вторник, 14 января 2014 г.

Ճիշտ քարտեզի անհրաժեշտությունը


Երկու օր առաջ ամուսինս ու ես սկայպով խոսում էինք Ռուսաստանում ապրող բարեկամների հետ: Խոսում ենք Քարվաճառից' մեր բնակավայրից: Բարեկամները հարցնում են, թե ինչպես կարելի է հասնել Քարվաճառ, ինչպես է կյանքն այստեղ եւ այլն: Ճանապարհներից խոսելիս շատ արագ պարզ դարձավ, որ այս մարդիկ խոսում են ըստ խորհրդային քարտեզի, երբ Արցախի ազատագրված շրջանները դեռեւս ազատագրված չէին ու բռնակցված էին Ադրբեջանին:
«Իսկ Քարվաճառը Մայր Հայաստանի հետ սահման ունի՞, իսկ Զոդի լեռները հիմա մե՞րն են, բացի Լաչինից /Բերձորից Թ.Գ./ էլի՞ ճանապարհ կա դեպի Ղարաբաղ /Արցախ Թ.Գ./, իսկ Սյունիքում դիրքապահներ չկա՞ն»… Այսպիսի հարցեր լսելն առաջին պահին զարմանք, ապշանք, անգամ ծիծաղ առաջացրին ինձ մոտ: Ի՞նչ է նշանակում' «Քարվաճառը մե՞րն է», իհարկե, մերն է, չգիտե՞ք, որ Քարվաճառը հայոց միջնաբերդ է, կամ «Բացի Լաչինի բարակ գծից էլի ճանապարհ կա՞ դեպի Արցախ»… բայց հաջորդ պահին գիտակցում եմ, որ սա ընդհանրապես ծիծաղելի չի, որ սա իրականում մեծ խնդիր է… Ցավոք, այսպիսի հարցադրումներ հաճախ են հանդիպում, ու սա միակ դեպքը չի:
Ամուսինս ուղարկեց ճիշտ, Հայաստանի այսօրվա իրական սահմաններով քարտեզն ու բացատրեց, թե ինչքան է հիմա Հայաստանը, որ ճանապարհը որտեղով է անցնում: «Փաստորեն ամբողջ Արցախը մեր ձեռքի՞ն ա», ուրախացել էին մեր զրուցակիցները' մեծ բացահայտում անողի նման:
Արցախի ազատագրումից անցել է արդեն քսան տարի, սակայն շատ մարդկանց մեջ դեռեւս խորն արմատավորված է խորհրդային քարտեզը, երբ դեռ հայ զինվորի արյան գնով դեռ չէին ազատագրվել Քարվաճառը (Քելբաջար), Բերձորը (Լաչին), Սանասարավանը (Ղուբաթլու), Վարանդան (Ֆիզուլի), Մեխակավանը (Ջաբրայիլ)… Եթե այս քսան տարիների ընթացքում հեռուստատեսությամբ եւ մեդիայի այլ միջոցներով օգտագործվեր միայն ճիշտ քարտեզ, եթե քսան տարիների ընթացքում համարձակ ու նպատակաուղղված բնակեցված լինեին Քարվաճառն ու Քաշաթաղը, ոչ մի հայ այսօր չէր շփոթի մեր իրական սահմաններն ու ոչ ոք թերահավատորեն ու վախեցած չէր նայի այն մարդկանց, ովքեր որոշում են բնակվել Ազատագրված Հայրենիքում:
Այսօր էլ դեռ ուշ չէ. ամենքս մեր մտքում տեր կանգնենք մեր հայրենիքի ազատագրված այս կտորին, ճանաչենք ու իմանանք մեր հայրենիքի տեղը, օգտագործենք ու հիշենք ճիշտ քարտեզը, որպեսզի գոնե սրանից քսան տարի անց ոչ ոք չզարմանա, որ Արցախը մերն է, որ Քարվաճառը Մայր Հայաստանին կպած է ու նրա մեջ, եւ որ Քարվաճառը սահմանից հեռու մոտավորապես 60 կմ ու այստեղ վաղուց արդեն քրդեր ու թուրքեր չեն ապրում…
Թամարա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий