Մինչ Ժնևում ընթանում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական քննարկումները, Իրանը հայտարարում է «մակերևույթ-օդ» տիպի միջին հեռահարության հրթիռների սերիական արտադրության հիմնադրման մասին։
Իրանի պաշտպանության նախարարը ցույց է տալիս «Սայադ-2» հրթիռները
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Իրանում նոյեմբերի 9-ին «Սայադ-2» նոր հրթիռների արտադրություն է հիմնվել, որի հանդիսավոր բացումը կատարել է պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանը։ Նա հայտարարել է, որ նոր համակարգը թույլ է տալու պաշտպանել Իրանն օդային հարձակումներից։ Դրանք ունակ են լինելու ոչնչացնել ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, այլ օդային թիրախներ։
Հրթիռն ունի պինդ վառելիքով շարժիչ, ղեկավարման համակցված համակարգ, բարձր օպերատիվություն։ Օժտված է ռադիոէլեկտրոնային խոչընդոտների հակազդման համակարգով։
Նշենք, որ «Սայադ-2» հրթիռներն արտաքինից նման են ամերիկյան արտադրության հականավային РК Standard MR-1 հրթիռներին։ Այդ տիպի հրթիռներ Իրանը ստացել է ԱՄՆ-ից շահական ժամանակաշրջանում։
Համաձայն իրանական «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների՝ նոր հրթիռները լինելու են «Սայադ-1»-ի արդիականացված տարբերակը, որոնք օժտված են լինելու ավելի դիպուկ խոցելու հատկությամբ։ Նույն աղբյուրը գրում է՝ հրթիռն ունի ավելի քան 100 կմ հեռահարություն, 1200 մ/ժ թռիչքի արագություն, 200 կգ մարտական կշիռ։
Բացի այդ, նախարարը խոսել է հակաօդային պաշտպանության համակարգի տեղական արտադրության մասին։ Համակարգը կրում է «Թալաշ» անունը։ Նախարարի հայտարարության համաձայն՝ այն ունակ է ոչնչացնել կործանիչներ ու ռմբակործիչներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ։ Դրա արտադրությունը մեկնարկելու է առաջիկայում։
Իրանական Press-TV հեռուստաալիքի վկայությամբ՝ ավելի վաղ Իրանը փորձարկել է 1300 կմ ազդեցության շառավիղով «Շահաբ-3» հրթիռներ, որոնք, ըստ Իրանի, ունակ են «խոցել Իսրայելը»։
Նկատենք, որ ռազմական փորձագետները բազմիցս նշել են՝ Իրանը հակում ունի սեփական ռազմական ձեռքբերումները չափազանցնելու։
Հավելենք, որ նույն օրը Ժնևում ավարտվել են միջուկային ծրագրի շրջանակներում բանակցությունները Թեհրանի և «Վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) պատվիրակությունների միջև։ Նախնական տվյալներով՝ կողմերը հստակ համաձայնություններ ձեռք չեն բերել։ Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին։
Комментариев нет:
Отправить комментарий