суббота, 10 мая 2014 г.

«…ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ»

Ժողովրդի մեջ առավելապես ԿՈՄԱՆԴՈՍ պատվանունով հայտնի գեներալը 22 տարի առաջ հմուտ ղեկավարում էր հայոց մշակույթի հնամենի ոստան, իսկ 20-րդ դարավերջին մեր ոխերիմ հարևանների կողմից օձերի բույնի վերածված Շուշի քաղաքի՝ իր իսկ մասնակցությամբ մշակված ազատագրական գործողության մարտերը: Գործողությունը, որ կոչվում էր «Հարսանիք լեռներում», առանց դույզն-ինչ երկմտելու, կարելի է դասել հայոց ազատամարտի լավագույն մարտական գործողությունների շարքը:

«...ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԲԱՔՎՈՒՄ»-Ինչու՞ «Հարսանիք լեռներում»,- հարցնում եմ սիրված գեներալին:

-Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը,- ասում է գեներալն ու շարունակում:- Համակերպվել ստեղծված իրավիճակին, նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից, պաշտպանության պետական կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր կամ հնարավոր՝ Ղազանչեցոց հնամենի եկեղեցին, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր: Եվ ահա ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղե՛րք, վախենամ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, – մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:
-Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:
-«Հա՛, կամուսնանա՛մ, հարսանիքս էլ Շուշիում կանենք»,- ժպտալով պատասխանեց նա:
Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում»:
Վազգենի հարսանիքը Շուշիում, ցավոք, չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը հակառակորդից կրկնակի անգամ պակաս մարդուժով, զենք-զինամթերքով, փոքրաթիվ զոհերով կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, հայերիս մեջ ամրապնդեց նույնիսկ անհավատալի պայմաններում հաղթելու կամքը, մեր զինվորն ու սպան վերջնականապես ձերբազատվեցին պապերից տխուր հիշատակ մնացած պարտվողի բարդույթից, իսկ վերջին 70 տարում հայաթափված քաղաքը վերստին իր գիրկն ընդունեց Շուշիի իսկական տերերին, նորից ղողանջեցին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը, կյանքը մտավ բնականոն հուն, բացվեց Արցախը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը։ Ի դեպ, այդ գործողության պլանը հաստատել է Արցախի պաշտպանության պետական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը-, եզրափակեց լեգենդար զորահրամանատարը։
Գեներալի հետ իմ հանդիպման ժամանակ ես հարցրի՝ հիշո՞ւմ եք 1994թ. մայիսի 12-ը:
Կոմանդոսը բազմանշանակ ժպտալով պատասխանեց. «Մի՞թե այդպիսի օրերը մոռացվում են։ 20 տարի առաջ այս օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած հակառակորդին ծնկի իջնել։ Տեսնելով, որ մենք անպարտելի ենք, ու իրենց հիմար չարաճճիությունները կարող են ավարտվել Բաքվում, նրանք աղաչանք-պաղատանքներով դիմեցին Ելցինին, Նազարբաևին, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարներին՝ հանդես գալու որպես հրադադարի միջնորդներ։ 1994 թվականի այս օրը մենք ուժեղին հատուկ ներողամտությամբ ու մեծահոգաբար համաձայնեցինք դադարեցնել մարտական գործողությունները»։

-Դուք ճի՞շտ եք համարում այդ մեծահոգությունն ու համաձայնությունը,-հարցնում եմ։

-Որպես զինվորական, ես իրավունք չունեի, այսօր էլ չունեմ քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց որպես մարդ, քաղաքացի, գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ մենք չէինք նախահարձակը, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը։ Սկզբում մենք ո՛չ պատրաստ էինք պատերազմելու, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեինք։ Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին վայելելու նաև պատերազմի դառը պտուղները։ Ինչի՞ վրա էին հույսները դրել, խորհրդային բանակի՞, իրենց ունեցած մեծաքանակ մարդուժի՞, զենք-զինամթերքի՞, թուրքական ու մահմեդական մյուս պետությունների օգնության ու Աֆղանստանում ու Չեչնիայում վայրենություններ գործած վարձկաննե՞րի։ Բայց չէ՞ որ պատերազմների պատմությունը սովորեցնում է, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան՝ ուրիշի ունեցածը խլել փորձելը։ Այդ ո՞ր զավթիչն է երկարատև հաջողություն ունեցել, որ իրենք ունենային։ Ինձ մնար, ես պատերազմը կշարունակեի բուն Ադրբեջանի հողում, որից հետո կքաշվեի այն սահմանները, որ մենք աներկբա հնարավորություն ունեինք պահելու։ Իսկ որ 1994 թվականին մենք դա կարող էինք, անկասկած է, քանի որ կրած պարտությունները լիովին կազմալուծել էին ադրբեջանական այդպես էլ չկայացած բանակը, իսկ Արցախի բանակն օր օրի ավելի էր հզորանում, ղարաբաղցիներն էլ, ինչպես միշտ, պատրաստ էին շարունակելու հաղթական կռիվները։ Բացի այդ, եթե մենք շարունակեինք մեր ազատագրական պայքարը, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները՝ թալիշներ, լեզգիներ, ուդիներ, քրդեր…Մի խոսքով, Ադրբեջանը կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա։

-Արկադի Իվանիչ, հայտնի է, որ պատերազմի ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում ղարաբաղցիներն ադրբեջանցիներին զիջում էին թե՛ կռվողների թվակազմով և թե՛ զենքի ու զինամթերքի քանակով։ Ի՞նչ հրաշքով մենք հաղթեցինք։

-Духом, духом,- ռուսերենով պատասխանում է գեներալն ու ավելացնում.- Հիշու՞մ ես` ի՞նչ էին ասում կռվողներն իրար՝ մեկին չորսը, ով խփվի, դավաճան է։ Այո՛, մեր մեկ զինվորը կռվում էր թշնամու չորսի դեմ ու հաղթում։ Հաղթում էինք, որովհետև մեր տունուտեղն էինք պահում, մեր հողը։
Ադրբեջանցիները իրականում տրամադրված չեն կռվելու, կռիվն այդ երկրի ոչ լեգիտիմ իշխանություններին է պետք, նրանք խաղում են իրենց ժողովրդի զգացմունքների հետ, իսկ զինվորը, եթե տատանվեց, ստիպողաբար կռվի գնաց, կլինի այնպես, ինչպես եղավ…

-Ուզում եք ասել՝ ճի՞շտ էր նրանց վաղամեռիկ վերլուծաբան Էլմար Հուսեյնովը, որ ասում էր՝ քոչվորը չի կարող հող պաշտպանել։

-Միանգամայն, դրա համար էլ Ադրբեջանում եզակի ճշմարտախոս այդ տղան իր երկրի ծայրահեղ ազգայնականների կողմից սպանվեց։

-Պարոն գեներալ, այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մերին, նրանք սկսել են զենք-զինամթերք արտադրել, նույնիսկ պատրաստվում են ուղղաթիռներ թողարկել և սեփական կարիքները բավարարելուց բացի, վաճառել։ Չե՞ք կարծում, որ վաղը, մյուս օրը նրանք ռևանշի կդիմեն ու մեզ կկանգնեցնեն փաստի առաջ։

-Բոլորովի՛ն,- կտրուկ պատասխանում է գեներալը,- Ադրբեջանն այդպես էլ բանակ չունեցավ, իրենք էլ դա լավ գիտեն։ Շատ փողը դեռ բանակ չէ, մանավանդ հայտնի է, թե այդ փողերն ինչպես են ծախսվում։ Նրանց գեներալները փաստացի էժան, բայց թղթի վրա թանկ ձևակերպումներով գնեցին ու իրենց մոտ տեղափոխեցին ուկրաինական բանակի կողմից դուրս գրված ողջ «տեխնիկան»։ Բերեմ միայն մեկ օրինակ՝ լրիվ նոր «ՄԻԳ» կործանիչները Ռուսաստանը վաճառում է 33 միլիոն դոլարով, իսկ մեր հարևան «խելոքները» տասնյակ տարիներ շահագործված, դուրս գրման ենթակա նույն ինքնաթիռները ուկրաինացիներից գնել էին 29 միլիոնով ու ձեռքը կրակն ընկել։ Այս էլ որերորդն իր թռիչքն ավարտեց օդում պայթելով։ Պատահական չէ, որ այս փաստերին հետամուտ նրանց օդուժի գլխավոր հրամանատար գեներալը գնդակահարվեց իր տան մոտ։ Բացի այդ, թե՛ հայր և թե՛ որդի Ալիևների հոխորտանքները միայն բլեֆ են, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու, միլիարդավոր նավթադոլարները լափելու միջոց։ Ադրբեջանցիները լավ են հասկանում, որ պատերազմի վերսկսումը կավարտվի Բաքվում։ Ինչ վերաբերում է ինձ, ես կասկած չունեմ…

- Արկադի Իվանիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարբեր ամբիոններից բազմիցս ասել և շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու:

-Խոսել նա սիրում է: Ավելին՝ նրանց ավագ եղբայր թուրքերն էլ են մեխանիկորեն դա կրկնում։ Դե, նրանց ախորժակը ժամանակին լիուլի բավարարվել է, պարզապես մոռացել են, որ հիմա 1915 թվականը չէ… Այդ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ դեմքը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ո՛չ ավելին: Գիտե՞ք, կա հասարակ դարձվածք՝ «Ցանկանալը վնաս չէ»: Տվյալ դեպքում այլ կերպ չես էլ ասի: Կարելի է թափահարել բռունցքները: Սակայն, եթե այնտեղ փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց զավթողական արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է՝ նրանց ներուժը միշտ էլ ավելի մեծ է եղել ե՛ւ անձնակազմի, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ սպառազինության առումով: Այդպես է եղել նաեւ 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին: Կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ մնացած ավելի քան 11 հազար վագոն սպառազինությունը քի՞չ էր: Սակայն այն ժամանակ Ադրբեջանն իր նպատակներին չկարողացավ հասնել: Չի կարողանա եւ հիմա ու նաև տեսանելի ապագայում: Մենք կարծում ենք, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրանում վստահ է ամեն մի հայ, քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող անհատ…

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Սրտանց շնորհավորելով Արկադի Տեր- Թադեւոսյանին ծննդյան 75 -ամյակի առթիվ, մաղթում ենք սիրելի գեներալին առողջություն, անսահման երջանկություն եւ նվիրական իղձերի իրականացում։

Комментариев нет:

Отправить комментарий