ՀՀ կառավարության անդամները Ամանորին ընդառաջ այցելում են ՊՆ տարբեր զորամասեր: Զինծառայողների հետ արդեն հասցրել են հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տոներին ընդառաջ այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային, զորամասի պայմաններին: Նա շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
«Կառավարության բոլոր անդամները զորամասերում են՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետև մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք: Մի կողմից դա պարտականություն է, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որովհետև շնորհիվ ձեր ծառայության՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով տոնելու է իր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունը լինի անվտանգ, որպեսզի պատվով կատարեք ձեր առջև դրված խնդիրները և վերադառնալով ձեր օջախներ՝ անցնեք մեկ այլ կարևոր գործի՝ ծառայել մեր ժողովրդին»,- հավաստիացրել է վարչապետը:
Վարչապետը նաև նշել է, որ նոր տարում հայկական բանակը համալրվելու է նոր սպառազինությամբ. «2013 թվականը բարդ և լարված աշխատանքի տարի էր: Այս տարի մենք մի կողմից ապահովել ենք, որը բանակին մատակարարվող սպառազինությունը լինի ժամանակակից, անհրաժեշտ ծավալներով, մյուս կողմից, որպեսզի մեր զինվորի պրոֆեսիոնալիզմի աստիճանը բարձրանա: 2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռևս չենք ունեցել, որովհետև պարտավոր ենք ձեզ զինել այնպիսի զինամթերքով, որն ապահովելու է բանակի մարտունակությունը, միևնույն ժամանակ, ձեր առջև դնելու է նոր խնդիրներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն օրվա ավարտին նաև ճաշել է զինծառայողների հետ:
Տարբեր զորամասերում իրենց օրը զինծառայողների հետ են անցկացրել նաև Էդվարդ Նալբանդյանը, Սերգո Կարապետյանը: Նրանք նույնպես շնորհավորել են զինծառայողներին`մաղթելով խաղաղ ծառայություն:
Комментариев нет:
Отправить комментарий