնելու խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց այն սխալ պատկերացումը, թե ԼՂՀ կողմից վերահսկվող բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի:
Իրականում, թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ շրջանի մի մասի զիջումը չի մեղմացնի և առավել ևս չի բացառի ԼՂՀ-ն զավթելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը: Հակառակը, թեկուզ միայն մեկ շրջանի կամ շրջանի մի մասի զիջումը Ադրբեջանի մոտ առաջ կբերի նոր «պասիոնարություն» և ավելի կոշտ ու ուժային դիրքերի նոր խթաններ, նոր փաստարկներ և նոր «ախորժակ»: Այս ամենը կարող է հանգեցնել կանխատեսելի հետևանքների: Զգալով հայկական կողմի զիջողականությունը՝Ադրբեջանը կսկսի գործել «եթե մենք վերցրել ենք սա, ապա կվերցնենք նաև մնացածը» սկզբունքով, կդիմի 20 տարիների ընթացքում հայերի կողմից «զավթված» տարածքներում հասցված վնասի ընդգծմանն ուղղված ցուցադրական գործողությունների՝ ներկայացնելով այդ վնասի փոխհատուցման պահանջներ, իսկ հայերի կողմից լքված զինադադարի գիծը, արդեն որպես ադրբեջանական թիկունք, ռազմական առումով ԼՂՀ-ի դեմ ավելի վստահ կօգտագործվի ռազմական գործողությունների ձեռնարկման համար, հանձնված տարածքներ վերադարձված բնակչությունը կօգտագործվի ԼՂՀ-ի դեմ «չղեկավարվող», իսկ իրականում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրվող «պարտիզանական պատերազմի», ինչպես նաև ադրբեջանական կողմից դեպի Հայաստան և ԼՂՀ բացված տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիաների դեմ դիվերսիոն գործողություններ կազմակերպելու համար: Հետևելով ներկայիս քարոզչական իներցիային՝Ադրբեջանը համապատասխան բնույթի տարբեր գործողությունների կդիմի, որոնց թվում կարելի է ենթադրել նյութական և բարոյական վնասի փոխհատուցման, ինչպես նաև «ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի ու դրա հետևանքների համար» հայկական քաղաքական գործիչներին ու զինվորականներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցերի ներկայացումը միջազգային դատական մարմիններ: Այն, որ միջազգային հարթակներում նման գործողությունները հատուկ են Ադրբեջանին, հեշտ է համոզվել՝ հիշելով թերևս 2008 թ. դեկտեմբերի վերջին և հետագայում այդ երկրի կողմից ՄԱԿ-ում տարածված զեկույցները:
Թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ շրջանի որևէ հատվածի զիջումը սրման կրիտիկական կետի կհասցնի ներքաղաքական իրավիճակը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում: Հայաստանում և ԼՂՀ-ում ի հայտ կգա ներքաղաքական խմորումների «Ադրբեջանին անհրաժեշտ կրիտիկական զանգված», որից նա կփորձի օգտվել: Այս առթիվ պետք է հիշել 2008 թ. մարտի 3-ին և 4-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինադադարի գծում հայկական Լեվոնարխ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը:
Վերահսկվող տարածքները հօգուտ Ադրբեջանի զիջելու փոխարեն, ԼՂՀ-ին առաջարկելով անվտանգության միջազգային երաշխիքներ և իրավասուբյեկտության միջազգային սահմանափակ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, միջազգային միջնորդները հարվածի տակ են դնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, որը հաստատվելու խորը արմատներ է գցել վերջին 20 տարիների ընթացքում:
Նույնիսկ խորհրդային տոտալիտար կարգերի ժամանակաշրջանում կենտրոնական իշխանությունները չկարողացան ապահովել հայկական բնակչության անվտանգությունը Ադրբեջանական ԽՍՀ-ում: Իշխանության խիստ կենտրոնացված խորհրդային ապարատն օժտված էր անհրաժեշտ բոլոր միջոցների ու մեթոդների զինանոցով, որն ի վիճակի էր արմատապես կասեցնել խորհրդային քաղաքացիների նկատմամբ ցանկացած անօրինական գործողությունները: Սակայն այդ ապարատը ի վիճակի չգտնվեց ժամանակին արձագանքելու հայերի զանգվածային սպանություններին ու էթնիկ զտումներին Ադրբեջանական ԽՍՀ-ում, նրանց պարփակ բնակության վայրերում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և խորհրդային հանրապետության այլ քաղաքներում, որոնցում գործում էին խորհրդային իշխանության այնպիսի մարմիններ, ինչպիսիք էին պետական անվտանգության շրջանային ու քաղաքային կոմիտեները, ներքին գործերի մարմինները, ներքին զորքերի ստորաբաժանումները և ԽՍՀՄ այլ ուժային մարմինները: Հաշվի առնելով այս փորձը՝ ԼԵռնային Ղարաբաղի հայերը և 1988-1991 թթ. իրենց բնակության հարազատ վայրերը ստիպողաբար լքած ազգությամբ բոլոր հայերը բոլոր հիմքերն ունեն անվստահությամբ վերաբերվել առաջարկվող անվտանգության միջազգային երաշխիքներին: Առավել ևս լավ հայտնի է, որ միջազգային միջնորդները հաճախ պարզապես ի վիճակի չեն կատարել իրենց խնդիրները /հիշենք թեկուզ նախկին Հարավսլավիայի տարածքում ռազմական բախման ընթացքում տեղի ունեցած Սրեբրենիցայի ողբերգական օրինակը/:
1995 թ. փետրվարի 6-ին հակամարտության բոլոր երեք կողմերի ստանձնած Զինադադարի ռեժիմի ամրացման համաձայնագիրը չի կատարվում, և ավելին, Ադրբեջանը մտադիր չէ կատարելու նաև միջնորդների կողմից առաջարկված այսպես կոչված վստահության ամրապնդման միջոցառումները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները /Ռուսաստան, Ֆրանսիա/ և փոխարտգործնախարարը /ԱՄՆ/ 2008 թ. դեկտեմբերի 4-ին Հելսինկիում կայացած հանդիպման հայտարարության մեջ հակամարտող կողմերին առաջարկեցին զինադադարի գծից հեռացնել դիպուկահարներին: Ադրբեջանը խախտեց վստահության ամրապնդման նույնիսկ այս միջոցառումը:
Շարունակելով այս գործելաոճը՝ Ադրբեջանը դարձավ իր իսկ չմտածված գործողությունների պատանդը, որոնք ներկայիս փուլում տեղ չեն թողնում հակամարտության հիմնական կողմերի միջև անհրաժեշտ վստահության ձեռքբերման համար: Այս առթիվ կարելի է հիշատակել ադրբեջանական բնակչության ԼՂՀ վերադարձին ուղղված Ադրբեջանի ջանքերը: Ի պատասխան այս ջանքերի ԼՂՀ-ն հայտարարում է, որ նա սկզբունքորեն ճանաչում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, սակայն դրա հետ մի շարք ռիսկեր են կապված. քանի դեռ ստեղծված չէ վստահության մթնոլորտ ղարաբաղյան ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, կարող է կործանարար լինել խաղաղ գործընթացի համար: Հակամարտության գլխավոր կողմերի՝ ԼՂՀ և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտը կարգավորման ներկայիս փուլի այս և մի շարք այլ հարցերում ձեռքբերելի չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անզիջում կոշտ դիրքորոշումը հայ փախստականների վերադարձի վերաբերյալ բնակության իրենց նախկին վայրերը՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ և Ադրբեջանի այլ բնակավայրեր:
Այժմ անդրադառնանք, թե որոնք են Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված ուժերի տարածաշրջանային հավասարակշռության հիմնական տարրերը:
1994 թ. ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ձեռք բերված զինադադարի պահպանումը հնարավոր չէ՝առանց ԼՂՀ Զինված ուժերի: Հակամարտության գոտում բացակայում է այն արտաքին ուժը, որն իր ռեսուրսներով կիրականացներ զինադադարի ապահովումը և հակամարտության կողմերին զերծ կպահեր ինտենսիվ ու լայնածավալ մարտական գործողություններից: Տարածաշրջանում առավել մարտունակ ԼՂՀ բանակի առկայությունը դարձավ այն անհրաժեշտ տարրը, որն ապահովեց հակամարտության գոտում խաղաղարար առաքելության տեսքով արտաքին զինուժերի ներգրավվածության բացառումը:
Մինչև Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ծավալումը ԼՂՀ նախնական սահմանների շուրջ ձևավորվել է տարածական գոտի՝ Դաշտային Ղարաբաղի վերահսկվող տարածքների տեսքով /պատմական հայկական Արցախի տարածք/: Տվյալ տարածքը ԼՂՀ կողմից վերահսկվում է՝հաշվի առնելով սեփական անվտանգության ապահովումը և հակամարտության սրման դեպքում՝ագրեսորին պատժելու անհրաժեշտությունը: Այդ տարածքի կարգավիճակը որոշված է ԼՂՀ Սահմանադրությամբ, որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ փաստացի գտնվող տարածքներ» /հոդված 142/:
Աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական տեսանկյուններից՝Կովկասում անվտանգության ու խաղաղության պահպանման համար որպես անփոխարինելի «նյութական» ռեսուրս ծառայելու առումով, այս տարածքների յուրատիպությունն ընդհանուր առմամբ աննախադեպ է: Ավելին, ակնհայտ է, որ արտաքին ուժերի կողմից Ղարաբաղյան Հակամարտության գոտին տարբեր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նախագծերում ընդգրկելու իրողությունը պայմանավորված է հենց այդ տարածքների առկայությամբ, իսկ ավելի ճիշտ՝ հայկական զինված ուժերի կողմից դրանց վերահսկմամբ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության յուրատիպությունն այն է, որ ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, ԼՂՀ-ն հանդիսանում է ոչ թե սպառող, այլ՝ արտադրող:
Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության աշխարհատնտեսական նշանակությունը և տվյալ հավասարակշռության պահպանման մեջ ԼՂՀ դերը ոչ պակաս էական են: Եթե, օրինակ, հարավօսական հակամարտության «ապասառեցման» վերջին փորձը ցույց տվեց, որ հակամարտության պրոյեկցվող ռիսկերը կարող են հանգեցնել տարածաշրջանային խողովակային ու տրանսպորտային ուղիների սահմանափակմանը, կասեցմանը կամ մասնակի վերակողմնորոշմանը, ապա Ղարաբաղյան Հակամարտության գոտում նման սցենարի պարագայում արտաքին ու տարածաշրջանային դերակատարներն արդեն կբախվեն նման ուղիներին հասցված անվերադարձ վնասին, դրանց երկարաժամկետ կանգին կամ լիովին վերակողմնորոշմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «դատապարտված է» իր պետականության կառուցման գործընթացը շարունակելու, իր ներկայիս սահմաններում տարածքները բնակեցնելու և այնտեղ համապատասխան ենթակառուցվածքները ձևավորելու: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ինչը միայն կարող է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին հաղորդել կոնստրուկտիվ ու իրական լուծմանը միտված բնույթ:
Ժաննա Արթուրի
Комментариев нет:
Отправить комментарий